Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը. Վահե Հովհաննիսյան

Հունիս 30,2020 17:30

Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։

Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։

Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ  ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։

Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։

Ի՞նչ ունենք այսօր Հայաստանում, որո՞նք են ամենաէական խնդիրները.

1.Կառավարության միակ ռազմավարությունը կոչերն են, որոնք մի քանի պատճառներով տեղ չեն հասնում։

2.Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը։ Կոչը կարող է տալ արդյունք, եթե կոչում ամրագրված նպատակները պետական մեքենան սկսում է իրականացնել՝ կոնկրետ լուծումների տեսքով։

3.Առողջապահության նախարարը բաց է թողել նույնիսկ ընթացիկ կառավարման թելը։ Հայաստանում oրական 700-ի սահմաններում արձանագրվող նոր դեպքերի պարագայում կատարվում է 1000-2000 տեստ։ Երեկ՝ 1273, նախորդ օրը՝ 1398 տեստ։ Սա պետության գործառույթն է կամ դրա ուղիղ տապալումը, որն արժենում է մարդկային կյանքեր։ Նման տեստավորման պայմաններում հնարավոր չէ հասկանալ օբյեկտիվ վիճակը, հնարավոր չէ հայտնաբերել հիվանդներին, նրանց շփման միջավայրերը, իրականացնել էֆեկտիվ մեկուսացումներ։

4.Պարզ չէ, թե ի վերջո ով է գիտակից լոքդաունի և այլ գիտակցված քայլերի կոչերի հասցեատերը։ Հասարակության գիտակից շերտը մարտ ամսից առանց որևէ լրացուցիչ կոչի պահում է բոլոր նորմերը՝ ցուցաբերելով գիտակից քաղաքացու վարքագիծ։ Ի տարբերություն՝ իշխանության և հասարակության՝ նվազ գիտակից շերտերի։ Իրականում այսօր հանրության գիտակից հատվածը պարտվում է այդ՝ իշխանություն-անգիտակից շերտեր դաշինքին։

5.Մենք ամեն առավոտ պաշտոնապես տեղեկանում ենք հարյուրավոր նոր հիվանդների, նոր մահերի մասին։ Պաշտոնապես տեղեկանում ենք, որ համաճարակային վիճակը ծայրահեղ բարդ է։ Իշխանությունները վերածվել են մեր հիվանդության և մեր մահերի վիճակագիրների։ Ընդամենը այդքանը։ Մյուս առումներով՝ բացարձակ անորոշություն, աճող հուսահատություն։

6.Կա արտակարգ դրություն, սակայն չկա արտակարգ պարետատուն.պարետատան այսօրվա աշխատանքն իր արդյունավետության մակարդակով ակնհայտորեն անհամարժեք է իր առջև ծառացած խնդիրներին, դրանց ծավալին ու սրությանը։

7.Բնակչության կենսագործունեության՝ օրեցօր դժվարացող իրավիճակում իշխանությունն օգտվում է արտակարգ դրությունից՝ իրեն անխոս ենթարկվող ԱԺ միջոցով հրատապ կերպով ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար՝ առանց պատշաճ հանրային քննարկման։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։

8.Համաճարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվում ենք փնթի կառավարման փաստին։ Դրա համար վճարում ենք շատ բարձր գին։ Փնթի կառավարումը ամենուր է։ Վերջին օրերին ընդունված բոլոր օրենքները փնթի են կազմված՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ։ 2018-ի մեծ փոփոխությունների և դրական ահռելի սպասումների բրենդը փոխվել է։

Փնթի կառավարում. Հայաստանի այսօրվա բրենդն է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930