Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր հագցնում Ժակլին Քենեդուն ու Մարլեն Դիտրիխին

Հուլիս 01,2020 12:30

Մադամ Գրե՝ նորաձեւության աստվածուհին ու ֆաշիզմի դեմ հանդես եկողը

Ժերմեն Կրեբս, Ալիկս Բարտոն, Մադամ Գրե… Նա ուներ բազմաթիվ անուններ եւ մեկ յուրօրինակ ստեղծագործական ձեռագիր:  Նա կանանց առաջարկեց հրաժարվել կորսետներից, նա բացահայտ հանդես էր գալիս ֆաշիզմի դեմ: Նրա զգեստները պաշտում էին  ժամանակի բարձրաշխարհիկ կանայք: Նա ծնվել էր Փարիզում, հրեական բուրժուայի ընտանիքում:

kulturologia.ru-ն պատմում է, որ Ժերմենը երեխա ժամանակ երազում էր քանդակագործ դառնալ, ինչին դեմ էին ծնողները: Դրա համար էլ որոշեց դիզայներ դառնալ: Նա սկսեց նախ կանացի գլխարկներ ստեղծել, որոնք մեծ պահանջարկ էին վայելում, իսկ հետագայում ընկերուհու հետ միանալով՝  բացեց առաջին ատելյեն, որտեղ կանացի սպորտային հագուստ էր արտադրվում:


Շուտով նրա գործընկերուհին լքեց նրան եւ Ժերմենը բացեց իր ALIX նորաձեւության տունը, որով էլ հայտնի դարձավ Փարիզում: Նա զգեստը ստեղծում  էր առանց կաղապարներ գծելու, միանգամից ձեւում էր պատվիրատուի մարմնի վրա, ու արդյունքը կատարյալ էր լինում: Ալիկս Բարտոնի ստեղծած յուրաքանչյուր զգեստը կոնկրետ կազմվածքի ու կոնկրետ կնոջ համար էր, երկրորդ այդպիսի զգեստ նա չէր կրկնում: Նրան է վերագրվում մետաքսե ջերսի կտորի ստեղծումը:

Ժերմենը կանանց առաջարկեց մեկընդմիշտ հրաժարվել կորսետներից ու ձիգ ներքնազգեստից: Նա կարծում էր, որ  զգեստը պետք է ընդգծի կանացի մարմնի բնական գեղեցկությունը:

1930-ականներին նա ամուսնացավ ռուս էմիգրանտ նկարիչ Սերգեյ Չերեւկովի հետ, որից հետագայում բաժանվեց, քանի որ ամուսինը Թաիթի փախավ: Ամուսնուց միայն ծածկանունը նրան բաժին հասավ: Մադամ Գրե ստեղծագործական անունով նա սկսեց զգեստներ ստեղծել թատերական ներկայացումների համար: Երբ պատերազմի ժամանակ ֆաշիստները գրավեցին Ֆրանսիան, Մադամ Գրեն սկսեց հետաքրքրել հիտլերականներին, քանի որ հրեական արմատներ ուներ: Նա ստիպված լքեց Փարիզը եւ դստեր՝ Աննայի հետ մեկուսացավ փոքրիկ գյուղակում: 1942-ին նա կրկին վերադարձավ Փարիզ՝ նորաձեւության սինդիկատ Լյուսիեն Լելոնգի հրավերով եւ սկսեց ղեկավարել նորաձեւության տունը:

Մինչ այդ տարիներին հանրահայտ դիզայներներից Շանելն անձնական կյանքն էր դասավորում, Սկիապարելին շրջագայում էր ԱՄՆ-ում, մադամ Գրեն բացահայտ հանդես էր գալիս ֆաշիզմի դեմ: Նրա ծագման վրա կարող էին աչք փակել, եթե մադամ Գրեն զգեստներ ստեղծեր բարձրաստիճան նացիստների կանանց համար, սակայն նա հրաժարվեց դա անել: Նա ցուցադրությունների ժամանակ մոդելներին հատուկ հագցնում էր ֆրանսիայի  դրոշի գույներով զգեստներ, անգամ նորաձեւության տան ճակատին էր հսկա դրոշ փակցրել, ինչը ֆաշիստները չէին կարող կուլ տալ: Բնականաբար նրա  նորաձեւության տունը փակեցին, իսկ տիկինը մի կերպ փախավ  Ֆրանսիայից՝ ձերբակալությունից խուսափելու համար: Մադամ Գրեն Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր էր եւ այլ բարձրագույն պարգեւների էր արժանացել, նրա զգեստները կրում էին Հոլիվուդի աստղերն ու հայտնի տիկնայք, այդ թվում՝ Մարլեն Դիտրիխը, Վիվիեն Լին, Գրետա Գարբոն, Ժակլին Քենեդին, Գրեյս Քելլին: Ի դեպ, իր պատվիրատուներին ինքն էր ընտրում: Մադամ Գրեն կարծում էր, որ իր զգեստները կարող են գնահատել միայն ինտելիգենտ, հարուստ ներաշխարհ ունեցող բարձրաճաշակ կանայք:

80-ականներին մադամ Գրեն փորձեց ցուցադրել իր նոր հավաքածուն, որը ստեղծված էր մասսայական սպառողի համար, սակայն առանձնապես հաջողություններ չունեցավ եւ ստիպված ողջ կոլեկցիան վաճառեց ֆրանսիացի բիզնեսմեն Բերնար Տապիին: Երեք տարի անց բիզնեսմենը սնանկացավ, նրա ողջ ունեցվածքը բռնագրավեցին: Ինչ վերաբերում է Գրեին, նա մահացավ իննսուն տարեկանում՝ Պրովանսում: Մահով, սակայն, նրա ստեղծագործական գործունեության հանդեպ հետաքրքրությանը վերջակետ չդրվեց: Շատ դիզայներներ սկսեցին հետաքրքրվել մադամ Գրեի ձեռագրով, իսկ Ազեդին Ալայան բազմաթիվ ջանքեր ու միջոցներ ծախսեց, որպեսզի Մարսելի նորաձեւության տան թանգարանից  հավաքի նրա  անկրկնելի ստեղծագործությունները ու դրանց հիման վրա էսքիզներ անի: Ալբեր Էլբազը եւ Հայդեր Ակերմանը մադամ Գրեին անվանում էին իրենց ոգեշնչողը, որի շնորհիվ նոր շունչ են ստանում նրա գաղափարները:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031