Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՍԴ-ի հարցը պետք է լուծվեր, բայց…

Հուլիս 01,2020 10:00

Անկախ այն հանգամանքից, որ Ազգային ժողովի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունների իրական մոտիվացիան պարզապես Հրայր Թովմասյանից ազատվելու քմահաճույքն էր, խնդիրն, այնուամենայնիվ, գոյություն ուներ: Տրամաբանական չէր, որ այդ մարմինը պետք է շարունակեր գործել 1995-ի Սահմանադրությամբ եւ դատավորների համար նախատեսեր, ըստ էության, անսահմանափակ ժամկետ՝ չնայած գործող Սահմանադրությամբ ժամկետը սահմանափակվում է 12 տարով:

Խնդիրը պետք է լուծվեր, բայց մի քանի պայմանով.

ա/ ոչ կորոնավիրուսի եւ արտակարգ դրության պայմաններում,

բ/ լուծման օրինականության վերաբերյալ ոչ մեկի մոտ կասկած չթողնելով,

գ/ խորհրդակցելով մասնագետների, այդ թվում ՍԴ՝ իշխանությանը ոչ հաճո դատավորների հետ,

դ/ առանց կատաղի քաղաքական քարոզչության:

Քանի որ այդ պայմանները չեն կատարվել, իրավական հարթության մասին խոսելն անիմաստ է: Այս իրավիճակում բնական է, որ իրավաբանները նույնպես բաժանվել են երկու ճամբարի, եւ Սահմանադրության ու օրենքների միեւնույն կետերին տալիս են տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ: Չկա մի իրավաբան, որի մասին հասարակության մեծամասնությունը կասի, որ նա անաչառ է: Եթե նույնիսկ կա, ապա ֆեյսբուքյան ակտիվիստները նրան շատ արագ կխցկեն «սերժառոբական» կամ «նիկոլական» ճամբարի խրամատները:

2015 թվականի Սահմանադրությունը գրվել է պալատական իրավաբանների կողմից եւ կոչված էր սպասարկել այդ ժամանակվա իշխանությունների շահերը: Իսկ ո՞վ ասաց, որ հաջորդ Սահմանադրությունը ճիշտ նույն ձեւով չի գրվի եւ իշխանության շահերը չի սպասարկի: Սահմանադրությունը չի կարող գրվել «թալանչիներին պատժելու» կամ որեւէ ուժին «պատմության աղբանոց ուղարկելու» նպատակով: Դա պետական կարգը որոշող իրավական փաստաթուղթ է: Քանի դեռ դա ոչ մեկի կողմից չի ընկալվում, անիմաստ է փոփոխությունների ուղղությամբ որեւէ բան ձեռնարկելը՝ նույնիսկ եթե ձեռնարկողների մտադրություններն անկեղծ են:

Վկան խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների ընկալումն է: Արձագանքն, ինչպես միշտ, ծայրահեղական է.

1/ Վերջ՝ պետությունը կործանվեց, սահմանադրական կարգը տապալվեց, երկիրն ընկղմվել է բռնապետության խավարի մեջ:

2/ Նոր արշալույս բացվեց մեր բազմաչարչար հողի վրա. այսուհետ ոչ միայն Սահմանադրական դատարանն, այլեւ ողջ դատական համակարգն ազատ ու անկախ կլինի, եւ մեր երկիրը հաստատուն քայլերով գնալու է դեպի ժողովրդավարական ապագա:

Իրականում ամեն ինչ այդքան դրամատիկ չէ: Պարզապես մենք ապրում ենք հեղափոխական ժամանակաշրջան, որն ունեցել էր սկիզբ, կունենա նաեւ վերջ: Պատմության տեսանկյունից դա պարզապես ակնթարթ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031