Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը դեռ 21 օր ունի…». Իրավաբանների կարծիքները՝ Արմեն Սարգսյանի դիրքորոշման վերաբերյալ

Հունիս 30,2020 23:13

Իրավաբաններն անդրադառնում են այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված հաղորդագրությանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով չստորագրվելու մասին:

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1) «Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու»։

2) Եթե անգամ ասի «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար։

3) Այդ 21 օրը նախագահի «անձեռնմխելի» սահմանադրական ժամկետն է – «տապալողները» պետք է սպասեն, և միայն 21 օր հետո է, որ ԱԺ նախագահը լիազորվելու է ստորագրել։

4) Քանի որ ենթադրյալ սպասողները «տապալողներն» են, ԱԺ նախագահին ստիպելու են (կամ էլ նա «ինքնաստիպվելու է») էսօր-վաղը ստորագրի։

5) «Մի էպիզոդ ավել, մի էպիզոդ պակաս – ինչ տարբերություն», – կասեք դուք։ Ես էլ կասեմ՝ 10 տարվա ու 15 տարվա միջև տարբերությունը ամենևին փոքր չէ։

6) Խե՜ղճ Յորիկ»։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու այսօր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները։

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝

Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը 21-օրյա ժամկետում կա՛մ ստորագրում է, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան։

Եթե Հանրապետության նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում նշված երկու գործողություններից որևէ մեկը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Նշվածից բխում է, որ Ազգային ժողովի նախագահը դեռևս չի կարող ստորագրել այսօր ընդունված օրենքների նախագիծն անկախ Հանրապետության նախագահի կողմից տարածված հաղորդագրության, և պարտավոր է սպասել մինչև հուլիսի 22-ը։

Սա իր հերթին նշանակում է, որ հունիսի 22-ից Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում և դեռևս շատ խնդիրների առջև է կանգնեցնելու մեր պետությանը՝ հեռու հանգուցալուծումից»։

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Կարծում եմ ԱԺ պատգամավորները պետք է առնվազն խորհեն, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի ստորագրում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նույնիսկ հրաժարվելով իր լիազորությունից: Ավելին՝ արդեն իսկ տեղեկացնում է, որ Սահմանադրության անօրինական փոփոխությունների, որոնց բոլոր դեպքերում անմիջականորեն ՉԳՈՐԾԵԼՈՒ պատճառով (դրա մասին գրել էի մի քանի օր առաջ) այսօր ԱԺ-ի ընդունած Սահմանադրական օրենքը ևս ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ:

Պարզապես մեկ հանգամանք պարզաբանեմ. Սահմանադրության 129-րդ հոդվածը ԲՈԼՈՐ դեպքերում նախատեսում է Նախագահի կողմից ստորագրման կամ ՍԴ դիմելու համար 21-օրյա ԺԱՄԿԵՏ: Միայն դրանց վերաբերյալ (ըստ էության այդ ժամկետում) Նախագահի կողմից գործողություն ՉԿԱՏԱՐԵԼՈՒ դեպքում՝ գործում է նույն հոդվածի 3-րդ մասը, որի դեպքում հենց ԱԺ նախագահն է ստորագրելու և հրապարակելու համապատասխան օրենքը՝ հնգօրյա ժամկետում: Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը հնարավոր չէ, արգելված է (ՍԴՈ-1518):

Հ.Գ. Ինձ մոտ տպավորություն է, որ այս հայտարարությամբ սկիզբ է դրվում Սահմանադրության 129-րդ հոդվածի հերթական «մեկնաբանությանը» որով 21-օրյա ժամկետից փորձ է արվում հրաժարվել: Սա որևէ կերպ իրավաչափ չէ, սա Սահմանադրության այդ հոդվածին հստակ հակասող մեկնաբանություն է: Նման գործիքակազմ չի կարող սահմանվել, քանի որ այն կստեղծի պարտականությունների կատարումից հրաժարվելու մեխանիզմ, ինչը չի կարող լինել իրավական պետությունում…»:

 

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է.

«Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք 21-օրյա ժամկետում չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

(ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մաս)

Ընդորում, որևէ հաղորդակցության միջոցով կամ այլ նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ կամ ժամկետի սղում, քանի որ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

(ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մաս)

Հետևաբար ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է ստորագրել նախագահի կողմից չստորագրված օրենքը բացառապես այն դեպքում, երբ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը լրացել է և այն չի ստորագրվել:

Առավել պարզ ասած.

1)Նախագահը դեռ 21 օր ունի`որոշելու`ստորագրում է օրենքը, թե ոչ:

2)Բացառապես 22-րդ օրն է ԱԺ նախագահը ստանում օրենք ստորագրելու լիազորություն, եթե իհարկե այն նախապես չի ստորագրվել նախագահի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930