Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները պետք է ընկալել ու շտկել». զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից. «Փաստ»

Հունիս 30,2020 13:02

Երբ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, հստակ ընդգծվել էր, որ միջոցառման նպատակն է օժանդակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին:

Այս ծրագրով տուժած ոլորտների ցանկում նաև զբոսաշրջային ծառայություններն են: Բայց խնդիրն այն է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներից շատերի տվյալները բացակայում են դիմումատուների ցուցակից:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, և իրենք ևս դիմել են համապատասխան մարմիններին՝ հարցն ուշադրության և քննարկումների փուլում պահելու համար:

Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ նա շեշտեց, որ դեռ աջակցության ծրագրերի առաջին փուլերում են բարձրաձայնել հնարավոր խնդիրների մասին: «Հիմնական խնդիրը տնտեսական գործունեության դասակարգչով է պայմանավորված՝ մասնավորապես այդ ծրագրերով նախատեսված դասակարգիչներին չհամապատասխանելու հետ: Մենք այս մասին դեռ 3-րդ միջոցառումից սկսած ենք բարձրաձայնել:

Մասնավորապես, շեշտել ենք, որ զբոսաշրջության ոլորտին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել՝ նաև ընտրության չափանիշների մասով:

Կազմակերպություններից շատերն ընտրվում են ըստ տնտեսական գործունեության դասակարգչի, իսկ զբոսաշրջության ոլորտում շատ են կազմակերպությունները, ԱՁ-ները, որոնց տնտեսական գործունեության դասակարգիչը չի համապատասխանում պահանջվող դասակարգիչներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը:

Բայց, փաստորեն, լինելով խոցելի խավ, այս ոլորտի ներկայացուցիչները դուրս են մնում նշված ծրագրից: Սա պետք է հաշվի առնել ու շտկել: Ես ուզում եմ շեշտել, որ առհասարակ զբոսաշրջության ոլորտը շատ կարևոր ու տարբերվող առանձնահատկություններ ունի:

Եթե մենք զբոսաշրջության ոլորտը համարում ենք գերակա ճյուղ, պետք է նաև ընկալենք, որ ոլորտը շատ կարևոր առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել: Ոլորտի համար հատուկ առանձին ծրագիր է պետք կամ գոնե անհրաժեշտ է ցանկացած նման ծրագրերում զբոսաշրջության առումով բացառություններ անել: Եթե անգամ որպես սկզբունք ընդունվում է, որ միկրոձեռնարկատեր հանդիսացող սուբյեկտները տվյալ ծրագրից չպետք է օգտվեն, ուրեմն պետք է ասել՝ բացառությամբ զբոսաշրջային ծառայությունների»:

Մեխակ Ապրեսյանը շեշտեց՝ մի կողմից հասկանալի է՝ որոշումները արագ են ընդունվում, բայց խնդիրները պետք է ընկալել ու շտկել: Նա հայտնեց նաև, որ մշտապես քննարկումների մեջ են պատասխանատու մարմինների հետ ու հուսով են, որ առաջարկություններն ու արձագանքները հաշվի կառնվեն:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930