Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր լուսադեմին Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ էր. Մեծ թվով ոստիկաններ տարածքում էին

Հունիս 30,2020 15:03

Այսօր վաղ առավոտից Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ էր: Այս մասին ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում տեղեկացրեց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: Նրա խոսքով, զենք-զինամթերքով, արտահագուստով տարածք են ժամանել ինչ-որ կազմակերպության անդամներ եւ փորձել են Ամուլսարի 2-րդ «պոստից» մտնել տարածք: Նախաձեռնության անդամները պարզել են, որ նրանք «Սեքյուրիթի» ընկերության աշխատակիցներ են եւ եկել են փոխարինելու Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ պայմանագիր կնքած մեկ այլ անվտանգության եւ պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթիի» ընկերության աշխատակիցներին: Շիրակ Բունիաթյանի խոսքով, սակայն, իրենք խոչընդոտել են, քանի որ այդ մասին նախապես տեղյակ չեն եղել:
Կրքերը հանդարտեցնելու համար Ամուլսարի տարածք էին ժամանել նաեւ մարզի բարձրաստիճան ոստիկաններն ու մեծ թվով կարգ պահպանող ոստիկաններ:

Ջերմուկցիները նշեցին, որ դեմ են «Լիդիան Արմենիայի կողմից հովանավորվող մեքենա կամ այլ սարքավորումներ մտնեն Ամուլսարի տարածք: Նրանց խոսքով. «Սա կա՛մ անհեռատես քայլ է, կա՛մ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետեւանքները»:
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, այս պահին որեւէ մեկը մտադրություն չունի խնդիրը սրել. «Քանի որ հիմա երկիրը պատերազմ է մղում հիվանդության դեմ, ինձ թվում է, բոլորիս բանականությունը կհերքի այս ամենը դադարեցնել եւ փոխադարձ համաձայնության պայմաններում շարունակել պայքարել բնակչության առողջության համար: Երբ կվերջանա արտակարգ դրությունը՝ նորից հստակ պայմանավորվածություններ կլինեն եւ բնակչության համաձայնության դեպքում համատեղ կշարունակենք այս խնդիրը քննարկել: Բայց այս իրավիճակում ու այս պայմաններում ցանկացած հավաք, միջոցառում անմիջականորեն վտանգում է մեր բոլորիս առողջությունը, ուստի պետությունը չի կարող դա թույլ տալ»:

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ անկախ այն բանից՝ իրավական ինչ լուծում կլինի, Ամուլսարի տարածքում կա գույք, կա սեփականություն, որը պահպանության ենթակա է. «Ցանկացած ոտնձգություն, հանցավոր նյութական պատասխանատվությունը հետագայում մնալու է անվտանգություն իրականացնող կազմակերպության վրա եւ նաեւ «Պանտերայի» վրա, որը որ մինչ այժմ աշխատել է: Մնացած պատասխանատվությունը՝ հանցագործներին բացահայտելու, մեղավորներին պատժելու, մնալու է ոստիկանության վրա: Այս մարդիկ ոչ մի քաղաքական կամ այլ հետաքրքրություն չունեն՝ բացի իրենց ֆինանսական հետաքրքրությունը, պահնորդական ծառայությունը կատելուց»:

Ամուլսարի պահապաններին զայրացրել էր, որ ի տարբերություն «Պանտերա»-ի՝ նոր կազմակերպության աշխատակիցները հանգստյան ժամանակ չեն մնա հյուրանոցներում, այլ Ամուլսարի տարածքում նրանց պետք է հատկացվեն վագոն-տնակներ: Մինչդեռ, նախաձեռնության անդամների խոսքով, տարածքում կան հսկող տեսախցիկներ եւ դա բավական է՝ տարածքը հսկելու համար:

Ավելի ուշ, Շիրակ Բունիաթյանը հայտնեց, որ իրենց պահանջները կկատարվեն եւ պայմանները նույնը կլինեն՝ ինչպես նախկին կազմակերպության դեպքում էր. «Զենքերը, շոուները չեն լինի, այս գիշեր կմնան տարածքում, վաղը այն աշխատակիցները, որոնք հերթափոխի աշխատակիցները չեն, կտեղափոխվեն հյուրանոց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930