Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյան. «Ես ցավում եմ տիկին Գյուլումյանի համար, որ նա կարող է նման բան ասել». «Հայկական ժամանակ»

Հունիս 30,2020 09:00

ԱԺ կայքում տեղադրված նախագծերի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ ապահովել կատարված փոփոխություններին համահունչ Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:

Այսպիսով, Սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդիրները փորձում են կարգավորել 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ամրագրել դատավորների թափուր տեղերը, ինչպես նաեւ հստակեցնել, թե դատարանակազմական որ մարմինը պետք է առաջինը թեկնածու առաջադրի, որ այնպես չստացվի՝ մեկ մարմինը վերջնաարդյունքում դատարանում ունենա 4 անդամ, մյուսը՝ 2՝ այդպիսով խախտելով հավասարակշռությունը:

Փոփոխությունների մի հատված էլ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրմանը: Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածը, որի փոփոխությամբ էլ նախատեսվեց 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների դադարումը, հստակ չի սահմանում, թե դատարանում թափուր տեղերը համալրելուց հետո որքան ժամանակում պետք է դատարանի նախագահ ընտրվի: Պատգամավորները որոշել են ամրագրել, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի: Իսկ թափուր տեղերի համալրման համար, ինչպես տեղեկացրել ենք, երկամսյա ժամկետ է սահմանված:

Նախագծերի համահեղինակ Վահագն Հովակիմյանի հետ զրուցել ենք առաջարկվող փոփոխությունների մասին.

– Պարոն Հովակիմյան, իշխանությունները, այդ թվում Դուք, պնդում էիք, որ ՍԴ ճգնաժամի խնդիրը Սահմանադրության փոփոխություններով կարգավորված է, ՍԴ 3 անդամները գնում են թոշակի, իսկ ՍԴ նախագահի լիազորությունները դադարում են: Այդ դեպքում ինչո՞ւ անհրաժեշտ եղան այս փոփոխությունները:

-Նախ, մենք պնդել եւ պնդում ենք եւ մեր պնդումը բխում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածից, որ Սահմանադրական փոփոխությունների հունիսի 26-ին ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի այն անդամ- դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, նրանց լիազորությունները դադարել են: Սա աներկբա է, սա վիճարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է փոփոխություններին. Սահմանադրական դատարանի մասին օրենքի այս պահին դեռեւս գործող 88-րդ հոդվածը (որով սահմանվում են Սահմանադրության անցումային դրույթի կարգավորումները) բխում է հին Սահմանադրության 213 հոդվածից: Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ունենք կարգավորումներ, որոնք հին սահմանադրական կարգավորումներով են պայմանավորված եւ հակասության մեջ են 213 հոդվածի նոր փոփոխությունների հետ: Ընդամենը օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը, սա է տեղի ունենում: Սրանով հստակեցվում է պաշտոնավարումը դադարած անդամ-դատավորների թոշակի հարցը, Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրության ժամկետը, դատավորների ընտրության հետ կապված այլ կարգավորումներ, մասնավորապես այն, որ հանկարծ այնպես չստացվի, որ դատարանակազմական մարմիններից որեւէ մեկը չորս նշանակում ունենա եւ այլն: Նման խնդիրներ են կարգավորվում:

-Այսինքն սրանք այն փոփոխությունները չեն, որոնք, ինչպես Ալվինա Գյուլումյանն էր պնդում, անհրաժեշտ են՝ իրենց լիազորությունների դադարման համար: Եթե հիշում եք, նա ասում էր՝ մինչեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը չփոխեն, ես չեմ համարվում պաշտոնից ազատված:

– Ես ցավում եմ տիկին Գյուլումյանի համար, որ նա կարող է նման բան ասել, որովհետեւ Սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, նախագահի լիազորությունները տրվում են Սահմանադրությամբ: Այլ կերպ ասած՝ օրենքում փոփոխություն կատարելով չի կարող Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություն դադարել, չի կարող նման բան լինել: Օրենքով չի տրվում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություն եւ օրենքով էլ դա չի կարող վերցվել: Եթե նման բան տեղի ունենար, ստացվում է, որ օրենք փոխելով կարելի էր Սահմանադրական դատարանի կազմը դարձնել 20 հոգանոց, նորերին ընտրել եւ այլն եւ այլն: Դա օրենքով չի կարգավորվում, դա Սահմանադրությունն է կարգավորում:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930