Հայաստանի դպրոցներում գնահատման կարգի, նույն դասարանում չմնալու, ուսուցիչների ատեստավորման եւ այլնի վերաբերյալ առաջիկայում մի շարք փոփոխություններ են նախատեսվում։ Կրթության ոլորտի փորձագետը, դրանք լավ գաղափարներ անվանելով, ռիսկերն է թվարկում։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) այժմ տեղադրված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության ծավալները, գնահատման համակարգի սկզբունքները:
Նախագծով հանրակրթության ոլորտում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում։ Օրինակ՝ 1-4-րդ եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։
Անբավարար գնահատական հասկացությունն ամբողջովին դուրս կգա, կկիրառվի 10 միավորային սանդղակ, որտեղ որեւէ թիվ անբավարար չէ, յուրաքանչյուրը նկարագրում է հաջողության որեւէ մակարդակ։ Ստացվում է՝ աշակերտն այլեւս չի մնա նույն դասարանում։
Կարդացեք նաև
Փոփոխություններ կան ուսուցիչների համար, նախատեսվում է ներդնել ատեստավորման նոր կարգ, ինչից հետո մասնագետի աշխատավարձը կարող է բարձրանալ՝ կամավոր ատեստավորման միջոցով։ Բարձրացումն էլ կախված կլինի արդյունքից։ Եթե մանկավարժը 90% եւ ավելի արդյունավետություն ցուցաբերի, կունենա աշխատավարձի 50%-ի չափով ավելացում։ 80% եւ ավելի անցածները կստանան 30 %-ի ավելացում։ 60-79 % անցնելու դեպքում՝ փուլը կհամարվի հաղթահարված, սակայն աշխատավարձի բարձրացում չի լինի։ 0-59 %-ի դեպքում, կարիք կլինի վերաատեստավորվելու, եթե 1 տարի անց եւս չկարողանան բարձր տոկոսներ հավաքել, հետագա գործունեության մասին որոշում կկայացվի։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ նշված գաղափարները լավն են, հարց է՝ ինչպես ենք նախապատրաստվել փոփոխությանը։ Արդյոք ունե՞նք բավարար ֆինանսական միջոցներ, կա՞ արդյոք բարեփոխիչների թիմ, որն այս ամենը կիրականացնի։ Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ ուսուցիչների ատեստավորման մասին։ Առաջարկին կողմ է, սակայն կարծում է՝ ֆինանսական տարբերությունը պետք է մեծ չլինի, որպեսզի շատ տարբերակվածություն չլինի։
Նրա կարծիքով՝ ատեստավորման հարցում եւս կան խնդիրներ։ Նշում է, որ փոփոխությունը լավ կլինի ուսուցիչների համար, որոնք հավելավճար կստանան, սակայն ինչպե՞ս կազդի ամբողջ համակարգի վրա, հարց է. «Եթե 20 %-ին բարձր վճարես, 80%-ին դեմոտիվացնելու ես, իսկ աշակերտը բոլորի մոտ է սովորելու»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մի շարք նահանգերում նման փորձ եղել է, սակայն ձախողվել․ համակարգը չի շահել, հետո էլ ուսուցչի մասնագիտությունը դժվար չափվող է։
Այստեղ էլ նրա համար հարց է՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք որոշելու են՝ ով ստանա բարձր աշխատավարձ, ով՝ չէ, օբյեկտի՞վ են, ի՞նչ չափանիշներով են ընտրելու։ «Հիմա ո՞վ է լավ ուսուցիչ, նա, ով միայն գերազանցիկների հետ է աշխատում եւ լավ արդյունք տալիս, թե նա, ով փորձում է բոլորի հետ աշխատել, բայց արդյունքներն ավելի համեստ են»։
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: