Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակը կարող է մեծացնել հարկադիր վաղ ամուսնության ռիսկը՝ որպես ընտանիքի տնտեսական բեռը նվազեցնելու քայլ. ՄԱԿ-ի նոր զեկույցը

Հունիս 30,2020 16:56

Դիմակայելով վնասակար գործելակերպերի լուռ և էնդեմիկ ճգնաժամին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի այսօր  թողարկած «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույցի համաձայն, ամեն տարի աշխարհում միլիոնավոր աղջիկներ, իրենց ընտանիքների, ընկերների և համայնքների լիարժեք գիտությամբ և համաձայնությամբ, ենթարկվում են այնպիսի գործելակերպերի, որոնք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես վնասում են նրանց։

Առնվազն 19 վնասակար գործելակերպեր՝ սկսած կրծքագեղձի արդուկումից մինչև կուսությունը ստուգելը, համարվում են մարդու իրավունքների խախտում՝ ասվում է ՄԱԲՀ զեկույցում, որն ուղղված է երեք առավել տարածվածներին՝ կանանց սեռական օրգանների խեղմանը, մանկահասակների ամուսնությանը և դուստրերի նկատմամբ ծայրահեղ կողմնակալությանը՝ հօգուտ արու զավակների:

«Աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերը բերում են խոր և տևական տրավմաների, ինչը նրանց զրկում է սեփական լիարժեք ներուժին հասնելու իրենց իրավունքից», – ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն, դոկտոր Նատալյա Քանեմը:

Այս տարի մոտավորապես 4,1 միլիոն աղջիկ ենթարկվելու է կանանց սեռական օրգանների խեղման: Այսօր, 18 տարեկանից ցածր 33,000 աղջիկ հարկադրված է լինելու ամուսնանալ՝ սովորաբար շատ ավելի տարեց տղամարդկանց հետ: Ի հավելումն, դուստրերի համեմատությամբ արու զավակներին տրվող ծայրահեղ նախապատվությունը որոշ երկրներում հանգեցրել է նորածինների սեռով պայմանավորված կողմնակալ ընտրության կամ մանուկ հասակում մահվան հանգեցնող ծայրահեղ անտեսման, ինչը հանգեցնում է 140 միլիոն «կորսված կանանց»:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մանկահասակների ամուսնությունը հիմնականում անօրինական է և, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, բայց դեռ լայնորեն տարածված է տարածաշրջանի որոշ հատվածներում (որոշ երկրներում կանանց մինչև 15%-ն ամուսնացել են մինչև 18 տարեկան դառնալը, իսկ որոշ համայնքներում յուրաքանչյուր երկու կանանցից մեկն ամուսնացել է երեխա ժամանակ):

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տարածված է նաև արու զավակների նախապատվությունը, ինչը Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի որոշ հատվածներում հանգեցրել է նորածինների սեռային լուրջ անհամամասնության, քանի որ այնտեղ շատ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ:

Այն երկրները, որոնք վավերացրել են միջազգային այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան», պարտավոր են դրան վերջ դնել: Շատերն արձագանքել են օրենքներ ընդունելով, բայց միայն օրենքները բավարար չեն:

Տասնամյակների փորձը և հետազոտությունները ցույց են տալիս, որ վարից վեր, հանրությունից ելնող մոտեցումներն ավելի լավ են բերում փոփոխությունների՝ նշվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում:

«Այս բոլոր վնասակար գործելակերպերը մեկ ընդհանուր հիմնապատճառ ունեն՝ աղջիկների և կանանց լայնասփյուռ և համառ թերարժևորումը»,- ասում է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ալանա Արմիտաժը: «Բայց մենք տեսնում ենք, որ սոցիալական նորմերը փոխվում են ճիշտ ուղղությամբ, և կա իրական հնարավորություն, որ միասին – կառավարություններ, քաղաքացիական հասարակություն, ազդեցիկ մարդիկ և մարդիկ, ում վարքագիծն ընդօրինակման առարկա է – աշխատելով, մենք կարող ենք աղջիկներին վնասող գործելակերպերը թողնել անցյալում»:

Զեկույցի համաձայն, խտրական սոցիալական նորմերը փոխելու ծրագրերը արդյունավետ են վնասակար գործելակերպերի վերացման հարցում, բայց դրանք չպետք է նեղորեն կենտրոնանան բացառապես այդ գործելակերպերի վրա: Փոխարենը, դրանք պետք է անդրադառնան առկա ավելի լայն խնդիրներին՝ ներառյալ կանանց և աղջիկների ստորադաս դիրքին, նրանց մարդու իրավունքներին և հարցին, թե ինչպես բարձրացնել նրանց կարգավիճակը և հնարավորությունների հասանելիությունը:

Առաջիկա 10 տարում կարելի է ամբողջ աշխարհում վերջ դնել մանկահասակների ամուսնությանը և կանանց սեռական օրգանների խեղմանը` մեծացնելով դպրոցում աղջիկներին ավելի երկար պահելու և նրանց կյանքի հմտություններ սովորեցնելու, ինչպես նաև տղամարդկանց ու տղաներին սոցիալական փոփոխությունների մեջ ներգրավելու ջանքերի մասշտաբը: Ըստ զեկույցի, մինչև 2030 թ. տարեկան 3,4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ ներդրումները թույլ կտան վերջ դնել այս երկու վնասակար գործելակերպերին և մոտ 84 միլիոն աղջկա կազատեն տառապանքից:

Չնայած ամբողջ աշխարհում վնասակար գործելակերպերին վերջ տալու հարցում առաջընթաց է գրանցվել, COVID-19 համավարակը սպառնում է հետ շրջել ձեռքբերումները: Վերջերս կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ եթե համապատասխան ծառայությունները և ծրագրերը վեց ամիս մնան առկախված, ապա ևս 13 միլիոն աղջիկ երեխայի կարող են ստիպել ամուսնանալ և ևս 2 միլիոն աղջիկ կարող է ենթարկվել սեռական օրգանների խեղման:

Համաճարակը կարող է մեծացնել հարկադիր վաղ ամուսնության ռիսկը՝ որպես ընտանիքի տնտեսական բեռը նվազեցնելու քայլ: Իսկ մեկուսացումները, դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները խաթարում են դեռահաս աղջիկների առօրյան և նրանց աջակցության համակարգերը:

«Համավարակը է՛լ ավելի շատ աղջիկների է վտանգի տակ դնում և սպառնում է խաթարել մեր առաջընթացը», – նշում է Արմիտաժը: «Մենք պետք է կրկնապատկենք ջանքերը` ապահովելու, որ աղջիկներն ամենուր կարողանան լիարժեք օգտվել իրենց իրավունքներից, ընտրություններ կատարեն սեփական կյանքի և մարմնի վերաբերյալ»:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՍԵՌԵՐԻ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆՔ ԱՆՑԵԼ

Խնդրի բացահայտումը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2011 թ.-ին նախաձեռնեց հետազոտություն, որը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթ: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում նորածինների սեռային հարաբերակցությունը շեղվել է բնականոնից, որը համարվում է 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, վաղ 2000-ականներին հարաբերակցությունը հասել էր 120 նորածին տղայի՝ 100 նորածին աղջկա հաշվով, համեմատաբար կայունանալով 2010-ականների սկզբին՝ 114-115 տղա/100 աղջիկ մակարդակում։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2013 թ.-ին հրապարակված հաջորդ հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում առկա են հղիության սեռով պայմանավորված ընդհատման բոլոր երեք նախապայմանները՝

հայաստանյան հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկ երեխաներից՝ գրեթե 6 անգամ.

երկրում առկա և հասանելի են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից.

զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ. ծնելիությունը բավականին ցածր է պարզ վերարտադրության աստիճանից (Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը 1990-ականների սկզբի՝ մեկ կնոջ հաշվով միջինը 2,62 երեխայից նվազել է մինչև այսօրվա 1,6-ը)։

Հետազոտություն կանխատեսում էր, որ եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ապա մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին, իսկ չծնված աղջիկների տարեկան թիվը մինչև 2060 թ. կհասնի 2000-ի: Բացի այդ, Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան հանդիսանալ:

Աշխատանքը

Հիմնվելով հետազոտությունների վրա, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը լուսաբանման և իրազեկման լայնածավալ աշխատանքներ մեկնարկեց, ինտենսիվ հանդիպումներ սկսեց գործընկերների հետ՝ տրամադրելով փորձագիտական օժանդակություն։
Արդյունքում լայն ճակատ կազմվեց գործընկերների՝ ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Եկեղեցու, լրագրողների ու լրատվամիջոցների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, բուժաշխատողների, սոցիալական աշխատողների, հանրության բավականին ստվար մասի հետ՝ հանուն այս արատավոր երևույթի վերացման։

Միջազգային և տեղական գործընկերները, այդ թվում՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Սեյվ դը չիլդրեն»-ը, Արմավիրի զարգացման կենտրոնը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը՝ ԵՄ ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և այլք, իրենք մեկնարկեցին մի շարք ծավալուն ծրագրեր՝ աշխատանքը հավելելով հետազոտություններով։ Սոցիալական ցանցերով հանրային ալիք բարձրացավ երևույթի դեմ։

2014 թ.-ին կառավարությունն ընդունեց սեռի հատկանիշով պտղի խտրական ընտրության և սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընդունման անհրաժեշտությունն ընդգծող առաջին որոշումը, իսկ 2015 թ.-ին մշակեց և հաստատեց համապատասխան ծրագիր (2015-2017 թթ.), որին հաջորդեց 2020 թ. հաստատված համանուն ծրագիրը 2020-2023 թթ. hամար։

2016 թ. հունիսին Ազգային ժողովն ընդունեց սեռով պայմանավորված աբորտների արգելման վերաբերալ կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության փաթեթը։

2017 թ.-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկեց ԵՄ ֆինանսավորմամբ «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագիրը», որին Հայաստանի հետ միասին մասնակցում էին ևս հինգ երկրներ՝ Հարավային Կովկասից և Ասիայից։

Արդյունքը
Քարոզչական և իրազեկման համատեղ լայնածավալ ու լարված ջանքերը հանգեցրին նրան, որ Հայաստանում սկսեց դրականորեն փոխվել նորածնի սեռին տրվող նախապատվությունը։

Նորածնի սեռին տրվող նախապատվությունը ՀՀ-ում 2011 և 2016 թթ.-ին

«Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության վերլուծություն»։

Աշխատանքների թափ առնելուց կարճ ժամանակ անց, Հայաստանին հաջողվեց նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը մինչև 110 տղա՝ 100 աղջկա հաշվով (2019 թ.)։

Այդուհանդերձ, դեռ երկար ու համառ աշխատանք է սպասվում, մինչև հարաբերակցությունը հասնի բնականոնին՝ 102-106 տղա՝ 100 աղջկա հաշվով և այլևս երբեք չխախտվի։ Մենք և մեր գործընկերները պատրաստակամ ենք կատարել այդ աշխատանքը։ Իսկ դու՞ք։

Փաստեր վնասակար գործելակերպերի մասին «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույց

Անհավասարությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ բացասական վերաբերմունքն առաջացնում վնասակար գործելակերպեր.

Աշխարհի բնակչության 80%-ը ներառող երկրներում արված հետազոտության համաձայն, 10-ից 9-ը կանխակալ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ:
Ավելի քան 140 միլիոն կին այսօր «կորսված» է՝ երեխայի սեռի խտրական ընտրության և սեռի հետծննդյան ընտրության հետևանքով:

Այսօր ապրող մոտ 200 միլիոն աղջիկ և կին ենթարկվել են սեռական օրգանների խեղման այս կամ այն տեսակին:

Կանանց սեռական օրգանների խեղման բարձր տարածվածություն ունեցող երկրներ.

Եգիպտոս. երբևէ ամուսնացած կանանց 92%-ը ենթարկվել են սեռական օրգանների խեղման:
Ջիբութի, Գվինեա և Մալի. Կանանց 90 և ավել տոկոսը ենթարկվել է սեռական օրգանների խեղման։
Ինդոնեզիա. 11 տարեկան և ավելի փոքր աղջիկների 49%-ը ենթարկվել է սեռական օրգանների խեղման:

Ամբողջ աշխարհում մոտավորապես հինգ երեխայից մեկն ամուսնացած է:

Հինգ երեխայից երկուսն ամուսնացած են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
Երեք երեխայից մեկն ամուսնացած է Արևելյան և Հարավային Աֆրիկայում:
Չորս աղջիկներից մեկն ամուսնացած է կամ ոչ պաշտոնական միության մեջ է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: (էջ 97)

Վնասակար գործելակերպեր տեղի են ունենում նաև արդյունաբերական երկրներում.

2011 թ.-ին Շվեդիայում՝ 11,000 աղջիկ, Իռլանդիայում՝ մինչև 1,600 աղջիկ, Պորտուգալիայում՝ 1,300 աղջիկ կարող են ենթարկված լինել սեռական օրգանների խեղման: 2012 թ.-ին Միացյալ Նահանգներում 513,000 աղջիկ կա՛մ սեռական օրգանների խեղման վտանգի տակ էր, կա՛մ ենթարկվել էր:
2000-ից 2005 թթ. ընթացքում Միացյալ Նահանգներում ավելի քան 200,000 երեխա ամուսնացած էր:

Կրթությունը հզոր գործիք է վնասակար գործելակերպերի վերացման համար:

Ենթասահարային Աֆրիկայի 15 երկրներում միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր լրացուցիչ տարին զգալիորեն նվազեցնում է մինչև 18 տարեկան երեխաների ամուսնության և ծննդաբերության հնարավորությունը։

Հնդկաստանում.
կրթություն չունեցող աղջիկների 51%-ը ամուսնանում է մինչև 18 տարեկանը
միայն տարրական կրթություն ունեցող աղջիկների 47%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը
միայն միջնակարգ կրթություն ունեցող աղջիկների 29%-ը ամուսնանում է մինչև 18 տարեկանը
հետդպրոցական կրթություն ունեցող աղջիկների 4%-ն է ամուսնանում մինչև 18 տարեկանը։

Վնասակար գործելակերպերն ազդում են աղջիկների և կանանց, համայնքների և երկրների զարգացման վրա.

2017-2030 թթ. ժամանակահատվածում, ընդամենը 12 երկրում, որտեղ տարածված է մանկահասակների ամուսնությունը, մարդկային կապիտալի կորուստը կկազմի 63 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելին է, քան այդ երկրների ստացած զարգացման պաշտոնական աջակցությունը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930