Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենի մեղավորը միայն կառավարությունն է, որը հարցը չի լուծում»,-ջերմուկցիները Ամուլսարում էին. իրավիճակը կրկին լարված էր

Հուլիս 01,2020 14:49

Այսօր Ամուլսարի տարածքում կրկին իրավիճակը լարված էր: Նոր պահնորդական կազմակերպությունը՝ «Հատուկ անվտանգության ծառայություն»-ը, որը երեկվանից ստանձնել է «Լիդիան Արմենիայի»՝ Ամուլսարի տարածքում եղած շենք-շինությունների ու գույքի պահպանությունը, այսօր հրաժարվում էր հետ տանել պահակակետերը: Սա հարուցել էր «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության անդամների զայրույթը: Նրանք պահանջում էին այդ կետերը հետ տալ:
Ջերմուկցիներին, նախաձեռնության անդամներին չէին կարողանում հանդարտեցնել անգամ տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները: Ամուլսարի պահապանները նշում էին, որ երկու տարի ձգվող պայքարի ընթացքում իրենք համաձայնության են եկել նախկին պահնորդական ծառայության հետ եւ այսպես ասած՝ «համակեցության կանոնները» չեն խախտել՝ տարածք մեքենա չի մտել, հերթապահության մեջ չգտնվող աշխատակիցներն էլ ոչ թե Ամուլսարի տարածքում են մնացել, այլ՝ տարածքից դուրս:

Հիշեցնենք՝ երեկ «Հատուկ անվտանգության ծառայության»՝ Ամուլսարի տարածքի պատասխանատու Արթուր Դանիելյանը, երբ եկել էր գույքի ընդունում հանձնում կատարելու, կրկին կրքերը բորբոքվել էին: Նախաձեռնության անդամները թույլ չէին տալիս մեքենաները տարածք մտցնել եւ պահանջում էին, միայն աշխատանքի մեջ գտնվող պահնորդները մնան տարածքում, իսկ հերթափոխը հանձնածները դուրս գան եւ գիշերեն այլ տեղ:

«Տարածքները մերն են, մենք ենք սրա տերը: Երկու տարի է «Լիդիանը չի կարողանում մտնել տարածք», հիմա դուք եկել եք, ասում եք՝ տարածքը մե՞րն է, ինչ ուզենք՝ կանե՞նք»: Նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը բացատրություն պահանջեց պահնորդական ծառայության ղեկավար Արթուր Դանիելյանից՝ ինչո՞ւ են նրա աշխատակիցները Ամուլսարի տարածքից դուրս՝ Ջերմուկ բարձրացող մայրուղու վրա ինքնաձիգով շրջում. «Էլ մահակների մասին չեմ խոսում: Վախի մթնոլո՞րտ ստեղծելու նպատա՞կ ունեք»:
Արթուր Դանիելյանը պատասխանեց, որ ինքնաձիգը խանութից գնված՝ օրենքի սահմաններում է, «շարիկավոր» է ու իսկական զենք չէ: Այդուհանդերձ նախաձեռնության անդամները պահանջեցին, որ համայնքի տարածքում պահնորդներն այդպես զինված չշրջեն, մեքենաներն էլ տարբերանշանով լինեն, որպեսզի իրենք տարբերեն: Ոստիկանության ներկայացուցիչը՝ պարոն Արմենակյանը փորձեց կողմերին հանդարտեցնել՝ «Ստուգելու ենք նրանց ամրակցված զենքերը: Եթե պիտի զենք կրեն, ապա միայն այն տարածքում, որտեղ իրականացնում են պահնորդությունը»:

Ոստիկանության պաշտոնյան պարբերաբար հորդորում էր պահել սոցիալական հեռավորությունը, սակայն հավաքվածները շարունակում էին մոտ կանգնած հարաբերություններ պարզել: Ավելի ուշ՝ տարածք ժամանեց նաեւ ոստիկանության մարզային վարչության պետը, որը կողմերին հորդորեց զերծ մնալ բախումներից ու հայհոյանքներից՝ հակառակ դեպքում բերման կենթարկեն:

Արթուր Դանիելյանն ասաց, որ երեկվա պայմանավորվածությունն ուժի մեջ է՝ հերթափոխից դուրս պահնորդները կմնան Ամուլսարի տարածքից դուրս, սակայն ծառայության ղեկավարը վրդովեց, որ չեն կարող տարածք մտնել մեքենաներով. «Այսինքն՝ իմ կողմից պահպանվող տարածքում ես իրավունք չունե՞մ մտնել, ես ծառայությունը կնշանակեմ, ոստիկանությանը ցույց կտամ՝ որտեղ եմ նշանակել ծառայություն, ոստիկանությունն էլ ձեզ կներկայացնի՝ որտեղ են դրանք»:

Ամուլսարի պահապանները ընդդիմացան՝ տարածք մեքենա չպիտի մտնի: Ոստիկանության մարզային վարչության պետը ասաց, որ պիտի գնան իրավիճակային լուծման՝ մինչեւ որ հարցը վերջնականապես լուծում կլինի: Ջերմուկցիները վրդովված նշեցին՝ այս ամենի մեղավորը միայն կառավարությունն է, որը հարցը չի լուծում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031