ՀՀ-ում կա 276 500 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է ու այս պահին չեն հարկվում, իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 276 500-ից մոտ 8 հազարը տարեկան վճարելու են մինչեւ 1000 դրամ գույքահարկ, եւ դա 2026 թվականին, այսինքն՝ առաջին տարիներին տարեկան ստացվում է 250 դրամ: Այսպիսի հաշվարկ այսօր կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով գույքահարկի նոր նախագծի մասին այն քննադատություններին, թե 500 հազար գույք կա, որոնց կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է:
Ըստ պատգամավորի, 276 500 գույքից 94 հազարը տարեկան վճարելու է 3-ից 5 հազար դրամ՝ 2026 թվականին, բնակելի տները՝ 240 հազար են, որոնց կադաստրային արժեքն այս պահին 3 միլիոն դրամից պակաս է, իսկ վերագնահատումից հետո 240 հազարից 86 հազարը տարեկան վճարելու է մինչեւ 1000 դրամ, 92 հազարը վճարելու է 1000-ից 3000 դրամ, 28 հազարը՝ 3-ից 5 հազար դրամ. «Հիմա եթե տարեկան 1000 կամ 3000 դրամը սոցիալական որոշ խմբերի համար բեռ է, այստեղ լուրջ անելիքներ ունենք, բայց ոչ այս համակարգի միջոցով, այլ՝ մարդկանց եկամուտներն եւ սոցիալական վիճակը լավացնելով: Բայց սրանք իրար հետ փոխկապակցված են: Օրինակ՝ համայնքը ենթակառուցվածքներ, ճանապարհ, դպրոց չունի, որովհետեւ չունի սեփական եկամուտ: 500 տուն ունեցող համայնքի համար 2000 դրամներ հավաքելով կարող են համայնքի համար խնդիր լուծել»:
Ասուլիսի մասնակից կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ հստակեցրեց՝ կադաստրի հաշվարկած գույքի բազային արժեքները մոտարկված են եւ դրանք շուկայականից բավականին ցածր են: Պարոն Թովմասյանն օրինակ բերեց՝ Երեւանի փոքր կենտրոնում 1 քմ հողի համար հաշվարկված է բազային արժեք 330 հազար դրամ, նորակառույց շենքում բնակարանի 1քմ բազային արժեքը հաշվարկված է 700 հազար դրամ, բնակելի տան համար՝ 420 հազար դրամ: Այս դրույքաչափերը նվազելու են պայմանավորված գոտիականությամբ:
Կարդացեք նաև
Գույքահարկի փոփոխությամբ արդյոք բիզնեսը չի՞ տուժի, այս խնդիրն, ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, գերագնահատած է: Ասուլիսին նա էլ օրինակ բերեց՝ Մաշտոցի պողոտայում մի շատ իրացվելի վայրում, 1280 քմ հասարակական նշանակության տարածքը տարեկան վճարում է 594 հազար դրամ. «Այստեղ կազմակերպության գործունեությունը թե՛ որպես սեփականատիրոջ համար պասիվ եկամտի աղբյուր վարձակալությամբ տրվող տարածք, թե որեւէ գործունեություն կազմակերպելու դեպքում, արդյոք համարում ենք տարեկան 594 հազար դրամը ճշգրտորեն արտացոլում է այդ գույքի հարկը: Թերագնահատված է»:
Բաբկեն Թունյանն էլ օրինակներ բերեց՝ Երեւանում Նար-Դոս փողոցում հասարակական նշանակության 490 քմ տարածքը գույքահարկ է վճարում 315 հազար դրամ , նոր հարկը կազմելու է 460 հազար դրամ: 2021 թվականին վճարելու է 114 հազար դրամ, 2022-ին՝ 137 հազար, 2023-ին 160 հազար, 2024-ին՝ 228 հազար դրամ եւ միայն 5-րդ տարում հարկը սկսելու է գերազանցել այսօրվա մակարդակը: Այս երեք-չորս տարիներին բիզնեսն ավելի քիչ է վճարելու եւ սա ժամանակ է բիզնեսի համար, որպեսզի զարգանա:
Արգիշտի փողոցում, «Գլենդել Հիլզ» թաղամասում նորակառույց շենքի բնակարանի համար 6700 դրամ է գույքահարկը, եւ ինչպես պատգամավորն ասաց, հետո վճարելու են 14 հազար դրամ՝ 2026 թվականին, առաջին տարում՝ 3500 դրամ, Նալբանդյան փողոցում 75քմ բնակարանի համար՝ 25 հազար դրամ է, հետո գույքահարկը կդառնա 71 հազար դրամ, բայց առաջին տարում կվճարեն 18 հազար դրամ:
Բաբկեն Թունյանը փորձեց բնիկ երեւանցիների մտահոգությունն էլ փարատել, ներկայացնելով մինչեւ 1975 թվականը կառուցված բնակարանների գույքահարկը՝ Տիգրան Մեծ փողոցում 70 քմ-ն՝ 17 հազար դրամ, առաջին տարում վճարելու են 4 հազար դրամ, Մոսկովյան փողոց՝ 75 քմ-ի համար վճարելու են՝ 28 հազար դրամ, առաջին տարում՝ 7 հազար:
Սուրեն Թովմասյանն է ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք անշարժ գույքը գնահատելիս հաշվի է առնվել ասենք ներքին հարդարումը, ասաց՝ ներքին հարդարումը չի ազդում կադաստրային մոտարկված գնի վրա, եթե անգամ թանկարժեք դռներ է դրված կամ թանկարժեք մանրահատակ է արված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ