Լիբանանում ԱՄՆ դեսպանը հերթական անգամ գնահատական է տվել ներլիբանանյան քաղաքական իրադարձություններին։ Իրավական դաշտ բերելու փորձ արվեց՝ միջազգային համաձայնագրերով եւ Վիեննայի պայմանագրությամբ ամրապնդված դիվանագիտական ընդունված կարգերի խախտման հերթական քայլը։
Զգացական հակազդեցություն կամ պատահականություն չպետք է համարել Լիբանանի քաղաքացու դատ հարուցելը եւ դատավորի կողմից այդ բողոքի ընթացակարգը որոշելը: Իրավաչափ է նման բողոքի դատական իրավակարգի որոշում կայացնելը: Խնդիրն ավելի կենտրոնանում է առավելաբար հարցի քաղաքական բնույթի եւ ընտրված ժամանակի վրա:
Նուրբ ու դժվարին կացությունում էր հայտնվել գործող կառավարությունը: Մի կողմից դատական իշխանությունների անկախությունը երաշխավորելով, մյուս կողմից լրատվադաշտի վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը՝ երկրի սահմանադրական սկզբունքներին դեմ նկատելով, փորձում էր հավասարակշռված մոտեցում որդեգրել:
Պարզ է ընկալվածը: Վաշինգտոնը Իրանի եւ իրանամետ կազմակերպության դեմ չեզոքացման համալիր գործողությունների պարունակում ճնշում է պաշտոնական Բեյրութի վրա` լիբանանյան հանրային կարծիքին արդեն քանիերորդ անգամ հստակ ուղերձ հղելով: Ուղերձն այն է, որ երկրի տնտեսական քաոսի պատասխանատուն Իրանի ազդեցության գոտի հանդիսացող կազմակերպությունն է:
Կարդացեք նաև
Տարածաշրջանում գլխավոր խաղացողների համար, բեյրության թատերաբեմը ԱՄՆ-Իրան-Լիբանան եռանկյունով չի սահմանափակվում, անշուշտ: Դիվանագիտական տեղեկատվական տագնապին անդրադառնալով` ՌԴ դեսպանը հանրային հնչեղություն էր տալիս Լիբանանի նկատմամբ Վաշինգտոնի կիրառած քաղաքականությունը բացահայտ սադրանք նկատելու իր երկրի դիրքորոշմանը։
Վաշինգտոն-Բեյրութ տեսքով, սակայն ըստ էության, Վաշինգտոն-Թեհրան դիվանագիտական- տեղեկատվական հակամարտությունում Մոսկվայի ներքաշվելը որոշ եզրագծեր չի հատում։ Ավելին, քան դեսպանի հայտարարությունն է, չի արձանագրվում:
Տարածաշրջանային մակարդակով երանգային տարբերություններ են նախանշվում: Իրաքում Անկարան եւ Թեհրանը միաժամանակ հարվածում են քրդական զինյալ հենակետերին: Այն հենակետերին, որոնք իբրեւ ռազմակայան ստացել են ամերիկյան զինական օժանդակություն: Մինչ, Անկարան հանկարծակիորեն հայտարարում է, որ Իդլիբում պիտի վերաձեռնարկի ռազմական գործողություններ:
Ռազմական գործողությունների անմիջական հաջորդականությունը նկատի ունենալով` այստեղ նախանշվում է Թեհրան-Անկարա համաձայնությունը: Իրանի սահմանամերձ իրաքյան տարածքներում քրդական հենակետեր չեզոքացնել, ապա Թուրքիայի սահմանամերձ սիրիական տարածքներում դարձյալ քրդական զինյալ գործոնը հարվածել: Իհարկե, քրդական գործոնը միակ հանգամանքը չէ, որտեղ չեն համատեղվում այլեւս ռուսական եւ թուրքական շահերը: Իսկ այստեղ արդեն քրդական զինյալ գործոնը արմատապես չեզոքացնելու առաջադրանք չունեն թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Մոսկվան։
Վերադառնանք Բեյրութ եւ նկատենք, որ դիվանագիտական-տեղեկատվական մարտադաշտում երեւում են ամերիկացի դեսպանն ու դեսպանի հայտարարությունների մասին լրատվություն թողարկելն արգելող դատավորը: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ լիբանանյան լրատվամիջոցները կշարունակեն լուսաբանել ներլիբանանյան գնահատականներ տվող ամերիկացի դեսպանի ասուլիսներն ու հարցազրույցները։ Իրողապես կչեղարկվի դատավորի որոշումը։ Մամուլի ազատության օրենքը, այսպիսով` կհարգվի։ Կխախտվեն՝ միջազգային իրավաչափությունները օտարերկրյա դեսպաններին ներքաղաքական խնդիրներին չմիջամտելու առումով։ Գեթ բացահայտ։ Մինչ, լիբանանյան հողում կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան պայքարը, առայժմ դիւանագիտական, տեղեկատվական, բայց, մանավանդ տնտեսական տեսքով։
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր