Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևի վերջին հայտարարություններից հետո հայ-ադրբեջանական երկխոսության նոր հնարավորությունը հռչակվեց առ ոչինչ». Արման Բաբաջանյան

Հունիս 29,2020 22:50

«Առավոտ»-ի զրուցակիցն է՝ ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները հերթական անգամ փոթորկեցին Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Դրանց պատասխանեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, վերջինիս պատասխանեց վարչապետի մամլո խոսնակը։ Ձեր գնահատմամբ՝ որո՞նք էին Ալիևի վերջին այդ հայտարարությունների իրական ուղերձները, և որքանո՞վ էին դրանց համարժեք Հայաստանից հնչած արձագանքները։

– Ցավով պետք է արձանագրեմ, որ հերթական անգամ Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվում է հասնել իր նպատակին՝ Ալիևի այս կամ այն հայտարարությունը դարձնել Հայաստանում ներքաղաքական պարզաբանումների, փոխադարձ մեղադրանքների առարկա։ Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, Ալիևի վերջին հայտարարություններն ունեին շատ ավելի խորքային ու դրանով նաև վտանգավոր նշանակություն։ Ալիևի այդ հայտարարություններով, ըստ էության, պաշտոնապես փակվեց Ադրբեջանի հետ երկխոսության հերթական՝ երկամյա փուլը։ Որովհետև, եթե մենք ընդունում ենք, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո սկզբնավորվել էր Ադրբեջանի հետ երկխոսության նոր՝ նախկինից տարբերվող մթնոլորտ ու օրակարգ, ապա այս հայտարարություններով դրանք գործնականում հռչակվեցին առ ոչինչ։ Իսկ դա նշանակում է, որ մենք կորցրինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հերթական փուլը, որին կարող են հաջորդել ռազմական գործողություններ՝ ինչպես լայնածավալ, այնպես էլ բլիցկրիգային, կարճատև ռազմական սադրանքների ձևաչափով։ Սա ամենակարևոր հետևությունն ու եզրակացությունն է, որ պետք էր անել Ալիևի հայտարարություններից, մինչդեռ դրա փոխարեն մենք զբաղված ենք այդ հայտարարությունները դատապարտելով, դրանցից ներքին շահառուներ կամ հասցեատերեր առանձնացնելով ու քննադատելով։ Դա, հավատացնում եմ, որևէ օգուտ չի տալիս ո՛չ բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրացմանը, ո՛չ էլ,  Աստված մի արասցե, հնարավոր ռազմական գործություններում մեր դիմադրողականության աճին։ Այնպես որ, պետք է սթափվել և համարժեքորեն գնահատել հակառակորդ երկրի կողմից հնչող հայտարարությունների տողատակերն ու նշանակությունը և պատրաստ լինել դրանցից բխող բոլոր հետևանքներին դիմակայելուն։ Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ հերթական անգամ տապալվել է առնվազն երկամյա դիվանագիտական ջանքն ու աշխատանքը։

– Այսինքն՝ ըստ ձեզ՝ ստացվում է, որ, փակելով բանակցային գործընթացի երկամյա այս փուլը, Ադրբեջանը կրկին կարող է մեծացնել ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Դուք նման ռիսկ, վտանգ տեսնո՞ւմ եք։

– Այո, ես նման վտանգ, ռիսկ տեսնում եմ։ Եվ մենք լրջորեն պետք է մտածենք դրա մասին։ Իհարկե, մեր զինված ուժերը, բարեբախտաբար, պատշաճ կերպով համալրվում են անհրաժեշտ սպառազինությամբ, մեր բանակի մարտունակության բարձրացումը կրում է շարունակական բնույթ։ Դրանք, սակայն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են։ Խորապես համոզված եմ, որ բանակի սպառազինության համալրմանը զուգահեռ՝ պետք է ավելացնել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքն ու աշխատանքը, ինչը, ցավոք, իմ կարծիքով, բավարար մակարդակի վրա չէ։ Եվ, կրկնում եմ, պետք է որևէ վայրկյան չմոռանալ, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դիմել ռազմական արկածախնդրության։

Ի դեպ, բարեբախտաբար, այդ գիտակցումը շատ ավելի խորն է Արցախում։ Ես իմ համախոհների հետ անցած օրերին Ստեփանակերտում էի, որտեղ հանդիպումներ ունեցանք Արցախի քաղաքական ղեկավարության, նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Արցախում շատ ավելի խորքային կերպով են ընդունում, վերլուծում ու գնահատում Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն, այդ թվում՝ Ալիևի վերջին հայտարարությունները, և Արցախում ամեն վայրկյան պատրաստվում են պատերազմի։ Սա չափազանց կարևոր իրողություն է, որովհետև եթե Արցախում ևս Ադրբեջանից հնչող հայտարարությունները դառնային ներքին պարզաբանումների առարկա, և չգիտակցվեր դրանցից բխող վտանգավորությունը, իրավիճակը շատ ավելի մտահոգիչ կլիներ։ Այսինքն՝ մենք ունենք իրավիճակ, երբ Արցախում, ըստ ամենայնի, ողջ խորությամբ գիտակցվում ու գնահատվում է Ադրբեջանից սպառնացող վտանգը, և դրանից բխող համարժեք հետևություններ ու քայլեր են կատարվում։

Հայաստանն այս պարագայում ավելի շատ անելիք ունի, ինչպես նշեցի, դիվանագիտական ճակատում, որով պետք է թիկունքային ապահովվածություն ստեղծի Արցախի համար։ Իսկ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նշեցի, ես դեռ շատ անելիքներ եմ տեսնում, որովհետև դիվանագիտության հնարավորությունները սպառված չեմ համարում։ Ընդ որում, ասածս վերաբերում է բազմաշերտ դիվանագիտությանը՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության հարթություններում, սփյուռքի ներուժի օգտագործմանը և այլն։ Մենք բոլոր այդ ուղղություններով պետք է բազմապատկենք մեր ջանքն ու աշխատանքը, որպեսզի Արցախը կարողանա կենտրոնանալ սահմանագիծը պահելու իր ամենօրյա առաքելության իրականացման վրա։

– Դուք ասում եք, որ Արցախում Ադրբեջանից հնչող հայտարարությունները վերլուծվում են շատ ավելի խորքային առումով, և այնտեղ, ըստ էության, պատրաստվում են պատերազմին։ Այսինքն՝ կա՞ խզում այս հարցում Հայաստանի և Արցախի մոտեցումների միջև։

– Չէի ասի, թե խզում կա Հայաստանի ու Արցախի մոտեցումների միջև։ Պարզապես, եթե մենք կարող ենք մեզ Հայաստանում շռայլություն թույլ տալ և Ալիևի հայտարարությունները ներքաղաքական քննարկումների նյութ դարձնել, Արցախում նման հնարավորություն չկա, նրանք ամեն օր, ամեն պահի ապրում են հակառակորդին դեմ հանդիման և իրենց մաշկի վրա են զգում Ադրբեջանի ղեկավարության տրամադրության ցանկացած փոփոխությունն ու դրանից բխող վտանգները։ Ինչպես նշեցի, մենք՝ հայաստանյան գործիչներս, Հայաստանի ղեկավարությունը պետք է կարողանանք թիկունքային ապահովվածություն ստեղծել Արցախի համար, որպեսզի հայրենիքը պաշտպանելու նրանց ամենօրյա ջանքը ամրապնդվի համապատասխան դիվանագիտական աշխատանքով ու հայանպաստ մթնոլորտով։ Արցախի մեր քույրներն ու եղբայրները ամեն օր, ամեն պահի կրակի վտանգի տակ պաշտպանում են հայրենի հողում ապրելու իրենց անօտարելի իրավունքը։ Մեր բոլորի պարտքն ու առաքելությունն է անել առավելագույնը՝ այդ իրավունքը նաև միջազգային հանրության կողմից ամրագրելու ու անշրջելի դարձնելու համար։ Լայն իմաստով, ես դա նկատի ունեմ՝ ասելով, որ պետք է բազմապատկվի դիվանագիտական ջանքն ու աշխատանքը։

– Նշում եք դիվանագիտական նոր ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին։ Բայց բանակցային գործընթացը՝ որպես այդպիսին, կարծես կանգնած է՝ պայմանավորված նաև կորոնավիրուսի համավարակով։ Այս պայմաններում ի՞նչ քայլեր կարող է կատարել հայկական կողմը դիվանագիտական ճակատում, որ չի անում։ 

– Խնդիրը միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը չէ, որն, անշուշտ, կարևոր է ու առաջնային։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք աշխարհում նոր դաշնակիցներ ու գործընկերներ որոնելու ու գտնելու հարցում։ Թավշյա հեղափոխությունից անցել է ավելի քան երկու տարի, բայց, ցավոք, ինչպես ես բազմիցս նշել եմ, մեզ դեռևս չի հաջողվել կապիտալիզացնել ու առարկայացնել հեղափոխությունը արտաքին քաղաքականության ասպարեզում։ Իսկ դա հնարավորություն կտար աշխարհում, առնվազն քաղաքակիրթ աշխարհում նոր դաշնակիցներ ու գործընկերներ գտնել, քանի որ մեր հեղափոխության հիմքում ամբողջությամբ ընկած էին մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, անվերապահ հավատարմությունը ժողովրդավարությանը։ Իսկ դա նշանակում է, որ թավշյա հեղափոխությամբ մենք, ըստ էության, լրջագույն այցեքարտ ենք ստացել՝ ինտեգրվելու առնվազն ժողովրդավարական երկրների մեծ ընտանիքն, նրանց շարքերում գտնելու այնպիսի դաշնակիցներ ու գործընկերներ, որոնց համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը կփոխկապակցվի իրենց անվտանգության համակարգերին, և դրանց դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն կհամարվի ոտնձգություն նաև միջազգայինն անվտանգության համակարգի դեմ։ Ես դա միանգամայն իրատեսական են համարում, բայց այդ արդյունքին հասնելու համար մեզ անհրաժեշտ է անդուլ դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով ու բոլոր ճակատներում։

Այդ աշխատանքը, ինչպես նշեցի, պետք է զուգակցենք զինված ուժերի՝ սպառազինություններով ապահովման ու մարտունակության բարձրացման մշտական գործընթացի հետ, որպեսզի մեր դիրքերն ամուր ու անխախտ լինեն ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։

«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930