«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 1-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) դատարանում հարցաքննվեցին «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործի ամբաստանյալները:
Մինչ հարցաքննությունը դատարանի դահլիճում հայտարարվեց, որ որպես ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան գործում ներգրավվում է փաստաբան Արմեն Հուսիկ Արոյանը:
Դատական նիստին հարցաքննվեց «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը:
Նա հիմնականում հարցերին ի պատասխան ասում էր, թե չի հիշում: Հարցին՝ գնդի տարածքում որտե՞ղ եք տեսել ամբաստանյալ Արմեն Բիլյանին, ասաց, որ չի հիշում: Հարցին՝ նրա ձեռքին զենք տեսե՞լ է, ասաց՝ չի տեսել: Հարցին Գագիկ Մկրտչյանին վիրավոր տեսե՞լ է, նա տվեց բացասական պատասխան:
Կարդացեք նաև
Պաշտպան Տիգրան Եգորյանի հարցերին հիմնականում չթույլատրեցին, որ ամբաստանյալը պատասխանի, քանի որ նախագահող դատավորն ու մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում էին, որ նա ուղղորդող հարցեր է տալիս: Վեճ ծավալվեց նրա և նախագահող դատավոր Պետրոս Մակյանի միջև: Դատավորը հորդորեց դատական նիստը իրավական բանավեճի չվերածել:
Տիգրան Եգորյանը հարցեր էր տալիս, թե գնդի տարածքում ո՞ւմ է տեսել, ի՞նչ վիճակում: Ոստիկանների մասին հարցրեց՝ արդյոք վնասվածք ստացած ոստիկան տեսե՞լ է: Այս առիթով հարցաքննվողն ասաց. «Ոստիկանը լավ էր քայլում, քայլելուց էլ եմ տեսել, վազելուց էլ կանգնած էլ, վնասվածք չեն տեսել»:
Ասաց, որ լսել է կրակոցներ, բայց չի կարող ասել, թե դրանք ՊՊԾ գնդի վրա էին, թե՞ այլ կողմ: Գառնիկ Հովակիմյանը պատասխանեց. «Ես շա՞տ գիտեմ, լիքը կրակոցներ էին, ժողովուրդը դրսից սաղ էլ տեսել են, ինչ էլ եղել է, սաղ էլ գիտեն: Մենք գիտենք, որ ամեն ինչն էլ լավ գիտենք, էս դատարանն էլ էլի նույնն է, էլի նույն ձևի շարունակվում է»:
Սպանված ոստիկան Արթուր Վանոյանի դրվագի հետ կապված հարց հնչեց՝ Դուք որևէ տեղեկություն ստացե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել, խոսքը գնդում գտնվելու ժամանակահատվածի մասին է և ովքե՞ր են այդ միջադեպի մասնակիցները, հարցաքննվողն ասաց, որ չգիտի: Հարցին՝ լսե՞լ եք, որ Սմբատ Բարսեղյանի կրակոցից է վիրավորվել ոստիկանը, Գառնիկ Հովակիմյանն ասաց, որ չգիտի:
Արմեն Բիլյանը հարցրեց՝ ես կապ ունե՞մ Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ, նա պատասխանեց. «Չունես, սաղս էլ գիտենք, ցավդ տանեմ»:
Մեղադրողի հարցին՝ գիտեի՞ք գնդի վրա հարձակման մասին, պատասխանեց, որ չգիտի, չի պատասխանում հարցին: Նախագահող դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը դատարանում հայտարարել և ցուցմունք է տվել, որ Գագիկ Մկրտչյանի վրա ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանը պատահական կրակել է: Դատավորը հարցրեց՝ ի՞նչ կասեք այս ցուցմունքի մասին: Գառնիկ Հովակիմյանը պատասխանեց՝ տեղյակ չէ:
Այսպիսով ավարտվեց Գառնիկ Հովակիմյանի հարցաքննությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ