Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը…».  Արմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ

Հուլիս 01,2020 13:05

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի հիմնադրամի՝ Լոռիի Սմարթ կենտրոն անցած տարվա այցելությունից և այնտեղ երեխաների հետ հանդիպումից: Ընդգծելով, որ 21-րդ դարը նոր հնարավորությունների ժամանակաշրջան է՝ նախագահը մասնավորապես ասել է. «Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր, բազմապիսի և շատ ավելի ազատ աշխարհում։ Ձեզնից յուրաքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի՝ միայն պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունը»:

Երեխաները Հանրապետության նախագահին բազմաթիվ հարցեր են ուղղել տարբեր թեմաներով՝ սկսած կրթական համակարգից, գյուղաբնակ երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումից, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերից մինչև կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի ստեղծում և սեպտեմբերից դպրոցների վերաբացման հնարավորություն:

Խոսելով կրթական համակարգի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն կրթական մակարդակը բարձրացնելուն՝ ելնելով այն սկզբունքից, որ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ: «Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ։ Դրան հասնելու համար լուրջ աշխատանքի և բոլորի նվիրվածության կարիքը կա։ Ես ինքս ամեն ձևով պատրաստ եմ աջակցել,-ասել է Հանրապետության նախագահը։- Միաժամանակ, կան նաև նախագահական նախաձեռնություններ, մասնավորապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծել լոկոմոտիվներ՝ առաջ մղելու որոշակի ոլորտների զարգացումը: Մասնավորապես, ուշադրություն կդարձվի արհեստական բանականության ոլորտին: Ձեր կյանքում դուք պետք է կարողանաք օգտագործել արհեստական բանականությունն այնպես, որ այն ձեզ օգնի որոշումներ կայացնել։ Նոր աշխարհում նոր ձևով պետք է աշխատեք, սովորեք և մտածեք: Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բոլոր երկրները պետք է լրացուցիչ գումարներ ներդնեն առողջապահության, կենսաբանության ոլորտներում»։

Պատասխանելով երեխաներից մեկի հարցին՝ թե կարող է արդյոք դպրոց գնալ սեպտեմբերին, նախագահը հորդորել է հնարավորինս զգույշ լինել, պահպանել բոլոր կանոնները և փորձել օգտագործել ժամանակը՝ մի նոր բան, օրինակ, նոր արհեստ սովորելու համար. «Երբ Բրիտանիայում համավարակ էր տարածվել, հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը, որն այդ ժամանակ Քեմբրիջի համալսարանի ուսանող էր, հետ գնաց իր գյուղաքաղաք, քանի որ համալսարանը մեկ տարով փակվել էր: Այդ մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին Նյուտոնի երեք օրենքները։ Առաջարկում եմ այն ժամանակը, որ տանն եք անցկացնում, օգտագործեք ճիշտ և ստեղծագործեք»:

Հարցին, թե ինչ կարգախոսներով է պետք առաջնորդվել դժվարին իրավիճակներում, նախագահ Սարգսյանը խորհուրդ է տվել կյանքի ամենադժվար պահերին անգամ չվհատվել. «Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը… Եթե այսօր վատ օր է եղել, ապա վստահ եղեք, որ վաղը լավ օր կարող է լինել։ Ամեն ինչ կախված է նաև ձեզնից, ձեր ինքնավստահությունից, ձեր եռանդից և պայքարելու ունակությունից։ Երբեք ինքներդ ձեզ մի խաբեք։ Իհարկե, մի խաբեք նաև ուրիշին։ Աշխատեք գտնել ինքերդ ձեզ։ Հավատացեք ձեր ուժերին»:

Պատասխանելով հարցին, թե հատկապես մարդկային որ հատկանիշներն է կարևորում, նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են: «Առանձնացնեմ երկուսը, որ կարևոր են այսօրվա մեր կյանքում: Առաջինը. եղեք հանդուրժող միմյանց հանդեպ՝ սկսած ձեր ընտանիքի անդամներից, ձեր ընկերներից, և այդ հանդուրժողականությունը դարձրեք մշակույթ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե նույնիսկ ձեզ համար ամենաանընդունելի բանն են ասում, ուշադիր լսեք. կարող է պատահել, որ այդ անընդունելի մտքի մեջ կա մի գեղեցիկ բան, որը կարելի է սովորել: Մյուս հատկանիշը վստահությունն է: Առանց վստահության շատ բաներ իրական չեն կարող դառնալ, վստահություն ծնողների և երեխաների հանդեպ, վստահություն՝ նաև ինքներդ ձեր հանդեպ: Առանց վստահության ընկերություն չի կարող լինել, ամուր ընտանիք չի կարող լինել, հանրության մեջ հնարավոր չէ առողջ ապրել, եթե տարբեր միավորների միջև վստահություն չկա»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031