Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասեք, գնամ երաշխիք բերեմ բանկից»

Հուլիս 01,2020 13:30

«Առավոտի» հարցազրույցը «Գնումների աջակցության կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, ԵՊՀ դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանի հետ

– Պետական պաշտոնյաներից մեկը`ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ Շահնազարյանը  իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե գնումների համակարգն այնպես են արել, որ այն լինի մի թափանցիկ սենյակ, որտեղ բոլորը բոլորին տեսնում են, եւ կարող են բողոքարկել: Դուք բազմիցս` մեր լրատվամիջոցում նաեւ բարձրացրեցիք գնումների ոլորտում տեղի ունեցած օրենդրական փոփոխության արդյունքում բանկային երաշխիքի ձեւով տրված պայմանագրի ապահովման գումարը ներկայացված գնային առաջարկի նախկին 10%-ը 110%-ով փոխարինելու բացասական հետեւանքների մասին: Ներկայացրեք Ձեր արված վերջին դիտարկումների արդյունքում տվյալ օրենսդրական փոփոխության` «թափանցիկ սենյակի» բացասական հետեւանքները:

– Որպես իրավաբան-գիտնական գտնում եմ, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն  պետք է նպաստի տվյալ ոլորտի զարգացմանը: Մինչդեռ, ինչպես ճիշտ նկատեցիք, ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերին ընդունված եւ 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2017թ. թիվ 526 -Ն որոշման համաձայն, բանկային երաշխիքի ձեւով տրված պայմանագրի ապահովումը մասնակցի ներկայացրած գնային առաջարկի նախկին 10 %-ի փոխարեն դարձել է 110 %: Այս տեսանկյունից բազմիցս նշել եմ, որ նշված փոփոխությունը առաջացրեց մրցակցության սահմանափակում, նվազեցրեց պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների քանակը, քանի որ վերոհիշյալ փոփոխությունը միանշանակ շատ լուրջ խոչընդոտ է պետական գնման մրցույթներին մասնակցելու համար: Իսկ այս ամենը իր հերթին բերում է նրան, որ ակնհայտորեն աճում են մասնակիցների կողմից առաջարկվող գները, ինչը նշանակում է, որ պետությունը այն նույն ապրանքը եւ ծառայությունը, որը գնում էր ավելի ցածր գնով, բանկային երաշխիքի ներկայիս կարգավորման պայմաններում նույն ապրանքի կամ ծառայության համար ավելի թանկ է վճարելու, քանի որ մասնակիցը ստիպված առաջարկված գնի մեջ հաշվարկում է նաեւ բանկային երաշխիքի հետ կապված ծախսերը:

Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է նվազում մրցակցությունը եւ բարձրանում տնտեսվարողների կողմից առաջարկված գները, ներկայացնենք իրավիճակը. պայմանագրի ապահովման համար բանկային երաշխիք ձեռք բերելը եւ՛ աշխատատար է, եւ՛ մեծ ծախսերի հետ է կապված: Օրինակ, բանկային երաշխիքը տրամադրվում է ընկերության տվյալ բանկում շրջանառության 20-30%-ի չափով, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը պահանջվող գումարից երեքից հինգ անգամ ավելի շրջանառություն պետք է ունենա տվյալ բանկում: Բացի այդ, բանկային երաշխիք տրամադրելու համար որպես կանոն, բանկային երաշխիքի գումարի 2-5 %-ը տնտեսվարողները թողնում են բանկին, ինչը եւս լրացուցիչ բեռ է տնտեսվարողի համար: Այս ամենից բացի, ամենածանր բեռը տնտեսվարողի համար բանկային երաշխիքի սպասարկման միջինացված տարեկան գումարն է, որը եւս կազմում է բանկային երաշխիքի 2-5 %-ը:

Ասվածից հետեւում է, որ 110 % բանկային երաշխիք ներկայացնելը հեշտ գործ չէ, ենթադրում է լրացուցիչ ծախսեր, եւ այս բոլոր ծախսերը ներառվում են տնտեսվարողների կողմից պետական մրցույթների ընթացքում առաջարկված գներում:

Համապատասխանաբար պետությունը ստիպված է լինում ավելի թանկ վճարել, ինչը մեծ վնաս է պատճառելու բյուջեի միջոցների ռացիոնալ օգտագործմանը:

– Արդյո՞ք բանկային երաշխիքի նման կարգավորումը իրականում նվազեցրել է պետական գնման մրցույթներում մասնակցության տոկոսը:

– Միանշանակ,  դրա հետեւանքով մասնակցությունը պակասել է: Ընդ որում, հիմնականում  մասնակցությունը, եւ համապատասխանաբար, մրցակցությունը պակասել է շինարարական ոլորտում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես կանոն, շինարարական մրցույթների գները բավականին բարձր են, եւ համապատասխանաբար, նման գնային առաջարկի (օրինակ 200, 300 մլն. ՀՀ դրամի) 110 % բանկային երաշխիք ներկայացնելը շատ բարդ է, իսկ երբեմն՝ անիրական:  Դրա պատճառով շատ տնտեսվարողներ նախընտրում են ընդհանրապես  չմասնակցել պետական գնումների մրցույթներին:

– Տիկին Ենգոյան, բայց, կարծես թե պետական գնման մրցույթները անգամ այս կարգավորման պայմաններում կայանում են եւ տնտեսվարողները ներկայացնում են 110 % բանկային երաշխիքներ: Գուցե խնդիրը այս պահին  այնքան լուրջ չէ:

– Այս խնդիրը գնալով ավելի ու ավելի է լրջանալու մի պարզ պատճառով: Գրեթե բոլոր ընկերությունները, ովքեր ունեին համապատասխան շրջանառություն բանկերում, արդեն օգտվել են բանկերի տրամադրված հնարավորությունից եւ իրենց շրջանառության 20-30 % համապատասխան տարբեր պետական մրցույթներով ներկայացրել են բանկային երաշխիքներ: Այլ կերպ ասած, այս եղանակով այլեւս հնարավոր չէ ստանալ բանկային երաշխիք: Ներկայումս բանկերը հնարավորություն են տալիս ստանալու բանկային երաշխիք՝ համապատասխան արժեքի գույք գրավադրելու դիմաց: Երբ ընկերությունները այլեւս չունենան որեւէ գույք գրավադրելու համար (իսկ դա, իմ ներքին համոզմամբ, վրա է հասնելու արդեն 2020թ. աշնանը), ապա պետական գնումների ոլորտում մրցակցությունը կկնքի իր մահկանացուն: Իսկ սրա հետեւանքով միանշանակ կտուժի պետությունը, եւ համապատասխանաբար պետական բյուջեն:

– Ձեր դիտարկմամբ, կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակը խոչընդոտե՞լ է բանկային երաշխիքների ձեռքբերման գործընթացը:

– Միանշանակ, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չափազանց դժվարացրել է  բանկային երաշիքների ստացման գործընթացը: Մի կողմ թողնելով  տնտեսական վերլուծությունները եւ չանդրադառնալով կազմակերպությունների  տնտեսական վիճակի վատթարացմանը, նշեմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չափազանց դժվարացրել է  բանկային երաշիքների ստացման գործընթացը՝ ընթացակարգային առումով: Տեսեք, տնտեսվարողը բանկային երաշխիք ստանալու համար գրավադրում է գույք: Վերոհիշյալ գույքը պետք է նախքան գրավադրումը գնահատվի բանկի կողմից նշված գնահատում իրականացնող կազմակերպության(ունների) կողմից: Յուրաքանչյուր բանկ աշխատում է գնահատում իրականացնող կոնկրետ կազմակերպությունների հետ: Այլ կերպ ասած, որպեսզի ունենանք վերջնական արդյունք՝ բանկային երաշխիք, պետք է տեղի ունենա որոշակի երկարատեւ գործընթաց՝ փաստաթղթերի նախապատրաստում, գույքի գնահատում, փաստաթղթերի ուսումնասիրություն,  որոշման ընդունում, բանկային երաշխիքի տրամադրում: Հիմա սրան ավելացրեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, գրեթե բոլոր կազմակերպությունների, այդ թվում նաեւ գնահատող կազմակերպությունների, բանկերի, նրանց մասնաճյուղերի ոչ ամբողջական անձնակազմով աշխատելը, եւ կստանաք պատկեր, թե ինչքան ժամանակ է պետք տնտեսվարողին գրավադրվելիք գույքի դիմաց բանկայի երաշխիք ստանալու համար:

Ու սրա հետ միասին, «Գնումների մասին» ՀՀ օրենքը իմպերատիվ սահմանում է, որ բանկային երաշխիքը պետք է ներկայացվի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ուշացման դեպքում տնտեսվարողը զրկվում է պետության հետ պայմանագիր կնքելու իրավունքից: Նշեմ, որ անգամ մեկ օր ուշացումը հանգեցնում է տնտեսվարողի համար պայմանագիր կնքելու իրավունքից զրկման: Ավելին, վերոհիշյալի հետեւանքով, տնտեսվարողը կարող է երկու տարի ժամկետով զրկվել պետական գնումներին մասնակցելու իրավունքից, քանի որ նշված արարքը որակվում է որպես կոպիտ խախտում եւ հիմք է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակ»-ում ներառելու համար:

Իր հերթին պետությունը ստիպված է լինելու պայմանագիր կնքել արդեն մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած մասնակցի հետ եւ, համապատասխանաբար, ավելի թանկ վճարել նույն ապրանքի կամ ծառայության համար, ինչը նույնպես պետական բյուջեի միջոցների ոչ ռացիոնալ օգտագործում է:

Նշեմ, որ նման ուշացման դեպքերի հետ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու շրջանակներում վերջերս բազմիցս առընչվել եմ:

Գտնում եմ, որ այս ամենի արդյունքում փոքր եւ միջին բիզնեսը չի կարողանա մասնակցել պետական գնումների մրցույթներին, իսկ խոշոր ընկերությունների ռեսուրսները կբավարարեն սահմանափակ թվով մրցույթներին մասնակցելուն:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Լիլիթ Ադամյան says:

    Հետաքրքիր է, այս օրենսդրական փոփոխությունը առաջ տանողները բանկերից տոկոս ունեն? )))

  2. Աշոտ Իսրայելյան says:

    Ինչ ասված է՝ ճիշտ է ասված 100 տոկոսով: Բանկային երաշխիքը ուշացնելու պատճառով մեր ընկերությունը զրկվեց շատ խոշոր մրցույթով պայմանագիր կնքելու իրավունքից: Բանկը երաշխիքի տրամադրումը ուշացրեց, քանի որ կորոնավիրուսի պայմաններում գրավադրվող գույքը գնահատող իրենց ընկերությունը աշխատում է կիսատ աշխատանքային ռեժիմով: Արդյունքում մեր ընկերությունը ոչ միայն զրկվեց իրեն հասանելի պայմանագիրը կատարելու հնարավորությունից, այլ նաև հիմա պայքարում է, որ չներառվի գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների սև ցուցակում:

  3. Լիլիթ Ադամյան says:

    տեսնես օրենքի հեղինակներին բանկերը ամսեկան ինչքան տոկոս են տալիս

  4. Վիգեն Վիգեն says:

    Ասենք ուզում եմ ջոգեմ, սենց բաներ որ մտցնում են ինչով են մտածում ու ում են լավություն անում: Ստեղից ովա օգտվելու ֆիրմեն, պետությունը թե բանկը:

  5. Արմեն Դանիելյան says:

    Ուզում եմ մեր գնումների ոլորտի իրավաբանին հարցնել՝ եթե բանկը կորոնավիրուսով պայմանավորված ուշացնում է բանկային երաշխիքի տրամադրումը, սահմանված 10 օրն էլ անցնում է, իսկ պատվիրատուն էլ չի ուզում երկարացնել օրենքով սահմանված ժամկետը երկարացնի, ապա ինչ անի ընկերությունը, որ չզրկվի պայմանագիր կնքելու իրավունքից: Առավել ևս եթե այս դեպքում մի հատ էլ պահանջում են, որ որպես տույժ հայտի ապահովման 5 տոկոս գումար վճարենք պետական բյուջե: Ինչ անենք այս փակուղային իրավիճակից դուրս գալու համար:

  6. Արսեն Բաբայան says:

    Ասեք ու՞մ դիմենք որ այս խայտառակությունը վերացնեն: Կարողա՞ նորից դուրս գանք ճանապարհ փակենք

  7. Պայմանագրի ապահովման համար 110% չափով բանկային երաշխիքի պահանջը լրջորեն սահմանափակում է փոքր և միջին բիզնեսի մասնակցության հնարավորությունը մի շարք մրցույթների:

  8. ԱՆՆԱ Ալեքսանյան says:

    Նշված հարցով ես՝ որպես գնումների համակարգող, գրել եմ իմ անունից նամակ Ֆինանսների նախարարությանը և առաջարկել փոփոխության ենթարկել նշված օրենքը.պատասխան է եկել, որ բանկից հանելու են տալիս են գանձապետարանում հաշիվ գումարը սառեցնելու համար: Ուղակի չեմ հասկանում ինձ մոտ այն տպավորությունն է, որ նոր ավարտած, բիզնեսից, ֆինանսներից տնտեսագիտությունից ոչինչ չհասկացող մարդիկ են հավաքվել և փորձեր են կատարում տենդերիների հետ կապված: Մեկ օր պետք է բերել և ցույց տալ իրենց օրենքների հետևանքները մասնակիցների տեսանկյունից, թե չէ ուտոպիստները անիմաստ մեզ տանջում են իրենց նորարարություններով, որոնց հետևանքով իրենք ձեռք են բերում ավելի թանկ գնով, քանի որ խոչընդոտում եմ առողջ մրցակցությանը:

  9. Արթուր says:

    110 % երաշխիքի ապահովումը շատ լուրջ խոչընդոտ է մանր և միջին բիզնեսի զարգացման համար,ես դա գնահատում եմ որպես հետընթաց գնումների բնագավառում ,բարձրացված հարցերը կարևոր են և շտապ լուծման կարիք ունեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031