Հայկական Փի Ար ասոցիացիայի կազմակերպած «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց քննարկմանը տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Սամվել Մարտիրոսյանը կարևորեց վիրավորանքի և ատելության խոսքի տարբերակումը:
Նշենք, որ հունիսի 30-ը Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է:
Ատելության խոսքի և վիրավորանքի տարանջատման մասին Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց. «Ատելության խոսքը ենթադրում է կոնկրետ հանրային խմբերի թիրախավորում: Եթե Փարսադամոն Միխայլիչը հայհոյում է Վռամշապուհ Զարգացածուցիչին, դա իրենց անձնական հարաբերություններն են, որոնք լուծվում են «ՏԷՑ-ի կռուգում» կամ դատարանում՝ նայած՝ իրենք ոնց են պատկերացնում իրենց մտավորականի կյանքն այս պահին: Երբ խոսքն ինչ-որ ֆեյքի կողմից հայհոյանքի մասին է, դա նույնպես չի դասվում ատելության խոսքին, քանի որ օրինակ՝ Մերսում-մերսում ֆեյքը չունի հանրային ազդեցություն»:
Սամվել Մարտիրոսյանի փաստմամբ՝ ատելության խոսքն այն է, որը տարածվում է հանրային ազդեցություն ունեցող անձանց կողմից, որը պետք է մտնի իրավական դաշտ:
Կարդացեք նաև
Սամվել Մարտիրոսյանը խոսեց նաև լրատվամիջոցների վարքագծի, մասնավորապես ատելության խոսքի վերարտադրության մասին. «Լրատվամիջոցները պետք է նմանատիպ բաներ չտարածեն կամ գոնե խմբագրված տարածեն, կամ ազդեցությունը թուլացնեն: Եթե ինչ-որ քաղաքական գործիչ իրեն կորցնում է, հիմար-հիմար դուրս է տվել, հեչ պարտադիր չէ, որ լրատվամիջոցում դա վերարտադրվի այնպես, ինչպես կա»:
Ըստ մեդիա փորձագետի՝ ատելության խոսքի դեմ պայքարը չպետք է գրաքննության պայքարի վերածվի: Նա ասաց. «Տարբերակ է, որ անջատվեն մեկնաբանությունները, եթե չես կարողանում որպես լրատվամիջոց հարցը լուծել, բայց ֆեյսբուքում դա չի լուծվում, յութուբում հնարավոր է: Յութուբը հայհոյանքների տեսակետից հայաստանյան կիբեր տիրույթում ամենասարսափելի տեղն է: Մյուս տարբերակն է փորձել մարդ ունենալ, որը կզբաղվի մեկնաբանությունների մոդերացիայով և կջնջի դրանք, բայց դրանից հետո լրատվամիջոցը մեկնաբանությունների հստակ վարքականոն պետք է մշակի և հրապարակի, որ մեկնաբանություն անողները տեղյակ լինեն, թե ինչն է թույլատրելի: Ամենաբարդ տարբերակն է այն, որ լրատվամիջոցն իր համայնքի հետ շփվի, ինչը Հայաստանում գրեթե գոյություն չունի»:
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ աշխարհում բավականին տարածված է, երբ խմբագրությունում կան մարդիկ, որոնք պատասխանում են մեկնաբանություններին, հարցերին, և դա բերում է նրան, որ այն մարդիկ, որոնք խելքը գլխին են, մտնում են անմիջական շփման մեջ, և համայնքը սկսում է ինքը դուրս մղել հայհոյողներին՝ ձևավորելով առողջ մթնոլորտ:
Սամվել Մարտիրոսյանի բնութագրմամբ՝ հայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը «ջունգլիներ» են: Այս առիթով ասաց. «Մաքսիմում մեկին ջնջեն, փակեն: Ամենաճիշտ լուծումը համայնքի հետ շփման մեջ մտնելն է: Դա, իհարկե, ժամանակատար է, ծախսատար, բայց լուծում է՝ ձևավորել առողջ ընթերցողների համայնք, որը կձևավորի նաև ցանցային իմունիտետ: Օրինակ, եթե թողնում ես, որ յոնջան աճի, քաղհան չես անում, երկու շաբաթ հետո այնքան յոնջա է աճում, որ հետո տակից դուրս գալ հնարավոր չէ: Խմբագրությունները պետք է հասկանան, որ ֆեյսբուքը կամ յութուբը տելեվիզատոր չեն. այստեղ հորիզոնական հարաբերությունների մեջ ես մտնում: Եթե շարունակում ես մնալ տելեվիզատորի դերում, ամբողջ խոհանոցային կեղտը լցվում է քեզ մոտ, ինչը հեռուստատեսության պարագայում չի լինում, քանի որ այդ ամենը մնում է էկրանից այն կողմ»:
Մեդիափորձագետը զգուշացրեց՝ այս ամենը չի վերանալու, այլ նման երևույթները աստիճանաբար ավելանալու են: Հետո էլ ասաց. «Մարդիկ կան, որ այսօր փող են ստանում հայհոյելու համար. այդ մարդիկ քիչ չեն և քիչ փող էլ չեն ստանում: Նրանք գնալով շատանում են, և սպասել, որ ինչ-որ կախարդական ձևով ատելության խոսքը կամ հայհոյանքը կնվազի, չի լինի, միայն աճելու է: Կարելի է միայն ստեղծել սիրուն պարսպապատ տեղեր, որտեղ չի լինի, կամ քիչ կլինի ատելության խոսքը: Դա հնարավոր է անել խմբագիր- լրագրողներ- համայնք համագործակցության միջոցով: Սպասել, որ ոստիկանությունը դա կլուծի կամ իշխանափոխություն կլինի, այդ հարցը կլուծվի, դա ուտոպիզմ է»:
Քննարկման ավարտին մասնակիցները հայտարարության տեքստ ընդունեցին, որը կտարածվի լրատվամիջոցներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ