Այսօր ցերեկը «Երեւան ՄՈԼ»-ի աշխատակիցները տարհանվել էին: Պատճառը շենքի տարածքում ականներ տեղադրված լինելու մասին ահազանգն է եղել, որ ստացվել է «Երեւան ՄՈԼ»-ի էլեկտրոնային փոստով:
Մինչ ԱԻՆ-ի եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները շենքի տարածքում գործողություններ էին կատարում, «Երեւան ՄՈԼ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօր ցերեկը անհայտ բաժանորդից մեր ընդհանուր մեյլի վրա ռուսերենով հաղորդագրություն է ստացվել, որ տեղադրված են երեք ականներ, որոնք կգործեն օրվա ընթացքում: Անմիջապես այդ մասին հայտնեցինք համապատասխան մարմիններին, տարհանեցինք անձնակազմին եւ այցելուներին: Հիմա ներսում ոստիկանության եւ ԱԻՆ-ի մասնագիտացված ծառայությունների կողմից զննություն է կատարվում»:
Նա նաեւ ավելացրեց, որ առեւտրի կենտրոնի այսօր աշխատելու հավանականությունը կախված կլինի հատուկ ծառայությունների մասնագիտական գործողությունների արդյունքից:
Վազրիկ Սեկոյանը Aravot.am-ին տեղեկացրեց նաեւ, որ Երեւան ՄՈԼ-ն ունի անվտանգության իր ծառայությունը, որը գործում է շուրջօրյա եւ պարտադիր շրջայցեր է կատարում տարածքում:
Կարդացեք նաև
ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն՝ «Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ