Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «մաղել» պրոֆեսորներին

Հունիս 30,2020 10:00

Պատկերացրեք, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում որեւէ օրենսդիր մոտենա ամբիոնին եւ արտաբերի մոտավորապես հետեւյալ տեքստը՝ «Էս վերջերս Հարվարդի համալսարանում ինչ-որ հաճախ են սկսել քննադատել Դոնալդ Թրամփին: Այդ համալսարանի պրոֆեսուրային պետք է մաղի միջով անցկացնել եւ թողնել միայն Թրամփին հավատարիմ դասախոսներին»: Նման դատողություններն, ամենայն հավանականությամբ, ժպիտ կառաջացնեին, իսկ լուրջ մարդիկ գուցե կբացատրեին օրենսդիրին, որ նա չի կարող գրաքննություն սահմանել Հարվարդի պրոֆեսորների խոսքի հանդեպ:

Սովետական Միությունում դա ժպիտ չէր առաջացնում: 1920-ական թվականներին Մոսկվայում գործում էր Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը կոչված էր բանվորա-գյուղացիական դասախոսներ պատրաստել՝ ի հակակշիռ բուրժուական պրոֆեսորների, որոնք հավատարիմ չէին հեղափոխության արժեքներին կամ, համենայնդեպս, անտարբեր էին այդ գաղափարների նկատմամբ, ինչը նույնպես համարվում էր սաբոտաժի տեսակ: Պետք է ասել, որ Խորհրդային Հայաստանն այդ առումով ուներ իր առանձնահատկությունները՝ դրական առումով: Կոմունիստական շատ ղեկավարներ՝ սկսած Ալեքսանդր Մյասնիկյանից եւ վերջացրած Կարեն Դեմիրճյանով, ավելի շատ հայ էին, քան կոմունիստ եւ Կենտրոնի «գաղափարախոսական» հրահանգները աշխատում էին կատարել «կիսով չափ»՝ հնարավորինս պահպանելով ազգային մտավորականության սերուցքը (իհարկե, դա ոչ միշտ էր հաջողվում): Նույնը կարելի է ասել Երեւանի Պետական համալսարանի ռեկտորներ Մկրտիչ Ներսիսյանի եւ Սերգեյ Համբարձումյանի մասին:

Անկախ Հայաստանում նույնպես այս առումով ամեն ինչ չէ, որ բարեհաջող էր: Մասնավորապես, վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵՊՀ-ն չափից դուրս քաղաքականացված էր, «հանրապետականացված», եւ ասել, թե այնտեղ ծաղկում էր ակադեմիական ազատությունը, խիստ չափազանցություն կլիներ:

Հիմա եկել է նոր իշխանություն, եւ կարծես թե փորձում է «նժդեհական» դոգմաները փոխարինել «հեղափոխական» դոգմաներով: Ընդ որում, երկու դեպքում էլ ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է այդ «պետական գաղափարախոսությունն» իրենից ներկայացնում: Օրինակ, ինչպես էին ազգային իրական հերոսի մի քանի աֆորիզմներ ճանապարհ բացում դեպի «ՀՀԿ-ամետ» հավատարմություն: Ճիշտ նույն ձեւով ինձ համար մշուշոտ են «հեղափոխական արժեքները». եթե դա բռնության, կոռուպցիայի եւ ընտրակեղծարարության մերժում է, ապա նշված երեք երեւույթները պարզապես հանցագործություններ են, եւ ոչ ոք, կարծում եմ, իրավունք չունի դրանք բերել քաղաքական դաշտ՝ դրանով պետք է զբաղվեն միայն իրավապահները:

Ինչպե՞ս պետք է «մաղվեն» համալսարանի պրոֆեսորները: Հավանաբար, իշխանությունը կարող է ստեղծել հանձնաժողով իրեն (հեղափոխությանը) հավատարիմ մարդկանցից: Պրոֆեսորները պետք է մեկ առ մեկ կանչվեն այդ հանձնաժողով, հարցաքննվեն եւ ապացուցեն, որ իրենք հավատարիմ են «հեղափոխական արժեքներին»: Ով հավատարիմ չէ, ազատվում է աշխատանքից՝ ավելի խիստ պատիժ պետք չէ սահմանել: Ի վերջո, մեզ մոտ ժողովրդավարություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    well… անգամ մը եւս, եւ ինչպէս երեւի շատ, շատ մարդիկ, մոռանում էք որ այժմու Հայաստանի պարագային, խօսքը յեղափոխականների մասին է (ոչ կատակով, ոչ ել ծաղրանքով եմ ասում, ընդակառակը), հետեւաբար ԱՄՆի խորհրդարանի հետ այդ սկզբնական բաղդատականը, ի զօրու չէ

    այս մէկն ալ Ձեզի չի վերաբերիր, սակայն ուղիղ վերոգրեալ շփոթի մասին է՝
    https://haytougchamlian.blog/շուարած-հակայեղափոխականները/

  2. henri says:

    Ես ալ կը համարիմ որ անտեղի է որպէս համեմատութեան եզր ընտրել միացեալ նահանգներու պարագան .
    ՛՛ Նորերու՛՛ գործունէութիւնը,յատկապէս Վարչապետին ծրագիրը կեդրոնացած է ՛՛Պայքար փտախտի դէմ,իրեն բոլոր ենթակառոյցներով -սա արդէն ՛՛գաղափարախօսութիւն է ՛՛ որուն հիմնադիր աաջնորդը ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾՆ է դարերէ իվեր , անիմաստ է անուն մը կպցնել այս շարժումին -սակայն պէտք է հսկել որ այս համամարդկային շարժումին հետեւորդները ՛՛Կուրու ՛՛ մը չփնտռեն և լէգէոնի մը չվերածուին անպայման ,ինքզինքնին հզօր զգալու համար ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930