Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. «Խոսել, որ ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռ ենք ավելացնում, արդարացի չէ»

Հունիս 30,2020 13:10

«Մեղադրանքներ են հնչում, թե ճգնաժամային պայմաններում մենք գույքահարկ ենք ավելացնում: Դա կամ սխալ ընկալման արդյունքն է կամ որոշ դեպքերում՝ միտումնավոր մանիպուլյացիա, որովհետեւ բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկի ավելացման, դա կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն անցած տարի է ընդունվել: Հիմա այս նախագծով մենք այդ նախագծի «էֆեկտը» փորձում ենք մեղմել»,-այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով գույքահարկի փոփոխությանը:

Նա ասաց, որ այսօր գործող համակարգը մի քանի շեմեր ունի եւ առավելագույն շեմը  բնակարանի դեպքում 40 մլն դրամն է, որից հետո կիրառվում է առավելագույն մեկ տոկոս գործակիցը. «Վերագնահատման արդյունքում գույքերի մի զգալի մասը ընկնում է բարձր շեմի տակ եւ հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում: Հիմա մենք այդ ազդեցությունն ենք մեղմելու, սահուն ժամանակահատված ենք դնում, որպեսզի վեց տարում բեռն անմիջապես չզգան: Եվ պետք է նկատի ունենալ, որ նոր կանոններով առաջին վճարումը կատարվելու է մյուս տարի դեկտեմբերին: Այսինքն, խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, իմ կարծիքով՝ արդարացի չէ»:

Գույքահարկն ուղղվելու է համայնքային բյուջե, եւ ինչպես պատգամավորն ասաց, եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ համայնքներ, համայնքներին նաեւ որոշակի եկամուտներ են պետք. «Այդ գումարները չեն ծախսվում նախարարների կամ պատգամավորների անձնական նպատակներով: Այդ գումարները ծախսելու է համայնքի ավագանին: Սրան զուգահեռ մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք եւ խիստ պահանջներ դնենք ավագանու առջեւ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930