Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան. «Ժողովրդավարությունը բարձրացնելու է Հայաստանում անվտանգության մակարդակը եւ ավելի թափանցիկ է դարձնելու»

Հունիս 30,2020 16:28

«Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» վեբինարի նպատակն էր հասարակության լայն շրջանակներում բարձրացնել անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարման եւ դրան ուղղված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այն ԵԱՀԿ-ի «Հայաստանում անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը» ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման առաջին միջոցառումն էր:

Վեբինարին մասնակցեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ԵԱՀԿ աշխատանքային խմբի ղեկավար Ինիդ Միլոնը:

Արմեն Գրիգորյանը կարեւորեց ժողովրդավարությունը եւ ժողովրդավարացման գործընթացները Հայաստանում, այսպիսի ձեւաչափով Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացքը քննարկելը: «2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարացման լայնամասշտաբ գործընթաց է սկսվել, որը վերաբերում է ոչ միայն ընտրական ինստիտուտին, քաղաքացիական հասարակությանը, պառլամենտին, այլեւ անվտանգության ոլորտին, որովհետեւ ժողովրդավարացման պրոցեսը համապարփակ պետք է լինի: Դա չպետք է վերաբերի միայն ու միայն ընտրական ինստիտուտին կամ կառավարման համակարգի մի մասին: Այն պետք է լինի համապարփակ եւ իր մեջ ընդգրկի նաեւ անվտանգության ոլորտը:

Ես նույնպես կարեւորում եմ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությամբ աննախադեպ այս գործընթացը, երբ միջազգային կառույցները, խորհրդարանը, անվտանգության սեկտորի կամ ինստիտուտի ներկայացուցիչները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունը եւ ՄԻՊ ինստիտուտը փորձում են համատեղել ջանքերը անվտանգության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը բարձրացնելու է Հայաստանում անվտանգության մակարդակը եւ ավելի թափանցիկ դարձնելու, որովհետեւ ժողովրդավարության տրամաբանությունից եւ սկզբունքներից ամենակարեւորներից մեկը թափանցիկությունն է:

Իհարկե, անվտանգության ոլորտում կա ընկալում եւ մոտեցումներ, թե ինչքան պետք է լինի այդ թափանցիկությունը՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգության յուրահատուկ իրավիճակը, բայց մենք համոզված ենք, որ պետք է փորձենք անել ամեն ինչ առավել թափանցիկ լինելու, թափանցիկության այնպիսի մակարդակ ունենալու, որը չի վնասի անվտանգության համակարգին»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930