Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքներ են գրում մեր գործընկերները, որոնք չեն փայլատակել լրագրողական գործունեությամբ և նույնիսկ հարկ էլ չեն համարում քննարկել մեդիա ներկայացուցիչների հետ». Սաթիկ Սեյրանյան

Հունիս 30,2020 19:00

«Կա բովանդակության, ասելիքի ճգնաժամ ընդհանրապես քաղաքական-հասարակական կյանքում»,-Հայկական Փի Ար ասոցիացիայի կազմակերպած «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց քննարկմանը հայտարարեց լրագրող, հաղորդավար, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Անդրադառնալով «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի այն կարծիքին, թե շնաբարո դուսպրծուկ արտահայտությունը ատելության խոսք չէ, նա ասաց. «Շնաբարո դուրսպրծուկ, ասֆալտին պառկեցնելը չեմ կարծում, որ վիրավորանք և բռնություն չեն պարունակում: Իհարկե, նախկինում էլ է եղել, բայց ատելության խոսքը հատկապես սրվել է հեղափոխական իրադարձություններից հետո, դրան նպաստել է նաև համացանցը»:

Սաթիկ Սեյրանյանն օրինակ բերեց, որ հաճախ, երբ համացանցով կանանց տնից աշխատանք են առաջարկում, հենց նման ֆեյքերի աշխատանք է դա: Ըստ նրա՝ ասել, որ ֆեյքային պրոֆիլները, թեև գործում էին մինչև հեղափոխությունը, բայց դրանից հետո էլ ավելի, ազդեցություն չունեն, սխալ կլինի, քանի որ այդ տոքսիկ ֆոնն ուղղորդում է: Կրկին անդրադառնալով շնաբարո դուրսպրծուկ արտահայտությանը՝ նա ասաց. «Ես չգիտեմ որևէ մեկը ում ասեն շնաբարո դուսպրծուկ, և մարդը դրանից հաճույք ստանա կամ ուրախանա: Քիչ հատված կա, որ կասի պետք է լուրջ չընդունել, շատերը կարող են դրանից ազդվել: Ամենակարևորն այն է, որ դա ասում է երկրի ղեկավարը: Ու այդ պատճառով հարգանքը հասարակական ընկալումներում նվազում է, և դա նորմալ է դառնում հասարակական քաղաքական քննարկումներում, մինչդեռ, ընդհակառակը, բարձրաստիճան ղեկավարները դա չպետք է խրախուսեն»:

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ մամուլի խոսքը, լրագրողի աշխատանքը հեղինակազրկելու միտում կա. «Նպատակը ո՞րն է վարկաբեկելու, արդյոք դրանից իրենց խոսքն ավելի արժեքավո՞ր է դառնում: Պատերազմել մամուլի հետ, ընդ որում, մեր դեպքում ՀՀ-ն շատ փոքր երկիր է, շատ բան բոլորիս աչքի առաջ է, անիմաստ է: Նման հայտարարություններ ես լսում մարդկանցից, մեղադրանքներ լրագրողների, լրատվամիջոցների հասցեին, մարդկանց կողմից, որոնք մամուլում եղած կոռուպցիոն դրսևորումներից են եղել: Այս ԱԺ-ն ամենաշատ լրագրողներ ունեցող խորհրդարանն է, ու երբ օրենք են քննարկում մարդիկ, մեր գործընկերները, վիրավորում են իրենց կոլեգաներին, մարդիկ, որոնք իրենց լրագրողական գործունեությամբ չեն փայլատակել, նույնիսկ իրենց լրագրողական պրոդուկտով, օրենքներ են գրում, նույնիսկ հարկ էլ չեն համարում քննարկել մեդիա ներկայացուցիչների հետ: Արդյոք սա կոնկրետ նպատակային չի՞ արվում»:

Քաղաքական գիտությունների թեկնածու, հեռուստահաղորդավար, մեկնաբան, «Արմնյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի տնօրեն Աբրահամ Գասպարյանի ձևակերպմամբ՝ խոսքի ճգնաժամը մամուլով պայմանավորված չէ. մամուլը ներկայացնող, մեկնաբանող, վերլուծող է, բայց աշխարհում ընդհանրապես մտքի ճգնաժամ կա: Ըստ նրա՝ եթե ոչ էլիտան, ապա ո՞վ պետք է տարբերվի. «Չեմ ուզում համեմատականներ անցկացնել անցած երեսուն տարվա նարատիվի միջև, բայց վերջին տասը տարիների ընթացքում ճգնաժամն ավելի ակնհայտ դարձավ, քանի որ սոցիալական մեդիան դարձավ շատ ավելի տարածական: Մարզերում գնահատականներն ավելի զուսպ են, քան քաղաքակրթական միջավայրում. պարզ է լիբերալիզմ, արժեքների բախումներ»:

Ըստ նրա՝ այսօր մամուլը, ազատ, համարձակ խոսքը հարվածի տակ է, ինչը վտանգավոր է:

Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ ատելության խոսքի դեմ պայքարի այն միջոցները, որով առաջնորդվում են առաջատար համաշխարհային լրատվամիջոցները, ճիշտ են. «Օրինակ տարբերակ է, երբ մեկնաբանելու հնարավորություն են ունենում բոլոր այն մարդիկ, որոնք բաժանորդագրված են: «Նյու Յորք թայմս»-ում դուք մեկնաբանություն գրել չեք կարող, եթե բաժանորդագրված չեք, ամերիկյան դիսկուրսում հետևյալն է, եթե մենք գնում ենք ազատ խոսքի գրաքննության, ապա մենք ավելի էսկալացիայի ենք տանում, քանի որ դա դրսևորվում է հասարակության այլ շերտերում տարբեր ձև»:

Լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասաց, որ հետևում է այն ֆուտբոլային հանդիպումներին, որտեղ մասնակցում է Հենրիխ Մխիթարյանը: Յուրաքանչյուր խաղից հետո ուսումնասիրում է այդ ակումբների պաշտոնական էջերը և տեսնում ատելության, վիրավորանքների չդադարող հոսք, որը որևէ կերպ մոդերացիա չի արվում կամ արվում է ուշացումով: Դավիթ Ալավերդյանի կարծիքով՝ ատելության խոսքի դեմ պայքարում երկրները դեռ հաջողություններ չեն գրանցում:

Նա օրինակ բերեց Մեծ Բրիտանիայի փորձը, որտեղ լրատվամիջոցներն իրենց ֆինանսական ռեսուրսներով ստեղծել են հատուկ ինքնակառավարման մարմին, որը զբաղվում է այս հարցերով. «Եթե հիմա դիմենք դատարան, առանձնապես հույս չկա, որ հաջորդ տարեվերջին մեր գործը կքննվի: Այնպես որ, պետք է միշտ առաջնորդվել այն սկզբունքով, որ խոսքի՝ իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քոնը: Երբ մենք ուրիշի ատելության խոսքը մեր հարթակներում տարածում ենք, դրանով նպաստում ենք, որ հերթական անգամ էլ ավելի մեծ ալիք գա ատելության, որի զոհը կարող ենք ինքներս դառնալ»:

«Իրավական ուժ» ՀԿ համահիմնադիր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Արման Ղարիբյանի համար դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ լրատվամիջոցները կպայմանավորվեն միասնական դիրքորոշում ունենալ, որ ուղղակի ատելության խոսք պարունակող տեքստերը չհրապարակեն: Ըստ նրա՝ այն եզակի լրատվամիջոցները, որոնք նման հանձնառություն կստանձնեն, կսկսեն զիջել իրենց դիտումների առումով:

Խոսելով հասարակական-քաղաքական գործիչների մասին՝ Արման Ղարիբյանն ասաց. «Շատ քիչ հանրային գործիչներ կան, որոնք այսօր աչքի են ընկնում խոսքի զսպվածությամբ: Շատ կուզեի, որ դրական օրինակները վարակիչ դառնան, իսկ հակառակը մերժվի հանրության կողմից: Ես ինքս ամեն առիթով փորձում եմ հորդորել, որ փորձենք կոռեկտության սահմաններում արտահայտվել, գուցե մարդկանց կոչ անենք զսպվածության, կարողանանք այդպես հանրային խոսքը մաքրել ատելությունից և բացասական էներգիայից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930