Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին առաջարկեց հայտարարել ընդմիջում և ախտահանել դատական նիստերի դահլիճը:
Նա հայտարարեց. «Իմ տպավորությամբ՝ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև անհասկանալի անփույթ վերաբերմունք է դրսևորվում»:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ եթե ոչ երեկոյան, ապա վաղն առավոտյան կհանձնի թեսթ: Նա հայտնեց, որ դատական նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել էր կիրակի օրը: Փաստաբանը զարմացած է, որ դատական նիստերի դահլիճը չի ախտահանվում. «Կան նվազագույն պայմաններ, որոնք եթե դատարանը հրավիրում է դատական նիստ, պիտի ապահովի: Բնական էր, որ չէր կարող հենց այդ նիստին արվել այդ ամենը, զարմանալի էր, թե ինչու մինչև այդ պահը չէր արվում: Այստեղ միայն մեր հարցը չէ. մեզնից առաջ, հետո, ամեն օր, նիստեր են հյուրնկալում: Եթե երջանիկ պատահականությամբ մեզնից ինչ-որ մեկը վարակակիր չէ, դա չի նշանակում, որ մեզնից առաջ կամ հետո դահլիճ մտնողը վարակակիր չէ: Անհասկանալի է՝ ինչո՞ւ վարսավիրանոցները հնարավորություն ունեն ամեն այցելուից հետո սրահն ախտահանել, իսկ դատական նիստերի դահլիճները՝ ոչ»:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 13:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ