Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնց. COVID-19-ի մարտահրավերը հաղթահարելու առաջին պարտադիր նախապայմանը համախմբված և համերաշխ լինելն է

Հուլիս 01,2020 16:46

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը ՀՀ կառավարության հարթակում` COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության վերաբերյալ

Հարց․ Հետաքրքիր է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային ի՞նչ փոխգործակցություն կա, ի՞նչ ուղղություններով է այն ընթանում և ի՞նչ արդյունքներ է տալիս։

Պատասխան․ Այսօրվա միջազգային հարթակում համար առաջին մարտահրավերը նոր տիպի կորոնավիրուսը կամ COVID-19-ը և դրա հաղթահարումն են: Միջազգային համատեքստում, COVID-19-ի մարտահրավերը հաղթահարելու առաջին պարտադիր նախապայմանը համախմբված և համերաշխ լինելն է։ Սրանք պաթոսային խոսքեր չեն, դրանց մեջ կա շատ հարուստ և շատ պրակտիկ բովանդակություն, որի արդյունքները մենք այսօր զգում ենք, շոշափում ենք նաև Հայաստանում։

Եթե մանրամասն ներկայացնեմ, թե ով, որ երկիրը, որ կառավարությունը և որ միջազգային կազմակերպությունը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ մեր եթերի ժամանակը չի բավարարի, բայց դրա քարտեզը բավականին լայն է․ Միացյալ Նահանգները, Եվրոպական Միության անդամ և ոչ միայն անդամ երկրները, օրինակ՝ Շվեյցարիան կամ Սերբիան, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան տրամադրել են պաշտպանիչ միջոցներ, պարագաներ, դիմակներ, բժշկական այլ պաշտպանիչ պարագաներ և տեխնիկական միջոցներ, օդափոխիչ սարքեր, դեղորայք և այլն։

Օրինակ, Հնդկաստանն առաջին փուլում մեզ ուղարկեց դեղորայք, որը բավականին դժվար էր ձեռք բերել։ Չինաստանի օգնությունը բավականին բազմապրոֆիլային էր` թե բժշկական պարագաներով և թե այն տեխնիկական, ադմինիստրատիվ օգնությամբ, որ ցուցաբերվեց չինական իշխանությունների կողմից։ Եվրոպական միության կողմից տրամադրված աջակցության պարագայում  կարող եմ նշել 3 մլն արժողությամբ ծրագիրը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով` տեղափոխվեց Հայաստան Չինաստանից։ Եվ, իհարկե, Եվրոպական միության 92 մլն արժողությամբ փաթեթը, որի նպատակն է հաղթահարել ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաև դրա սոցիալ-տնտեսական հետևանքները: Այդ փաթեթը ենթադրում է նաև բյուջետային աջակցություն, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին և քաղաքացիական հասարակությանը։

Հարց. Ձեր նշած 92 մլն եվրոյի աջակցությունն արդեն ամբողջությամբ փոխանցվե՞լ է, թե դեռ ընթացքի մեջ է։

Ավետ Ադոնց. Ամբողջությամբ իրականացվել է այդ 3 մլն եվրո արժողությամբ արագ արձագանքման ծրագիրը, 92 մլն եվրոյի ծրագիրը հետևողական գործընթացի արդյունք կլինի, բայց ես չեմ ասում, որ դա մի տարի կամ տարիներ կտևի, այսինքն՝ արագ, բայց այնուամենայնիվ՝ դեռ ոչ։

Հարց. Պարոն Ադոնց, այս օրերին եվրոպական մի շարք երկրներից՝ Լիտվայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հայաստան են գալիս բժիշկներ։ Սրանք այս երկրների կառավարությունների նախաձեռնությու՞նն են, թե Եվրամիությունը՝ որպես կառույց, մեծ դեր ունի այս ամենի մեջ։

Ավետ Ադոնց. Սա Եվրոպա թիմի աշխատանքի արդյունք է, որը համակարգում է Բրյուսելը՝ ունենալով ԵՄ այս կամ այն անդամ երկրից առաջարկություն։ Մենք հայտնել ենք Բրյուսելին, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն՝ բժիշկների աջակցության: Անմիջապես արձագանքեցին Լիտվան, Իտալիան և այժմ քննարկվում է գերմանացի բժիշկների ժամանման հնարավորությունը: Երկրորդ ձևաչափը, իհարկե, անձնական կամ մասնավոր նախաձեռնություններն են. օրինակ՝ մասնավոր նախաձեռնությունների արդյունքում այսօր Հայաստանում են ֆրանսիացի, ռուս բժիշկների թիմերը։

Հարց․ Պարոն Ադոնց, եվրոպական այսքան մեծ աջակցությունը պայմանավորվա՞ծ է Հայաստան-ԵՄ լավ փոխհարաբերություններով, թե սրա վրա նաև ազդում է Հայաստանում կորոնավիրուսային ծանր իրավիճակը։

Ավետ Ադոնց․ Նախ և առաջ ոչ միայն Եվրոպական Միության, այլ նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, օրինակ՝ Պարենի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի, բոլոր աջակցության ծրագրերը, որոնք առաջարկվել են մեզ և իրականացվել են Հայաստանում, կրում են բարեկամական բնույթ։ Իսկ եթե Ձեր հարցը վերաբերում էր մասնավորապես ԵՄ-ին, ապա ԵՄ-ի հետ մենք վստահելի գործընկերներ ենք և ԵՄ-ն մեր և՛ քաղաքական, և՛ առևտրա-տնտեսական ամենակարևոր գործընկերներից է։

Հարց․ Արևելյան գործընկերության ղեկավարների և արտգործնախարարների հեռավար գագաթաժողովն էր։ Ինչքանո՞վ էր այն արդյունավետ, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրա արդյունքում։

Ավետ Ադոնց․ Գիտեք, այն ոչ թե գագաթաժողով էր, այլ բարձր մակարդակի տեսակոնֆերանս։ Իհարկե արդյունավետ էր, իհարկե այդ երկխոսությունն անհրաժեշտ էր։ Օրակարգում, իհարկե, առաջին հերթին COVID-19-ն էր և դրա հաղթահարումը, ինչպես նաև, անշուշտ, Արևելյան գործընկերության առաջնայնությունների քննարկումը։ Քանի որ այս բարձր մակարդակի հանդիպումն անցկացվում էր տեսակապի միջոցով, որոշում կայացվեց, որ դեկլարացիա կամ վերջնական փաստաթուղթ չի ընդունվի այս անգամ և այն կիրականանա մյուս տարվա սկզբում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031