Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանի հանդիպումը Հայաստանի արևելագետների հետ. (Մտահոգություններ և տողատակի ակնարկներ)

Հունիս 30,2020 11:35

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան պրն Զոհուրին և մշակութային հարցերով կցորդ պրն Հեյդարին 19 հունիսի 2020 թվականին դեսպանությունում ընդունել են Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին և մի խումբ ուսանողների: ԻԻՀ-ի դեսպանության կայքէջը նույն օրը հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել (պարսկերենով): Հաղորդագրությունը 21 հունիսին արտատպվել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի պարսկերեն բաժնում: Առայժմ ոչ մի հայերեն թարգմանության չեմ հանդիպել:

Համաձայն այդ հաղորդագրության՝ ելույթ են ունեցել նշված չորսը: Պրն դեսպանն անդրադարձել է Իրան-Հայաստան մշակութային դարավոր հարաբերության, շեշտել է դրա առավել ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը: Նա ասել է. (հատված) «Այս հարաբերության խորացման համար պետք է ունենալ մեթոդաբանություն և ճանապարհային քարտեզ: Հարաբերությունների ներկա մակարդակն արդյոք բավարա՞ր են մեր նպատակներին հասնելու համար. եթե երկուստեք մշակութային կապերն իրենց ամրությամբ մեզ բավարարեին, Իրանում կամ Հայաստանում որևէ հարցի շուրջ մի պաշտոնյայի կարծիքն ու կողմնորոշումն անկասկած, երկու երկրների ժողովուրդների մոտ մտահոգության առիթ չէին ստեղծի: Մեր պատմական ու մշակութային առնչությունները խորն են ու միահյուսված և նման երևույթները մեզ չպետք է մտահոգեին: Եթե երկու երկրների բուհական շրջանակները և փորձագետները գիտական և մշակութային ճիշտ ինֆորմացիա փոխանցեն, իրենց երկրների պաշտոնատար անձանց վրա դրական ազդեցություն կթողնի: Ուրեմն մշակութային-պատմական հարաբերությունների երկուստեք խնդիր կա, որ սովորական ու մակերեսային հարցերն երկու երկրների մշակութային կապերի ու հանրային կարծիքի վրա ազդում են և մտահոգության առիթ են ստեղծում…»:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով այս խնդրին ասել է (հատված). «Մեր մշակութային հարաբերության հազարամյակների անցյալով հանդերձ, մեր մշակութային առօրյա կապերն ունեն թերություններ: Այն անձինք, որոնք երկու երկրների մշակութային կապերի պատասխանատուն են, երկարաժամկետ ծրագիր և հեռանկար չունեն. կարելի է ասել Հայաստանի ծրագրերը Իրանի համեմատ կարճաժամկետ են»:

Իրանի դեսպանի մտահոգություններն արդարացված են. նա Երևան է գործուղվել վերջերս և նրան ժամանակ է պետք ծանոթանալ հայ-իրանական հարաբերությունների ծալքերին ու նաև խութերին: Անցնող երեսուն տարում աշխարհում ու տարածաշրջանում շատ բաներ են փոխվել. ինտերնետն ու սոցիալական ցանցերն օգնում են հասարակություններին շրջապատն ավելի լավ ճանաչել: Իմ տպավորությամբ Հայաստանի հանրային կարծիքն ու զանգվածային լրատվական միջոցները (ԶԼՄ) հակառակ մեր անկախության առաջին տարիներին՝ հիացական վերաբերմունք չունեն Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ. դրան նպաստում են ազատ մամուլի հրապարակումները և ԻԻՀ-ի բազմամյա տեղապտույտը ներքին և արտաքին քաղաքականությունում: Իրանն իր փակ հասարակությունով, ժամանակավրեպ գաղափարախոսությամբ և զանազան սահմանափակումներով այլևս Հայաստանի զարգացած հասարակության գոնե ստվար զանգվածի հետաքրքրության առարկան չի հանդիսանում: Դա նկատվում է նաև Հայաստանում ապրող իրանցիների ենթամշակութային դրսևորումներում և փաստում է, որ Իսլամական Իրանի պաշտոնական քարոզչությունը շատ հեռու է իրականությունից:

Իրանի վերնախավը խորշում է ժողովրդավարական ինստիտուտներից ու հասարակական ազատություններից, նաև իր տարատեսակ խնդիրները թողած, շարունակում է փայփայել մեծապետական հավակնություններ: Նրա ավելի ծայրահեղ հատվածը փորձում է օգտագործել նաև հանրային դիվանագիտությունը (public diplomacy) և դրանով ազդել մյուս երկրների քաղաքականության վրա: Դրա մունետիկներից է Իրանի խորհրդարանի նախագահի և արտաքին գործերի նախարարի խորհրդական Ամիր Աբդօլլահյանը, որն անդրադառնալով՝ իրանա-հայկական հարաբերությունների իր համար ոչ ընդունելի դրվագներին, հայտնում է. «Այս պայմաններում կարևոր է ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը, հանրային դիվանագիտության հիմնարկները և անձինք ու անգամ Իրանում հաստատված հայերը, Հայաստանի ղեկավարներին զգուշացնեն իրենց ռազմավարական սխալի և նրանց քաղաքական, տնտեսական ու անվտանգության հաշվարկների անիրական լինելու մասին. նրանք հայերին պետք է հիշեցնեն այդ սխալների ծանր հետևանքների մասին» (մեջբերման աղբյուր):

Իրանի նոր դեսպանին ևս շատ հարցեր են մտահոգում. նա ուզում է հասկանալ. «Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակն ինչո՞ւ բավարար չի այդ նպատակներին հասնելու համար». դեսպանը ևս մեծ ակնկալիք ունի հանրային դիվանագիտությունից. Հայաստանում այդ «հանրային դիվանագիտության հիմնարկների» դերը ստանձնել են նաև հայրենի մի խումբ ԶԼՄ-ներ, վերլուծական կենտրոններ, արևելագետներ և իրանագետներ: Իրանի դեսպանի կողմից արված տողատակի ակնարկներն ու մտահոգությունները պարզ են: Իրանի մշակութային կենտրոնի որոշակի հովանավորությունը վայելող այս կենտրոններն այլևս դժվարանում են ազդել Հայաստանի հանրային կարծիքի անգամ փոքր հատվածի վրա. դեսպանն իր այս հանդիպում-խորհրդակցությունում ուզում է դրա բուն պատճառներն իմանալ:

Իրանի նոր դեսպանի մտահոգությունները տեղին են: Նա պետք է փորձի նոր ոճ մտցնել իրանա-հայկական մշակութային հարաբերությունների զարգացման ոլորտում, պետք է ստեղծել հորիզոնական, հավասարը հավասարի և իրական երկկողմանի կապեր. հայ հասարակությունը զգայուն է իր երկրի ինքնիշխանության հանդեպ՝ ինչքան էլ որ երկիրը փոքր լինի և ուժերով համեստ: Հնարավոր չէ հովանավորել անձանց, որոնք իրենց երկրում նստած շեփորում են այլ երկրի տեսակետները և ստանալ գոհացուցիչ արդյունք:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ.- Ակնարկը գրելու ժամանակ տեղեկացա, որ Իրանի դեսպանը հինգշաբթի 25 հունիսին ընդունել է ՀՀ նորաստեղծ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանին, Արա Պապյանին և Ժիրայր Սեֆիլյանին: Այդ մասին կանդրադառնամ առանձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930