Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնաբարո դուրսպրծուկները հակասում է դաստիարակության, էսթետիկայի, մշակույթի մասին իմ պատկերացումներին, բայց դա ատելության խոսք չէ». Արամ Աբրահամյան

Հունիս 30,2020 15:58

Հայկական Փի Ար ասոցիացիայի կազմակերպած «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց քննարկմանը հրապարակախոս, հաղորդավար, լրագրող, արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մինչ իր դիտարկումները ներկայացնելը՝ առաջարկեց ճգնաժամ բառը զգուշորեն օգտագործել: Ըստ նրա՝ տնտեսական ճգնաժամը, որը ՀՀ-ում է և ամբողջ աշխարհում, չափելի է, բայց հոգևոր կյանքում ճգնաժամն այդքան էլ միանշանակ չէ:

Հունիսի 30-ը Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է: Արամ Աբրահամյանը այս առիթով կազմակերպված քննարկմանը փաստեց՝ ապրել է նաև խորհրդային շրջանում, ճիշտ է, այն ժամանակ լրագրող չէր, բայց նրա կարծիքով՝ թեև այն ժամանակ կային մեզ հայտնի բոլոր բացասական երևույթները, ասել, որ այն ժամանակ հոգևոր ճգնաժամ էր, ճիշտ չի լինի, քանի որ այդ ժամանակ ստեղծագործում էին Փարաջանովը, Վիսոցկին, շատ անուններ, որոնց առջև մենք հիմա խոնարհվում ենք:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այս առիթով նկատեց. «Այնպես որ, չէի ասի, որ հաղորդակցության ճգնաժամ է: Ատելության վերաբերյալ ունեմ իմ դիտարկումները: Եթե խոսում ենք ատելության մասին, ապա այո, ատելությունը կա, եղել է, կլինի: 25 դարի ընթացքում հրապարակային խոսքի մեջ եղել է և կլինի, և չեմ կարծում, որ ատելությունը շատացել է, այլ պարզապես բացահայտվել է ֆեյսբուքի միջոցով, քանի որ այն ատելությունը, որ կար 1970-80 ականներին խոհանոցում, այդ ատելությունը հիմա ավելի բացահայտ է արտահայտվում, ավելի անպատասխանատու, քանի որ մարդիկ, նստելով համակարգչի առաջ, ավելի քիչ պատասխանատվություն են կրում իրենց խոսքի համար: Ատելության խոսքը սպեցիֆիկ իրավական մի տերմին է, որն ունի սահմանումներ, բայց որը կիրառվում է ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, սեռական փոքրամասնությունների հանդեպ, դա մի բան է, որը ՀՀ-ում եթե կա, ապա շատ քիչ է և ունի մարգինալ դրսևորումներով»:

Խոսելով իր բնորոշմամբ՝ պարզապես ոչ էսթետիկ արտահայտությունների մասին, Արամ Աբրահամյանն ասաց, որ դա ատելության խոսք չէ ու պարզաբանեց. «Շնաբարո դուրսպրծուկներն ատելության խոսք չէ: Դա հակասում է դաստիարակության, էսթետիկայի, մշակույթի մասին՝ իմ պատկերացումներին, բայց դա ատելության խոսք չէ: Դա քաղաքականություն է: Իսկ քաղաքականությունը կորոնավիրուսի նման մի բան է. լրագրողը պետք է սոցիալական հեռավորություն պահի քաղաքականությունից, որ չվարակվի»:

Արամ Աբրահամյանը շուկայական հարաբերությունների այս միջավայրում նման խնդիրների լուծումը չի պատկերացնում, քանի որ խմբագիրները, լրագրողները ցանկանում են ունենալ ընթերցողների լայն շրջանակ, իսկ ընթերցողը ցանկանում է կարդալ և լսել այն, ինչ համապատասխանում է նրա կրքերին ու բնազդներին: Խմբագիրը գերադասում է չգնալ այդ ճանապարհով, չպատասխանել սուր, մեղադրական, հայհոյական մեկնաբանություններին, չներգրավվել ֆեյսբուքյան բանավեճերի մեջ:

Նա հայտնեց, որ Aravot.am կայքն ունի մեկնաբանությունների բաժին, որտեղ անցկացվում է մոդերացիա. թողարկման պատասխանատուն սկզբից կարդում է՝ ինչ է գրված, հետո հրապարակում: Արամ Աբրահամյանը նշեց, որ հիմնականում մարդիկ կարդում են մեկնաբանություն թողնելու համար և մի այս առիթով մի դրվագ ներկայացրեց. «Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս մեխանիկորեն կրճատել մեկնաբանությունների մեջ հայհոյական խոսքը: Կա երկու աստիճան, եթե սեռական մեկնաբանություններ են գրում և եթե գրում են «սրիկա, տականք» մակարդակի մեկնաբանություններ: Հենց մենք կրճատեցինք և շարունակում ենք կրճատել սեռական բնույթի մեկնաբանությունները, բնականաբար, օգտատերերի, դիտողների թիվը պակասեց, հենց կրճատեցինք «սրիկա, տականք» այդ բնույթի մեկնաբանությունները ևս, դիտողների թիվը կրճատվեց երկու անգամ: Հետո, այնուամենայնիվ, երկրորդ աստիճանը թողեցինք: Այսինքն՝ մարդիկ կարդում են նյութերը հատուկ մեկնաբանելու համար: Բայց ես կարծում եմ, որ պետք չէ գնալ դրան ընդառաջ: Ես ֆեյսբուքում շատ պասիվ եմ. շեյր եմ անում իմ նյութերը և ծանուցումներն անջատում եմ, քանի որ գիտեմ՝ ով ինչ է ասելու և դրա վրա ժամանակ ու հոգեկան ուժեր ծախսելն անիմաստ եմ համարում»:

Արամ Աբրահամյանը նաև հորդորեց՝ հնարավորինս քիչ մտնել սոցիալական ցանցեր, և նշեց՝ այն սկզբունքը, որն առաջարկում է «Առավոտի»՝ իր գործընկերներին, այն է՝ հեռու մնալ տոքսիկ ֆեսյբուքյան բովանդակությունից, չմտնել որևէ խրամատի կողմից քաղաքականության մեջ և լինել հնարավորինս բարի, կարեկցող, բոլորի նկատմամբ հարգանքով՝ քաղաքական և ոչ քաղաքական բոլոր մարդկանց նկատմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930