Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Համընդհանուր լոքդաունի ծրագիր մշակում ենք, պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ այդ քայլին»

Հունիս 29,2020 20:50

Այսօր պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով համատարած լոքդաուն՝ համատարած սահմանափակումներ կիրառելու մասին հարցին, ասաց, որ գիտակցված լոքդաունին գնալով մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն դնի որոշակի սահմանափակումների մեջ:

«Անարդյունավետ կարանտինն  ավելի մեծ խնդիրների է բերում,  քան ընդհանրապես ոչ մի բան չանելը: Մենք սկզբից էլ ասել ենք՝ կարանտին՝ առանց կարանտինի: Մենք դա տեսանք եվրոպական բազմաթիվ երկրներում, երբ  պաշտոնապես լոքդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահպանվում են այդ կանոնները, եւ որեւէ նման գործողության գնալուց առաջ, մենք պետք է համոզված լինենք, որ գոնե 100 տոկոսով կամ դրան մոտ արդյունավետությամբ կանոնները պահպանում են»,-ասաց վարչապետը: Նա նշեց՝ եթե լոքդաունը պահպանվի կենտրոնական փողոցներում, իսկ բակերում ոչ՝ արդյունք չի լինի,եւ կառավարությունն ի վիճակի չէ ամեն շենքի մոտ ոստիկան կանգնեցնեն:

Փաշինյանն ասաց՝  որեւէ քաղաքացի հակահամաճարակային կանոնները պահպանում է ոչ հանուն կառավարության, այլ ինքն՝ իր, իր ընտանիքի եւ տարեցների համար:

«Համատարած լոքդաունի մտադիր ենք գնալ ծայրահեղ դեպքում, եւ միայն այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ 100 տոկոսով մենք ունենք մեխանիզմները, պատկերացնում ենք, թե մինչեւ ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու։ Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, լոքդաունը կարող է բերել ավելի շատ խնդիրների։ Այսօր մենք համընդհանուր լոքդաունի ծրագիր մշակում ենք, եւ պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ այդ քայլին։ Բայց մենք գիտենք, որ կա ավելի հեշտ ու արդյունավետ  լուծում՝ դա մեզնից յուրաքանչյուրի հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Եվ մենք կոչ ենք անում գնալ այսպիսի լոքդաունի, յուրաքանչյուրս մեր մեջ լոքդաունը անենք, որպեսզի ստիպված չլինենք դա անել՝ որպես վարչական եւ ուժային գործողություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել