Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որ պարբերաբար դժգոհում է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների սահմանափակ լինելուց, հունիսի 24-ին ստորագրեց մի օրենք, որով էլ ավելի նվազեցին նրա լիազորությունները։ Նա ինքն իրեն զրկեց սահմանադրական փոփոխություններն այսուհետ ստորագրելու լիազորությունից։ Մենք հունիսի 24-ից առաջ հարցեր էինք ուղղել ՀՀ նախագահին, սակայն պատասխանները ստացանք օրենքը ստորագրելուց մի քանի օր անց։ Դրանցից ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները վաղուց էին սկսել այս խաղը, նա էլ որոշել է ինքնակամ հանձնվել։
– ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ օրը հայտարարեց, որ այս նախաձեռնությունը քննարկվել է նախագահի եւ նրա աշխատակազմի հետ, եւ հենց Ձեր աշխատակազմն է իրենց մատնանշել այս լուծումը։ Իսկապե՞ս Դուք եք հուշել, որ Ձեզ զրկեն օրենքներ ստորագրելու լիազորությունից, եթե այո, ապա ինչո՞ւ։
– Այս հարցի առումով հարկ ենք համարում փաստել, որ դեռեւս սույն թվականի հունվարի 30-ին պատգամավոր Վահագն Հովակիմյանի դիմումի հիման վրա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով հեղինակ Վահագն Հովակիմյանը, մասնավորապես, առաջարկում էր. ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ» ու «այն» բառերը»: Նույն նախագծի հիմնավորման հատվածում (շրջանառության մեջ դրված ԱԺ նախագահի կողմից) տվյալ փոփոխության վերաբերյալ նշված է հետեւյալը.
««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն:
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Տե՛ս ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասը: Օրենքով ՀՀ նախագահին չի կարող տրվել այնպիսի լիազորություն, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ»: Ըստ հրապարակային տվյալների, վերոնշյալ նախագիծն ու դրա հետ ներկայացված այլ օրենքների նախագծերը հեղինակ Վահագն Հովակիմյանի կողմից հետագայում հետ են վերցվել:
Պետք է արձանագրել, որ հունիսի 22-ին նույն պատգամավորի՝ Վահագն Հովակիմյանի կողմից պետաիրավական հանձնաժողովի նիստում առաջարկվել է օրենքների նախագծերի փաթեթում կրկին ներառել դեռ 2020թ. հունվարի 30-ին առաջին անգամ իր կողմից շրջանառության մեջ դրված համապատասխան օրենսդրական կարգավորումը՝ ըստ էության, նույն հիմնավորումներով:
Նշեք նաեւ, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ վերջին մի քանի ամսում ձեւավորվել են աշխատանքային հարաբերություններ Ազգային ժողովի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, երբ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից առաջ տեղի են ունենում տեսական քննարկումներ, որոնք ընդունվում են ի գիտություն:
Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացվել էր, որ ԱԺ-ն իր լիազորությունների սահմաններում հնարավոր է հունիսի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկմանը ներկայացնի նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, եւ այդ փաստն ընդունվել է նախագահի աշխատակազմի կողմից ի գիտություն: Հարկ է արձանագրել, որ հանրապետության նախագահն ու նախագահի աշխատակազմը տեղեկացվել են կայացված վերջնական որոշումների մասին ուղիղ եթերով հեռարձակմամբ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանի մեծամասնություն կազմող խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին, որն ընդդիմության կողմից որակվեց որպես սահմանադրական կարգի տապալում կամ սահմանադրական հեղաշրջում։
– Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացակարգերը, Սահմանադրության փոփոխություններում տեղ գտած կարգավորումները եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը տարբեր մեկնաբանությունների են արժանացել իրավաբանական հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից, երբեմն՝ իրարամերժ: Այդ տարատեսակ մեկնաբանությունները համարվել են մտահոգիչ, եւ դրանք ներկայացվել են հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից ԱԺ համապատասխան ներկայացուցիչներին:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: