Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանը՝ գույքահարկի մասին. «Սա բեռ չէ, այլ պահանջի իրավունք»

Հունիս 30,2020 12:53

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադառնալով գույքահարկի  փոփոխությանն, ասաց, որ երբ ներդրվում էր եկամտային հարկի համահարթեցումը, կառավարությանը շատ քննադատեցին, որ վերացվում է պրոգրեսիվությունը: Ըստ պարոն Ջանջուղազյանի՝ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում, ինչին ի պատասխան կառավարությունն ասում էր՝ պրոգրեսիվությունը ձեւական էր. «Պրոգրեսիվության հասնելու ճանապարհ առաջարկվեց այն, որ կհարկվի ոչ թե կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլ տեսանելի հարստությունը՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է գույքին եւ պրոգրեսիվություն կներմուծվի գույքի հարկման համակարգ: Բացի այն, որ այս թեզը դրեցինք փոփոխության հիմքում, նաեւ կար ակնհայտ փոխհամաձայնություն մի հարցի հետ կապված, որ կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, շատ հեռու են եւ դրանք ձեւավորվել էին շատ վաղուց, եւ դրանք հեռու են այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից»:

Երբ ուժի մեջ մտավ հարկային օրենսգիրքը, ըստ Ջանջուղազյանի, այս տրամաբանությունն էր դրված հիմքում, եւ նախատեսվում էր՝ այն պահին, երբ կվերանայվեն կադաստրային արժեքները կմոտարկվեն դրանք շուկայական արժեքներին, կսկսեն կիրառվել գույքային արժեքների հաշվարկման համար: Նախարարն ասաց, որ այդ փոփոխությունն էլ նախորդ տարի արվեց. «Արդյունքում մենք ունենք շուկայական արժեքների մոտարկման արդյունքները, ինչը հնարավորություն է տալիս արդեն կիրառության մեջ դնել այն մոտեցումը, ինչին միտված էին մինչ այդ նախաձեռնված միջոցառումները, դրանք իրենց վերջնական արտացոլումը գտան գույքահարկին վերաբերող այս փոփոխությունների մեջ»:

Նախարարի վստահեցմամբ՝ մինչ փոփոխությունները երկար ու խորը վերլուծություն է կատարվել: Եվ կառավարության մոտեցումն այն է, որ սա բեռ չէ, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական կամ համայնքի բյուջեն ենթադրվում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը. «Մենք չենք հասել համայնքային կամ հանրային ծառայությունների այնպիսի որակի, որ կարող ենք համարել բավարարված: Չեք գտնի որեւէ մեկին, որ բավարարված լինի բնակության միջավայրով, հետեւաբար, ճանապարհը դրա դիմաց վճարելն է»:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ նկատեց՝ կոմիտեն իր կենտրոնացված բազայում վերլուծել է երեք տարվա տվյալներ, հիսուն հազար անշարժ գույք է գնահատվել եւ ՀՀ-ն բաժանվել է քսան գոտիների: Ըստ Սուրեն Թովմասյանի, ՀՀ-ում վերջին անգամ կադաստրային արժեքը վերանայվել է 2003 թվականին. «1994 թվականից սահմանվել են կադաստրային արժեքներ, որոնք հետո փոփոխվել են: Հիմա ունենք երկու տիպի կադաստրային արժեք՝ հարկման հիմքում նստած կադաստրային արժեք եւ համայնքային եւ պետական սեփականության հողերի օտարման համար հաշվարկվող կադաստրային արժեք: Այս տեսանկյունից 1994 թվականից սահմանված կադաստրային արժեքը Երեւան քաղաքի կենտրոնում առաջին գոտում 1000 քմ հողի արժեքը՝ հարկման համար 2 միլիոն 585 հազար դրամ է, եւ որպես հարկ գեներացվում է 25 հազար դրամ: Այս ամենը վերլուծելով հասկացանք, որ շուկան ու ներկա իրավիճակն իրար հետ աղերս չունեին: Այս գործընթացի կազմակերպման ամբողջ իմաստն այն էր, որ արտացոլենք իրական պատկերը, որպեսզի յուրաքանչյուր թիվ ունենա իր հիմնավորումը»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930