Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկի համար համայնքը կարող է արտոնություն տալ խոցելի խմբի քաղաքացուն կամ միայնակ թոշակառուին

Հունիս 30,2020 14:37

Գործնականում դժվար է հաշվել, թե ասենք՝ կենտրոնում բնակվող քանի թոշակառու կա, որը կարող է չվճարել գույքահարկը կամ այն կարող է վճարել առուվաճառքի ժամանակ: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե այդ խմբի որքան քաղաքացի կա:

Բաբկեն Թունյանն ասաց՝ պետք է հստակ իմանալ, թե քաղաքացիներից քանիսն են, որ ապրում են թանկարժեք բնակարանում, որքան է գույքահարկը  լինելու եւ հետո կարողանան համադրել այդ մարդկանց իրական եկամուտներն ու նոր հասկանան՝ նրանք իրականում թոշակից բացի այլ աղբյուր ունեն, թե ոչ:

«ՀՀ-ում ընդհանուր բնակարանների մոտ 2.5%-ը՝ 9500 բնակարան կա, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու: Այսինքն, եթե այդ 9500 մեջ բոլորը թոշակառու կլինեն, ինչը ես կասկածում եմ, եթե միակ աղբյուրը թոշակն է, դա օրենքով արգելանքի տակ դնելու ենթակա չէ»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց՝ համայնքների ավագանին ունի գույքահարկի եկամուտների մինչեւ տաս տոկոսի չափով ֆոնդ, եւ կարող է արտոնություններ տալ խոցելի խմբի քաղաքացուն՝ զեղչեր անել, չեղարկել, եւ այլն. «Տաս տոկոսը բավարար է այդ մարդկանց խնդիրները լուծելու համար: Պետք է հստակ չափորոշիչներ սահմանել, համայնքապետերը կարող են որոշակի զգուշավորություն ցուցաբերել, որովհետեւ վաղը մեկը կարող է ասել՝քո բարեկամին գույքահարկը զիջել ես»:

Արդյոք գույքահարկի փոփոխությունը բիզնեսի վրա բացասական ազդեցություն չի ունենա, հարցին ի պատասխան, պատգամավորն ասաց՝ համեմատելով, թե որքանով են ավելանում գույքահարկերը եւ բիզնեսների եկամտաբերության մակարդակը, այդ ազդեցությունն այնքան չնչին է, որ դրա մասին խոսելու կարիք անգամ չկա. «Ավելին ասեմ, բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետեւ, եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որեւէ գույք են սեփականաշնորհել, ու իրենց համար դա այսօր պահելը, գույքահարկ վճարելը ոչ մի բան չարժի, որովհետեւ գույքահարկը շատ ցածր է, այն գործարարը՝ սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, երբ որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, օրինակ՝ գնել կամ վարձակալությամբ վերցնել, կանգնում է լուրջ խնդրի առաջ, իրենք պարզապես չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել: Գույքահարկերի ավելացումն, այդ չօգտագործվող գույքերի համար, ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց իրենց սեփականությունը հանդիսացող որոշակի տարածքներ, կամ դրանք աշխատեցնել, կամ վարձով տալ, կամ վաճառել մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործելու»:

Բաբկեն Թունյանը նաեւ տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկներ են ստացվել, ընդ որում, այդ առաջարկների մեծ մասը եղել են ոչ թե մեղմացնող, այլ խստացնող բնույթի. «Օրինակ, առաջարկ է եղել դիտարկել ոչ միայն մարդկանց առանձին գույքերը՝ որպես առանձին միավորներ, այլ նայել կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել եւ այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետեւանքով շեմն ավելի բարձր կլիներ եւ ավելի բարձր կվճարեին: Չենք ընդունել այդ առաջարկը, որովհետեւ կարծում ենք դրա տեխնիկական իրագործումն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, բացի այդ այս պահին չենք ցանկացել լրացուցիչ ավելացնել բեռը»:

Նաեւ առաջարկ է եղել, ըստ պատգամավորի, սահմանել օգտագործվող եւ չօգտագործվող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների տարբերակված գույքահարկը. «Այսինքն, եթե այդ շինությունը օգտագործվում է, նրա գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, ապա գումարը լինի մի քանի անգամ ավելի, որ դա լրացուցիչ խթան լինի, որ մարդիկ աշխատեցնեն: Այդ դեպքում էլ, քանի որ հստակ չափորոշիչներ սահմանելու եւ իրագործելիության խնդիր կա, թողել ենք այդ համակարգը հետագայի համար»:

Ասուլիսի մյուս մասնակից, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց՝գույքահարկի ներդրման վերջնական փուլում ակնկալվում է, որ համայնքային բյուջե ներկայիս 10 մլրդ դրամի փոխարեն կմուտքագրվի 40 միլիարդից մի փոքր ավելի գումար. «Մոտավոր գնահատականը հետեւյալն է՝ 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը, այսօր դա մոտավորապես 10 միլիարդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 միլիարդից մի փոքր ավելին»:

Ասուլիսի մյուս մասնակից՝ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ պատասխանելով հարցին՝ արդյոք տնակները հարկվելու են, ասաց, որ կադաստրի կոմիտեում հաշվառված եւ գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է. «Այսինքն, նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, սակայն դրանք հաշվառված են եւ ներկայացված են կադաստրի կոմիտե, ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում: Իսկ ինչ վերաբերում է վագոն- տնակներին, դրանք ամրակցված չեն հողին եւ դրանք հարկման հիմք հանդիսանալ չեն կարող որպես այդպիսին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930