Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հետապնդումը ոչ թե կապված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի կիրառման հետ, այլ առաջնային մեղադրանքի». Հովհաննես Խուդոյան

Հունիս 30,2020 17:52

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին սոցիալական հեռավորության որևէ կանոն չէր պահպանվել ու նշեց. «Այս գործով դատավարության մասնակիցների մեջ կան անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված, ինչը պետք է ենթադրի դատարանի կողմից ավելի մեծ ջանասիրություն այդ ռիսկերը նվազեցնելու համար»:

Նրա համար զարմանալի է, թե ինչ զարմանալի հանգամանք կար իրենց պահանջի մեջ. «Տպավորություն է, որ մեղադրողները տեղեկություններ չունեն, թե ինչ է կորոնավիրուսի վարակը և ինչ վտանգավորություն աստիճան այն ունի»:

Այն հակադարձումներին, թե ինչու նախորդ նիստերին այդ մասին չէին բարձրաձայնում, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Մայիսին կայացած նիստի մասին է խոսքը, երբ կորոնավիրուսի վարակի ցուցանիշները չորս անգամ ավելի նվազ էին: Մենք այսօր ունենք 25 հազար դեպք, երբ այն ժամանակ ունեինք 5-6 հազար դեպք: Ո՞նց կարելի իրավիճակի լրջությանը նման կերպ վերաբերվել: Մեղադրական կողմում փաստացի իրարից հեռու չեն նստում, քանի որ առհասարակ դատավարությունը դինամիկ երևույթ է. սոցիալական հեռավորություն չեն պահպանում, քանի որ իրար հետ քննարկում են»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեկ այլ անդամ Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ նման քննարկում դատական նիստերի դահլիճում չպետք է տեղի ունենար: Նա հայտարարեց. «Դատարանը պարտավոր է քրեական գործերով՝ մանավանդ նման հնչեղություն ունեցող, ապահովել դատական նիստերի դահլիճում քրեական գործերի բնականոն ընթացքը, ինչը չի ապահովվել: Մենք կորոնավիրուսի համաճարակի հայտարարումից հետո ունեցել ենք երեք դատական նիստ, որից մեկը եղել է շատ շուտ, երբ համավարակը նման տարածում չուներ, մյուսը մայիսի 8-ին: Այդ նիստով էլ արձանագրել ենք, որ կա ռիսկ և հենց դա մեղմելու համար է անցկացվում այդ նիստը և հարկադիր մասնակցում ենք դատական նիստին: Հենց այդ ժամանակ էլ խնդրել էինք դատարանին, որ մինչև հաջորդ նիստը ապահովեն դատական նիստերի պայմանները»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշումից հետո՞ էլ են պնդում, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Քաղաքական հետապնդումը ոչ թե կապված է խափանման միջոցի կիրառման հետ, այլ առաջնային մեղադրանքի հետ, որն առաջադրվել է 2018-ի հունիսին, դրա բովանդակության, դրա իրավական խոտանների, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչների՝ գործին անթաքույց մասնակցության հետ: Այս գործով վերջին շրջանում ուղղակի հանձնարարականներ են տրվում, թե դատարաններն ինչ պիտի անեն, ուղղակի այդ ճանապարհին գուցե դեմ են առել սկզբունքային դատավորի կայացրած որոշման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930