Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ մեր համակարգում կան մարդիկ, որոնք ծառայում են այս կամ այն շահին կամ այս կամ այն իշխանությանը. Բարձրագույն դատական խորհրդի անդամ». «Հրապարակ»

Հունիս 30,2020 13:26

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանը կարծում է, որ արդարադատության նախարարությունը բողոք է ստացել, դրա համար է վարույթ հարուցել մի շարք դատավորների նկատմամբ, օրինակ՝ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի, օրերս էլ՝ մարզային մի դատավորի նկատմամբ։ Չիչոյանն այստեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորներ Ալեքսանդր Ազարյանի ու Դավիթ Գրիգորյանի պարագայում։ «Իսկ ո՞վ ասաց, որ քաղաքական է, ԲԴԽ-ն նման հայտարարությո՞ւն է արել»,- զարմացավ Սերգեյ Չիչոյանը։

– Պարոն Չիչոյան, սոցցանցերում ու մամուլում արշավ է իրականացվում այն դատավորների նկատմամբ, որոնք հանրության մի հատվածի սրտից չբխող որոշումներ են կայացնում։ Այդ արշավը դատապարտել է ԲԴԽ նախագահը։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ։

– Ցանկացած դեպքում դատական ակտ կայացնելիս երբեմն մի կողմը դժգոհ է լինում, եւ, բնականաբար, դժգոհ կողմը… էս օրով արդեն խոսքի ազատությունն ավելի մեծ է, մարդիկ սկսում են խոսել, իրենց դժգոհությունը հայտնել։ Իսկ օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ՝ դա այլ խնդիր է, դա արդեն պիտի վերադաս դատարանները գնահատական տան։ Եվ չեմ կարծում, որ ճիշտ է, երբ սոցցանցերում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը սկսում են մեկնաբանել, քննադատել։

– Ձեր համակարգի հետ կապված՝ Ռուբեն Վարդազարյանն ասում էր, որ կան դատավորներ, որոնք գուցե ծառայում են նախորդ իշխանություններին, կան դատավորներ, որոնք ծառայում են գործող իշխանություններին, եւ նրանցից պետք է ազատվել։ Դուք ճանաչո՞ւմ եք նման դատավորների, եւ ո՞րն է նրանցից ազատվելու ճանապարհը։

– Դատավորից ազատվելու ճանապարհը միայն կարգապահական վարույթն է։ Եթե դատավորը կարգապահական խախտում կամ ինչ-որ անօրինական արարք թույլ կտա, խորհուրդը դա կքննարկի։ Բայց դե՝ հիմա իշխանություններին ծառայում են, թե ինչ, Դուք հարցը տվեցիք՝ Ռուբեն Վարդազարյանին հղում անելով, բայց նրա ասածն էլ հարցականով էր, որ հնարավոր է՝ կան դատավորներ։ Բայց Ռուբեն Վարդազարյանը չի ասել՝ կան դատավորներ։ Իսկ եթե կան, նրանք ընթացքում ի հայտ կգան։ Չեմ կարծում, որ մեր համակարգում կան մարդիկ, որոնք ծառայում են այս կամ այն շահին կամ այս կամ այն իշխանությանը։

– Իշխանությունների կողմից հիմա ճնշումներ կա՞ն դատական համակարգի ու առանձին դատավորների նկատմամբ։

– Ես բավականին երկար եմ աշխատում էս համակարգում․ թե՛ նախկինում եւ թե՛ հիմա նման ճնշում ես երբեւիցե չեմ տեսել, չի եղել նման ճնշում։ Համենայնդեպս, եթե մարդիկ կան, որոնք ճնշման մեջ են եղել, ես չեմ տեսել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930