Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային օրենսգրքում փոփոխությունների կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում. Նախագահի աշխատակազմ

Հունիս 30,2020 20:00

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի մասին

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2020թ. հունիսի 26-ին:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև Օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել Հանրապետության նախագահին:

Հանրապետության նախագահը Օրենքի շուրջ քննարկումներ է ունեցել մասնագիտական հանրության ներկայացուցիչների՝ իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:

Հանրապետության նախագահը տեղյակ է Օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով Օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ, եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու:

Ըստ տարբեր գնահատականների, համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում Օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք:

Ցավոք, Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:

Համաձայն Սահմանադրության, Հանրապետության նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում միևնույնն է օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ Օրենքի սահմանադրականության խնդիր չկա:

Հետևաբար, Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը:

Ստորագրելով հիշյալ Օրենքը, Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930