Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը շատ է շահարկվում, այնպիսի տպավորություն էին ուզում ստեղծել մարդիկ, որ մենք թերացել ենք». Հովհաննես Իգիթյան

Հունիս 30,2020 12:35

«Ես ուզում եմ, որ դուք այս բարձր ամբիոնից հայտարարեք, որ այս օրենքները հնարավոր էր փոփոխել միայն հիմա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իմքայլական Սուրեն Գրիգորյանին դիմեց նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, քանի որ վերջին ընդունված սահմանադրական փոփոխությունների ու այս օրենքների դրույթների միջեւ հակասություններ կան:

Նախկին իշխանության ներկայացուցիչները սոցցանցերում քննադատում են, որ իրավական առումով անգրագիտություն են անում ԱԺ-ում ու ուշացած են այս փոփոխությունները, ուստի Իգիթյանի հարցը հենց սրան էր վերաբերում. «Հարցը շատ է շահարկվում: Այնպիսի տպավորություն էին ուզում ստեղծել մարդիկ, որ մենք թերացել ենք՝ այս օրենքի փոփոխությունը չմտցնելով Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության ժամանակ»:

Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Քանի որ այս պահին առաջարկվող փոփոխություններն ածանցվում են սահմանադրական փոփոխություններից, որոնք ուժի մեջ են մտել արդեն, տրամաբանական չէր լինի դրանք բերել միաժամանակ, առավել եւս՝ դրանից առաջ: Պետք էր ունենալ փաստ, որ Սահմանադրությունը փոփոխվել է ու անհրաժեշտություն է առաջացել կարգավորումները փոխել»:

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց. «2019-ից սկսած սա մեր 5-րդ նախաձեռնությունն է, որով փորձում ենք ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորել, սա կարո՞ղ ենք համարել վերջինը, թե՞ առաջիկայում հնարավոր է էլի լինեն նախաձեռնություններ»: Նրա հետ չհամաձայնեց Սուրեն Գրիգորյանը, ուշագրավ էր, որ Թագուհի Թովմասյանը Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, նրա լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշումը նույնպես դիտարկել էր ՍԴ-ի հետ հաշիվները մաքրելու քայլ:

Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված սա 3-րդ գործողությունն է, առաջինը եղել է վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումը, երրորդը՝ հանրաքվեի հարցն է, սա կարող ենք նույնիսկ երկրորդ քայլ դիտարկել, եթե համարենք, որ սա հանրաքվեի փոխարինող հարցն էր»: Նա նաեւ չբացառեց, որ ՍԴ-ի ամբողջական լեգիտիմության համար կարող է կրկին նախաձեռնությունների անհրաժեշտություն առաջանալ:

Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց՝ այս պահին ՍԴ դատավորներ կան, որոնք գնացել են արձակուրդ, այս պահին որքանո՞վ է դա խոչընդոտում գործընթացի լիարժեք իրականացմանը: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ դատավորներն ունեն արձակուրդի իրավունք ու դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել գործընթացին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930