Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկի ռեֆորմն անխուսափելիորեն բերելու է կացարանները հարկադրված վաճառելու փաստին. Մանասերյան․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2020 12:33

Գույքահարկի ռեֆորմն անխուսափելիորեն բերելու է հարկադրված կացարանները վաճառելու փաստին, որովհետեւ այլընտրանք չի մնալու։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ակտիվ քննարկվող՝ Ազգային ժողովի կողմից ընդունված գույքահարկի ռեֆորմին։

Նշենք, որ այդ ռեֆորմով 2021 թվականի հունվարից 1-ից աստիճանաբար մինչեւ 2026 թվական անշարժ գույքի գույքահարկը կհամապատասխանեցվի անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքներին։

Մանասերյանի կարծիքով՝ գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ բավականին խնդիրներ կան եւ դրանք մի քանի հարթություններում պետք է դիտարկել։

Նրա խոսքով՝ գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը մասնագիտական առումով թերի է. «Բայց սա չէ էականը, էականն այն է, որ սոցիալական եւ տնտեսական գինը բավական ծանր է սոցիալական արդարության սկզբունքի տեսանկյունից։ Նաեւ պետք է հաշվի առնել, թե ինչ նպատակ ենք դնում, ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Արդյոք դա այն իրավիճակի արդյունքը չէ, որ ցանկացած գնով հիմա փորձում ենք պետական գանձարանը համալրել»։

Մանասերյանն ընդգծեց՝ մի կողմից կարող են պետական գանձարանը նման հարկային վարչարարությամբ համալրել, սակայն մյուս կողմից անտեղի կավելանա սոցիալական լարվածությունը։

«Նաեւ տնտեսական առումով չեմ կարծում, թե շատ բարենպաստ վիճակ է ստեղծվում ե՛ւ գործարար միջավայրի ե՛ւ ներդրումների համար։ Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նաեւ արհեստականորեն բերում են կամ կարող են բերել անշարժ գույքի շուկայական արժեքի անկման, քանի որ մեծ առաջարկ կառաջանա»,- նշեց նա։

Դիտարկմանը` պատկան մարմինները նշում են, որ սա ոչ թե պետական բյուջեն լցնելու համար է, այլ համայնքային, Մանասերյանն արձագանքեց. «Մենք կարող ենք այդպիսի հիմնավորում բերել, բայց համայնքային խնդիրները դրանով միեւնույն է չեն լուծվում։ Նախ ես ուզում եմ անդրադառնալ այն խնդրին, որ բերվում է միջազգային փորձը։ Մատնանշվում է, որ տարբեր երկրներում հարաբերակցությունը շատ ավելին է քան մեզ մոտ։ Բայց նախ եւ առաջ պետք է ստացվող եկամուտները համադրելի լինեն հարկերի հետ։ Նույնը կարելի է ասել տույժ տուգանքների մասին, որոնք պետք է համադրելի լինեն մարդու ստացած եկամուտների հետ»։

Տնտեսագետն ընդգծեց՝ չի կարող պատժաչափը կամ հարկի չափն ավելի լինել, քան մարդու հնարավորությունները։

Նիկոլայ Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031