Այսօր դատարանը քննեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ, որի լիազորությունները այլ գործով կասեցված են, փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որն առնչվում էր Դավիթ Սանասարյանի կողմից մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշմանը: Դատական նիստը տեղի ունեցավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ:
Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանին ներկայացրեց, որ նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ վրաերթի հանգամանքը հաստատվել է։ Պարոն Աթանեսյանի խոսքով, նախաքննության ընթացքում նշանակվել է մեկ այլ փորձաքննություն, որի եզրակացությունը, սակայն բավարար չափով պարզ չէ, ուստի, նրա համոզմամբ, անհրաժեշտ է նշանակել նոր փորձաքննություն, որը կիրականացնի մեկ այլ փորձագետ:
Պաշտպանը վստահեցրեց, որ նախորդ փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալներն ամբողջական չեն, հատկապես՝ ավտոմեքենայի արագության վերաբերյալ տվյալները, որոնք վերցվել են Դավիթ Սանասարյանի՝ որպես վկա տված ցուցմունքից. «Բացի այդ փորձագետը նշել է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոմեքենան դուրս է եկել կամարանցումից, մինչդեռ դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ վրաերթը տեղի է ունեցել կամարանցման եզրին»:
Տիգրան Աթանեսյանի խոսքով, փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ տվյալ իրադրության համար կիրառման է ենթակա Ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետը, մինչդեռ նշված կամարանցումով մուտք է կատարվում բնակելի գոտի եւ այս դեպքում, կիրառելի է 119-րդ կետը, որի համաձայն բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթեւեկելի մասով:
Կարդացեք նաև
«Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն իրենք չպետք է խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթեւեկությանը։ Այսինքն՝ տվյալ դեպքում վարորդից պահանջվել է առավել զգոնություն, քանի որ նա մուտք է գործել բնակելի գոտի, գտնվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում»,-ասաց Տիգրան Աթանեսյանը՝ կարծիք հայտնելով, որ տվյալ փորձագետը տասնամյակների վաղեմություն ունեցող գրականությունից է օգտվել։
Քննիչը պատասխանելով դատավորի հարցին՝ ինչո՞ւ հակասություններ կան ելակետային տվյալներում, ասաց, որ ամբողջ ելակետային տվյալները, ինչպես նաեւ քրեական գործը տրամադրվել է փորձագետին, որն ուսումնասիրել է ողջ քրեական գործում եղած տվյալները եւ, եթե որեւէ հակասություն լիներ, փորձագետը միջնորդություն կներկայացներ վարույթն իրականացնող մարմնին: Ինչ վերաբերում է գրականության հին լինելուն, քննիչն ասաց, որ այդ գրականությունն օգտագործվում է ամբողջ աշխարհում, որեւէ բան չի փոխվել:
Բողոքի քննությունը հետաձգվեց. կշարունակվի հուլիսի 13-ին՝ ժամը 10։00-ին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ