Ընդդիմադիրների գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 2017թ. փաստաթղթի համեմատությամբ այս տարվա փաստաթղթում նահանջ է արձանագրվել
Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ մասնակցում էր Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին, նա իր ելույթում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի դիրքորոշմանը՝ նշելով. «Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է եւ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարեւոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»:
Արցախի հարցում ԵՄ-ի դիրքորոշման թեման մեկ ամսից ավելի է քննարկվում է: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվեց բանաձեւի նախագիծ, որը Հայաստանում ընդդիմադիրների կողմից կոշտ քննադատության արժանացավ, այն որակվեց որպես հայկական կողմի համար վտանգներ պարունակող։
Այսպես, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մայիսին քվեարկվել եւ ընդունվել էր բանաձեւի նախագիծ, որում արտացոլված էին Եվրոպական խորհրդարանի խորհուրդները, հանձնարարականները՝ Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, ԵՄ հատուկ հանձնակատարին՝ արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության հետ կապված:
Կարդացեք նաև
Նման փաստաթուղթ վերջին անգամ ընդունվել էր 2017թ. նոյեմբերի կեսերին, իսկ քիչ անց, նույն թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին պատմական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ, ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, CEPA-ն:
Անցյալ ամիս 168.am-ի հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով թեմային՝ նկատել էր, որ Եվրոպայի խորհրդարանը «ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման» եւ «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում: Նա ուշադրություն էր հրավիրել դեռեւս այն ժամանակ բանաձեւի նախագծի հոդվածներից մեկի վրա. «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին. ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարեւորությունը», եւ նկատել էր, որ ԵՄ սատարումը ցանկացած ճանապարհով, այդ թվում նաեւ` նոր պատերազմով հակամարտություն կարգավորելը վերաբերում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ պետություններից միայն Ադրբեջանին եւ ԼՂ հակամարտությանը: Շահնազարյանը նկատել էր, որ՝ Քաղաքական պատճառներով չի կարող վերաբերել, քանի որ այդ երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ բացառում են ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծումը։ Բայց նույնիսկ տեսականորեն սա չի կարող վերաբերել այդ երկրներին, քանի որ այդ նույն բանաձեւի նախագծում կա մեկ այլ հոդված. «Մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ԱլԳ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները, նրանց տարածքների զավթման փորձերը եւ մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը եւ կիսում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով եւ համաձայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության եւ Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, կոնկրետ այն հակամարտություններում, որոնցում Ռուսաստանը կողմ է»: Շահնազարյանի փոխանցմամբ՝ «…նշանակում է, որ այս հոդվածում նշված` «մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը», ինչպես նաեւ «խաղաղ կարգավորումը» վերաբերում է այն հակամարտություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, իսկ դա միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Այսինքն, ըստ Եվրոպայի խորհրդարանի վերոհիշյալ բանաձեւի նախագծի` «ուժի կիրառման եւ սպառնալիքի մերժման» ու «խաղաղ կարգավորման» սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա չեն տարածվում:
Դավիթ Շահնազարյանը նաեւ մատնանշել էր, որ 2017թ. բանաձեւում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ նշված էր, որ կարգավորման հիմքում պետք է լինեն 2009-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ ամրագրված երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ բացի այդ, 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախաբանում վերոհիշյալ սկզբունքները ամրագրված էին որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք: Մինչդեռ այս տարվա բանաձեւի սկզբունքները չեն հիշատակվում, ընդամենը նշվել է՝ «2009թ. Հիմնարար սկզբունքներ»: Ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ՝ Եվրախորհրդարանի հանձնաժողովը խուսափել է արձանագրել նշյալ կարեւորագույն սկզբունքները, որն ըստ նրա՝ «մեծագույն կորուստ է մեզ համար»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գործընկեր պետությունների ներկայացուցիչներին ինչ աշխատանքներ է իրականացրել, Եվրոպական խորհրդարանում արդեն իսկ ընդունված զեկույցում ԼՂ խնդրի վերաբերյալ ձեւակերպումների մասով, առայժմ հայտնի չէ:
Հատկանշական է, որ ընդդիմադիրները այս առնչությամբ նշեցին, որ իրենց կապերի միջոցով փորձել են այս տարվա բանաձեւում ցանկալի ձեւակերպումները պահպանելու ուղղությամբ աշխատանքներ տանել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Մասնավորապես Շահնազարյանն ասել էր, որ՝ բանաձեւի նախագծի քննարկման այս ընթացքի մասին տեղեկություններ ստանալուն պես կապ է հաստատել Երեւանում ԵՄ անդամ այն պետությունների դեսպանների հետ, որոնց ներկայացուցիչները հանձնաժողովում առավել ակտիվ էին գործում մեր դեմ։ «Արմեն Աշոտյանը լուրջ աշխատանք կատարեց իր կապերով։ Հաջողվեց մի քանի ժամով մի փոքր ուղղում մտցնել, որպեսզի գոնե հիշատակվի Եվրախորհրդարանի 2017թ. հայտնի բանաձեւը, բայց հետագայում սա էլ մերժվեց», նկատել էր Շահնազարյանը։
Օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Եվրոպական խորհրդարանի զեկույցի՝ Հայաստանին եւ Արցախին վերաբերող, իր ձեւակերպմամբ՝ խնդրահարույց ձեւակերպումներին: Աշոտյանը նշյալ փաստաթուղթը համեմատել էր 2017-ին ընդունված փաստաթղթի հետ, արձանագրելով. «Այս տարվա նախնական փաստաթուղթն ընդունելի չէր Հայաստանի համար՝ Արցախի խնդիրի համատեքստում, եւ ես ու իմ գործընկերները մեծ ջանքեր գործադրեցինք, որպեսզի զեկույցի առաջին նախագիծը ենթարկվի փոփոխությունների՝ Արցախյան հակամարտության հարցով տեղ գտնեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք հարիր են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին եւ հայտարարությունով սատարող Եվրոպական միությանը: «Իմ քայլը» խմբակցությունը եւ ԱԺ ղեկավարությունը մատը մատին չեն տվել այս զեկույցում հայանպաստ ձեւակերպումներ առաջ մղելու եւ առաջարկելու եւ ոչ հայանպաստ ձեւակերպումները հանելու համար: Այդ աշխատանքն ամբողջությամբ մնացել էր արտախորհրդարանական ուժերի ուսերին՝ այս աշխատանքով զբաղվել է ՀՅԴ Հայ Դատի եվրոպական գրասենյակը, ես եւ Դավիթ Շահնազարյանը»:
ՀՀԿ փոխնախագահի փոխանցմամբ՝ այս տարվա զեկույցում ձեւակերպումները արցախյան հարցում շատ են զիջում 2017-ի նմանատիպ փաստաթղթի համեմատությամբ: «2017-ին ընդունված փաստաթղթում ԵԽ-ն, խոսելով արցախյան հակամարտության մասին, գնահատականներ տալով՝ ընդգծել է, որ սատարում է հիմնարար սկզբունքները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Այսինքն, այդ փաստաթղթի մեջ հատուկ նշված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում: Երկու օր առաջ ընդունված փաստաթղթում, ցավոք, այդպիսի հիշատակում չկա, բայց մենք կարողացանք առավելագույնը բրդել, որպեսզի հասնենք նրան, որ ձեւակերպումը ներառի 2009թ. հիմնարար սկզբունքների մասին հիշատակումը: Ավաղ, ավելին չստացվեց, որովհետեւ մենք չունենք որեւէ պետական լծակ, մանդատ ավելի մեծ ճնշում՝ աշխատանք տանելու եվրոպացի գործընկերների հետ»,- նշել էր նա:
Փաստաթղթում առկա մյուս խնդիրն, ըստ Աշոտյանի՝ «օկուպացված տարածքների» հիշատակման մասին է. «Եվ եթե 2017-ի զեկույցում ձեւակերպումն այնպիսին էր, որ դա վերաբերում էր ՌԴ կողմից, այսպես ասած՝ օկուպացված մի շարք տարածքներին՝ տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտների համատեքստում, ապա այս տարվա զեկույցում այդ տարբերակումը չկա: Այս ձեւակերպումը խնդրահարույց է, որովհետեւ ադրբեջանական կողմին տալիս է շահարկելու հնարավորություն, որ օկուպացված տարածքներում այլ երկրների զինված ուժերի ներկայությունը կարող է վերաբերել նաեւ, ցավոք, Արցախին»:
Այսպիսով, ընդդիմադիր գործիչների հնչեցրած մտահոգություններից մեկ ամիս անց՝ հունիսի կեսերին, Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում քննարկված եւ ընդունված նախագիծը քվեարկությամբ հաստատվեց։
Ամփոփումը՝ «Առավոտի» վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 30.06.2020