«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացրել հաղորդագրության մասին՝ իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին անդրադառնալ այդ հաղորդմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ձեր նշած իրադարձությանը բավականին անտարբեր եմ վերաբերվում, և որևիցե դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում, առավել ևս՝ որքանով ես տեսա՝ ներկայացնում էր մի մարդ, որ ինքը քրեական երկու գործով է անցնում, եթե չեմ սխալվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, թե փաստաթղթերի հետ կապված, վստահ չեմ։ Ուստի, անկեղծ ասած, բավականին անլուրջ եմ վերաբերվում»։
Aravot.am-ը այս մասին զրուցեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ։
«Երևի պետք է սպասել դատախազ Ալեն Սիմոնյանի կողմից իմ նկատմամբ երկրորդ քրեական գործի հարուցմանը, որովհետև իմ նկատմամբ չկա երկրորդ քրեական գործ։ Կա մի քրեական ապօրինի, շինծու գործ, որը ինչպես բոլորը գիտեն, քաղաքական ենթատեքստ ունի։ Իսկ ինչ վերաբերում է, թե Ալեն Սիմոնյանը լուրջ է ընդունում, թե լուրջ չի ընդունում, Ալեն Սիմոնյանը չունի այդքան լրջություն, որ որևէ հարց նրա լուրջ ընդունելը համարվի լուրջ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Արսեն Բաբայանի խոսքերով՝ Ալեն Սիմոնյանը չէ այն անձը, որը պետք է մոտեցում ցուցաբերի, և այդ մոտեցումը պետք է նշանակություն ունենա․ «Դրա համար կա իրավասու մարմին, մենք դիմել ենք իրավասու մարմնին՝ գլխավոր դատախազությանը։ Իրավասու մարմինը կկայացնի որոշում, ըստ դրա կդիտարկենք հետագա մեր անելիքները»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ