Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 1-ի նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Արմեն Բիլյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա և հինգ ժամով ամբաստանյալ Արմեն Բիլյանին հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
Ընդմիջումից հետո, սակայն, դատարանը բավարարեց նրա պաշտպանների միջնորդությունը վերադարձնել նրան դատական նիստերի դահլիճ՝ վստահեցնելով, որ այսուհետ կդրսևորի պատշաճ վարքագիծ:
Դատական նիստին հարցաքննվեց «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործով ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ ՊՊԾ գունդ մտնելու պահին չի իմացել, թե որ մեքենայի մեջ է ամբաստանյալ Արմեն Բիլյանը:
Նա իր և սպանված Գագիկ Մկրտչյանի հանդիպման մասին հետևյալ դրվագը պատմեց. «Մենակ եմ եղել, տեսա զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանին: Հրապարակը որ կար, քարե եզրաքարին նստած էր ճանապարհին, ոչ հեռու՝ զինանոցի մուտքի դիմաց համարյա: Ես չգիտեի, որ վիրավոր է: Մոտեցա իրեն, ձեռքս չիմանալով դրեցի հենց այդ ուսին, ինքը այդ պահին շարժում արեց, հարցրի վիրավո՞ր ես, ասաց՝ այո: Անգամ այդ պահին արյուն չնկատեցի: Ասացի՝ ո՞նց ես զգում, ասաց՝ ոչինչ, լավ: Ինձ հարցրեց՝ բժիշկ կանչե՞լ եք, ասացի այո, բայց ուշանում է: Ասացի ուրիշ տեղ վիրավորում ունե՞ք, ասաց, որ միայն թևն է»:
Կարդացեք նաև
Հարց հնչեց՝ դիահերձարանի նկարներում պատկերված վնասվածքների միջև և իր տեսածի միջև կա՞ տարբերություն, Աշոտ Պետրոսյանը պատասխանեց. «Ես սարսռեցի, երբ իր նկարը տեսա դիահերձարանից բերած. քննիչներից մեկն էր բերել: Ուղղակի հոշոտել էին: Այո, ես ինքս շփվել եմ այդ մարդու հետ ու անգամ գունատված չէր այդ մարդը, ընդամենը ձեռքը բռնած նստած էր եզրաքարին»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հարցերով փորձեց պարզել՝ արդյոք Աշոտ Պետրոսյանը հենց Գագիկ Մկրտչյանի՞ն է տեսել: Նա խնդրեց նկարագրել նրա գլխի կառուցվածքը, տարիքը: Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Աշոտ Պետրոսյանի պատասխաններից պարզ է դառնում, որ նրա տեսած անձը եղել է հենց Գագիկ Մկրտչյանը:
Դատախազը հակադարձեց՝ ՊՊԾ ոստիկան Տիգրան Դանիելյանը, որը ուսի շրջանում ունեցել է մարմնական վնասվածքներ, այդ օրը նստած է եղել հենց Աշոտ Պետրոսյանի նշած տեղում, նա դարձյալ ծանրաքարշ է, կլորավուն արտաքին ունի, ճաղատ է, ինչպես նկարագրում էր Աշոտ Պետրոսյան, հարցրեց՝ հնարավո՞ր է խառնում է այդ անձին Գագիկ Մկրտչյանի հետ: Դատախազը նաև հղում կատարեց, որ Աշոտ Պետրոսյանը հայտարարել է. «Չիմացա, որ Գագիկ Մկրտչյանն է»: Աշոտ Պետրոսյանը պնդեց, որ տեսել է Գագիկ Մկրտչյանին և դիահերձարանից բերված նկարներով էլ հիշել է հենց Գագիկ Մկրտչյանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ