Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի պատերազմ եւ ճգնաժամ չեն խաթարել ֆիլհարմոնիկի գործունեությունը

Հուլիս 01,2020 13:00

Ընթացիկ տարին հոբելյանական է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն 95 տարի առաջ՝ 1925թ. մարտին, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Երեւանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանի մասնակցությամբ ու աջակցությամբ   հիմնվել է նվագախումբը։ Մեկ այլ տեղեկությամբ էլ նվագախմբի հիմնադրման օրը հիշյալ անվանի երաժիշտների կողմից 1924թ. դեկտեմբերի 10-ն է։

Մեկ փաստ անհերքելի է. այս նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար։ Իսկ նվագախմբի ակունքներում բացի Սպենդիարյանից ու Ադամյանից կանգնած են եղել հայ դիրիժորական արվեստի այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Սուրեն Չարեքյանը, Գեւորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Տերյանը, Օհան Դուրյանը, Միքայել Մալունցյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը։ 1981-ից շուրջ 5 տարի նվագախումբը ղեկավարել է Վալերի Գերգիեւը, իսկ հետո՝ Ռաֆայել Մանգասարյանը, Մարտին Ներսիսյանը, Վահագն Պապյանը, Միքայել Ավետիսյանը, Լորիս Ճգնավորյանը։

Լավագույն ժամանակները կվերադառնան

2000 թվականից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։  Նվագախումբը մշտապես հանդես է եկել ինչպես համաշխարհային երաժշտական գրականության, այնպես էլ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մատուցմամբ։ Ի դեպ, Թոփչյանի ղեկավարման տարիներին նվագախումբը հանդես է եկել նաեւ օպերային երկերի մատուցմամբ՝ բեմադրությունների, բեմականացումների եւ համերգային կատարումների ձեւաչափով։ Նվագախմբի հետ հանդես են եկել ոչ միայն ճանաչված հյուրախաղորդ երաժիշտներ, այլեւ Թոփչյանը հաճախ իր տեղը զիջել է ճանաչված եւ աշխարհահռչակ դիրիժորների։ Ֆիլհարմոնիկը հատկապես վերջին տարիներին իր արվեստը ներկայացրել է նաեւ արտերկրում, այդ թվում՝ ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ճապոնիա, Չինաստան, ԱՄԷ, Ռուսաստան, Լիբանան եւ այլն։ Կոլեկտիվի հետ կապված մի հետաքրքիր փաստ. ոչ մի պատերազմ եւ ճգնաժամ չեն խաթարել ֆիլհարմոնիկի գործունեությունը։ Օրինակ, 1941թ. հունիսի 22-ին՝ Հայրենական պատերազմի առաջին օրը, երբ վաղուց ծրագրված էր համերգը, իսկ նվագախումբն էլ ղեկավարելու էր Լենինգրադից հրավիրված Իսպիր Խարաջանյանը, կոլեկտիվի ղեկավարության ջանքերով համերգը կայանում է, բայց այլ ծրագրով, հնչում են ռազմաշունչ երաժշտություն ու հայրենասիրական երգեր։ Սպիտակի երկրաշարժից հետո էլ, ինչպես ընդունված է ասել՝ անհույս ու անմշակույթ տարիներին, ավելին՝ Ղարաբաղյան պատերազմի բուռն գործողությունների  ընթացքում շարունակվել է նվագախմբի գործունեությունը։ Հենց այդ ժամանակահատվածում էր, որ կոլեկտիվը առաջին անգամ հյուրախաղերով մեկնեց ԱՄՆ։

Միայն համավարակն էր, որ խաթարեց նվագախմբի բնականոն կյանքը։ Բայց արդեն գրեթե մեկ ու կես ամիս է, ինչ թույլատրվել է մինչեւ տասը անձից բաղկացած խմբերով փորձերի անցկացումը, ինչի արդյունքում ֆիլհարմոնիկ նվագախումբը առցանց հանդես է գալիս ամենուրբաթյա ծրագրով։

«Առավոտը» զրուցեց ջութակահարուհի, վաստակավոր արտիստ, ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանի հետ, որի խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության։

«Փակագծերը շատ չբացելով՝ կարող եմ հայտնել մի քանի գաղտնիք Ֆիլհարմոնիկի առաջիկա ծրագրերից: Ինչպես գիտեք, արտակարգ դրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչպես եւ հանրապետության բոլոր մշակութային կոլեկտիվները, դադարեցրել էր համերգային գործունեությունը: Արդեն գրեթե մեկ ու կես ամիս է, ինչ ստեղծագործական կոլեկտիվներին թույլատրվել է մինչեւ տասը անձից բաղկացած խմբերով փորձեր անցկացնել: Մենք արագ ֆիլհարմոնիկի երաժիշտներից կազմեցինք փոքր անսամբլներ եւ սկսեցինք մի առցանց համերգային ծրագիր, որն անվանեցինք «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ»: Համերգները հասանելի են Ֆիլհարմոնիկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ ամեն ուրբաթ, ժամը 20:00-ից: Ուրախ եմ, որ մեր գալիք համերգներում հնարավորություն կունենանք նվագել այնպիսի անվանի մենակատարների հետ, ինչպիսիք են ջութակահար Անուշ Նիկողոսյանը, ով մեր ժամանակների հայազգի փայլուն ջութակահարներից է: Միշտ մեծագույն հաճույք է նրա հետ նվագելը: Համատեղ ծրագրով ելույթ կունենանք մեր շատ սիրելի օպերային երգիչներ սոպրանո Լիանա Ալեքսանյանի եւ տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ: Մեզ համար ուղղակի նվեր է, որ այս երգիչները հիմա Հայաստանում են, քանի որ նրանց համերգային գրաֆիկը երեք տարի առաջ արդեն գծած է լինում. նրանք պահանջված են աշխարհի ամենահեղինակավոր օպերայի թատրոններում եւ ուղղակի բախտավորություն է մեզ համար, երբ տարվա մեջ ժամանակ են գտնում եւ ելույթ են ունենում ֆիլհարմոնիկի հետ: Բելգիայից սպասում ենք հայտնի թավջութակահար Սեւակ Ավանեսյանին, ով տեսնելով մեր համերգները, շատ է ոգեւորվել եւ հիմա ջանում է գալ Հայաստան եւ միանալ մեր համերգաշարին: Նրա ժամանման համար նույնիսկ դիմել ենք պարետատուն, որպեսզի թույլատրեն Ավանեսյանի մուտքը Հայաստան, քանի որ նա Բելգիայի քաղաքացի է:

Համերգային ծրագրերի մասով փակագծերը շատ չեմ բացի, միայն կասեմ, որ հատընտիր ստեղծագործություններ են հնչելու, այնպիսի գործեր, որոնք հաճախ չեն կատարվում Հայաստանում: Իսկ Լիանա Ալեքսանյանի եւ Լիպարիտ Ավետիսյանի հետ համատեղ համերգը շատ անսպասելի անակնկալ կլինի մեր ունկնդրի եւ այս արտիստների երկրպագուների համար: Վստահ եմ, որ այս ամպլուայում դուք երբեք չեք տեսել նրանց:

Օրինակ, անցած ուրբաթ ներկայացրինք մի շատ գեղեցիկ ստեղծագործություն՝ Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը, որը շատ մելոդիկ, միեւնույն ժամանակ վիրտուոզ տեխնիկա պահանջող ստեղծագործություն է: Կլարնետի նվագաբաժինը կատարեց ՀԱՖՆ կլարնետահար Արսեն Գրիգորյանը: Մինչ համերգը ես եւ Արսենը ներկայացրինք այս գործի ստեղծման պատմությունը եւ յուրահատկությունները։ Ուրախ եմ, որ աշխատանքային այս սուղ պայմաններում հնարավորություն ունենք գոնե փոքր կազմերով առցանց համերգներ տալ: ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ›› համերգաշարի ընթացքում Ֆիլհարմոնիկի երաժիշտներից մի կուռ խումբ ձեւավորվեց, որը մամուլում արդեն ստացել է «Ֆիլհարմոնիկի մենակատարներ» անվանումը: Այս ձեւաչափով ելույթ ունենալու առավելությունն այն է, որ երաժիշտները հնարավորություն ունեն ավելի վառ կերպով ցուցադրել իրենց վարպետությունը: Ես անչափ շնորհակալ եմ մեր երաժիշտներից, որ թեեւ պարտավոր չեն, բայց պարտաճանաչ կերպով գալիս են փորձերի, շատ մանրակրկիտ պատրաստվում են ամեն ելույթի համար: Ես ուղղակի հպարտանում եմ նրանցով: Մաեստրո Էդուարդ Թոփչյանն էլ մի առիթով ասաց, որ այս համերգները հայկական իրականության մեջ ուղղակի աննախադեպ են իրենց ձեւաչափով եւ որակով: Այո, Ֆիլհարմոնիկը երբեք չի կարող իրեն թույլ տալ, ինչպես ասում են, «խալտուրա» անել, անկախ նրանից ելույթ է ունենում ամբողջական կազմով, թե փոքր անսամբլով:

Բայց հատուկ կերպով պիտի նշեմ, որ նվագախմբի երաժշտի համար ոչ մի անհատական ելույթ չի կարող փոխարինել նվագախմբային փորձերին եւ համերգներին: Մեծ սիմֆոնիկ նվագախմբում նվագելն ունի իր յուրահատուկ պահանջները: Նվագախումբը տասնյակ գործիքներից ու մոտ հարյուր երաժիշտից բաղկացած մի մեծ օրգանիզմ է, որը պիտի հնչի ներդաշնակ ու աշխատի ժամացույցի ճշգրտությամբ: Այն կատարողական բարձր մակարդակի է հասնում նվագախմբի հետ դիրիժորի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մենք սովոր ենք մեր մաեստրոյի մանրակրկիտ եւ պահանջկոտ փորձերին: Նա մեզ հետ պարապում էր նույնիսկ այն ծրագրերը, որոնք պիտի նվագեինք հրավիրյալ դիրիժորների հետ: Եվ, ի պատիվ նրա, պիտի նշեմ, որ հատկապես այս վերջին տարիներին բոլոր մեծանուն դիրիժորներից միայն հիացմունքի խոսքեր ենք լսել»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031