ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:
Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը, որպեսզի խուսափեն էսկալացիայից: Միևնույն ժամանակ համանախագահները, հիմնվելով 2019թ. մարտի 9-ի իրենց հայտարարության վրա, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը կարող են խաթարել բանակցային գործընթացը:
Համանախագահները հերթական անգամ շեշտել են, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին հորդորել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահներն ընդգծել են նաև որքան հնարավոր է շուտ մշտադիտարկումը վերսկսելու անհրաժեշտությունը:
Ըստ տեղեկության՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել հուլիսին անցկացնել ևս մեկ տեսակոնֆերանս , քննարկվել է նաև առերես հանդիպելու հնարավորությունը՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ