ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի վերլուծությունը, որ հրապարակվել է linkedin.com-ում
2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին և մի քանի ժամ հետո նաև երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Սույն հոդվածը գրելու պահին նախագծերը դեռևս ներառված չեն ՀՀ ԱԺ կայքի ամբողջությամբ ընդունված նախագծերի բաժնում: Ավելին` նախագծերը առկա չէին նաև օրակարգում ներառված կամ դեռևս չընդունված նախագծերի ցանկում:
Որոնման արդյունքում գտնելով նախագծի հղումը պարզվեց, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակն անգամ տեղադրված չէ ԱԺ ինտերնետային կայքում (համապատասխան հղումը ի տարբերություն այլ նախագծերի, դեռ ակտիվ չի – տե՛ս ստորև արտատպումը):
Կարդացեք նաև
Չնայած այն փաստին, որ նախագծի ընդունված տարբերակը դեռևս առկա չէր ԱԺ կայքում, այդուամենայնիվ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, թե Հանրապետության նախագահը ԱԺ խոսնակին տեղեկացրել է, որ չի ստորագրելու նախագիծը: (թերևս կարելի է ենթադրել, որ ԱԺ-ն էլ շտապել էր նախագիծն ուղարկել Հանրապետության նախագահին ստորագրելու ավելի շուտ, քան կտեղադրեին պաշտոնական կայքում, իսկ ավելի հավանական է, որ արձանագրային բաժինը դեռ չի վերջնականացրել նախագծում տեխնիկական շտկումները: Հարկ է նշել նաև, որ նախագիծը Հանրապետության նախագահին ուղարկելու հանգամանքը հաստատող որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա ոչ ԱԺ-ի և ոչ էլ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքերում):
Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում պնդում են, որ Հանրապետության նախագահի՝ օրենքների նախագծերը ստորագրելուց հրաժարվելը բավարար հիմք է, որ ԱԺ խոսնակը դրանք ստորագրի և հրապարակի, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն: Օրինակ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մեկնաբանությունները կարելի է տեսնել այստեղ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն՝ այստեղ:
ՀՀ օրենքների ստորագրման և հրապարակման կարգը
Հարց է ծագում, արդյո՞ք Հանրապետության նախագահի հասարակության հետ կապերի վարչության մամուլին տված տեղեկությունն (կամ նույնիսկ Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ խոսնակին տեղեկացնելը) արդեն հիմք է, որ ԱԺ խոսնակը չսպասելով Սահմանադրությամբ սահմանված որոշակի ժամկետի ավարտին (մասնավորապես քսանմեկ օր), արդեն իսկ ստորագրի նախագծերը:
Օրենքների ստորագրման հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 129 հոդվածով, համաձայն որի
Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը
1.Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
…
3.Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Այսպիսով, Սահմանադրության կարգավորումները հստակ են: Օրենքի նախագիծը ստորագրում և հրապարակում է Նախագահը քսանմեկօրյա ժամկետում:
Իսկ ԱԺ խոսնակը հնարավորություն է ստանում ստորագրելու և հրապարակելու օրենքի նախագիծը, եթե Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Կրկնենք – ոչ թե հայտարարում է, որ չի կատարելու, այլ չի կատարում նշված պահանջը:
այս հարցում հիմնական շփոթմունքն առաջանում է այն պատճառով, որ հստակ չի ներկայացվում Սահմանադրության հոդվածի տեքստը, և տպավորություն է ստեղծվում, որ ԱԺ նախագահը կարող է ստորագրել օրենքի նախագիծը, եթե Նախագահը չի ստորագրում այն: Այնինչ Սահմանադրությունն ԱԺ խոսնակին նախագիծը ստորագրելու իրավունք տալիս միայն Նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելու (ոչ թե չկատարելու մտադրության մասին հայտնելու) դեպքում, իսկ նշված պարտականությունը կարող է համարվել չկատարված միայն Սահմանադրության նշված հոդվածով սահմանված ժամկետի ավարտին:
Ավելին, առկա չի որևէ տեղեկատվություն, արդյո՞ք Հանրապետության նախագահը պատրաստվու՞մ է դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ (առնվազն հակասում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներին): /Չնայած, եթե նույնիսկ այդպիսի հայտարարություն էլ արվեր, վերլուծությունը և եզրահանգումները չէին փոխվի, ինչի հիմնավորումները բերված են ստորև/:
Անկախ նշված հանգամանքից, միայն, եթե քսանմեկ օրվա ընթացքում Հանրապետության նախագահը չկատարի իր՝ օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու պարտականությունը (իսկ դա հնարավոր կլինի պարզել միայն նշված ժամկետի ավարտին), նոր միայն ԱԺ խոսնակը կունենա հնարավորություն հինգօրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը:
Կարո՞ղ է արդյոք Հանրապետության նախագահը հրաժարվել 129-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից
Եթե նույնիսկ Հանրապետության նախագահը հայտարարի, որ նաև չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան, միևնույնն է, դա դեռ չի նշանակում, որ նա արդեն իսկ չի կատարել օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու իր պարտականությունը, քանի դեռ չի անցել քսանմեկ օրը:
Այս հանգամանքը պայմանավորված է նշված իրավունք-պարտականության բնույթով: Մասնավոր (քաղաքացիաիրավական) հարաբերություններում սուբյեկտները կարող են հրաժարվել իրենց իրավունքներից, և այդ դեպքում կարելի է չսպասել օրենսդրական ժամկետների ավարտին: Հանրային իրավական (օրինակ սահմանադրական) իրավունքների դեպքում նման հրաժարումը չունի նույն ազդեցությունը:
Այսինքն, այն փաստը, որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ «չի ցանկանում օգտվել» Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից, նա միևնույնն է նշված քսանմեկօրյա ժամկետում իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, քանի որ դա միաժամանակ նրա (որպես Հանրապետության նախագահի, ոչ թե որպես քաղաքացի Արմեն Սարգսյանի) սահմանադրական իրավունքն է, այլ նաև նրա պարտականությունը:
Վերոգրյալ պնդումը ամրապնդվում է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ 1518 որոշմամբ արտահայտած հետևյալ դիրքորոշմամբ (4.2. կետի նախավերջին պարագրաֆ)
«Միևնույն ժամանակ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է՝ պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների, ինչպես նաև չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որևէ այլ պատճառաբանությամբ: Նշվածը վերաբերելի է նաև սահմանադրական ցանկացած այլ մարմնի, իրավասու սուբյեկտի կամ պաշտոնատար անձի:»
Եզրահանգումներ
Այսպիսով, մինչև նշված քսանմեկօրյա ժամկետի ավարտը հնարավոր չի պնդել, որ Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածի 1-ին մասով (իսկ ՍԴ դիմելու դեպքում նաև 2-րդ) նախատեսված պարտականությունը, ինչը միանշանակ և հստակ նախապայման է՝ ԱԺ խոսնակի համար օրենքի նախագիծը ստորագրելու և հրապարակելու իրավունքի ծագելու համար: Հետևաբար, մինչև նշված ժամկետի ավարտը ԱԺ խոսնակը իրավունք չունի ստորագրել նախագիծը, իսկ նման կերպ ստորագրելը և հրապարակելը պետք է որակվի որպես ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված իշխանության յուրացում (գումարած մի շարք այլ հոդվածներով նախատեսված արարքներ), իսկ համապատասխան փաստաթուղթը չի կարող համարվել ՕՐԵՆՔ (կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ)