Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի է Հայաստանը նշում է Անհայտ կորածի օրը, բայց չունի օրենք «Անհայտ կորածի մասին». ՀՔԱՎ

Հունիս 29,2020 21:21

2000 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 10 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին: Փոփոխությամբ հիշատակի օրերին ավելացավ ևս մեկը՝ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը, որը նշվում է հունիսի 29-ին:

20 տարի է՝ հիշատակի օրն օրենքով ամրագրված է, բայց օրենք «Անհայտ կորածի մասին» ՀՀ-ը դեռևս չի ընդունել:

Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. ՀՀ-ից անհայտ կորած է համարվում 437 մարդ, որից 224 զինծառայող, 213 խաղաղ բնակիչ: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը գերազանցում է 4500-ը, որից շուրջ 400-ը գրանցված են Հայաստանում:

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի բացակայությունն ու ընդունման անհրաժեշտությունն ավելի կարևորվեց 2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո, երբ առաջացել էր բազմաթիվ հարցեր կապված զինծառայողների գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին տեղեկություններ չունենալու անորոշ իրավիճակի հետ: Նման իրավիճակների կրկնվելու հավանականությունն այսօր էլ ստիպում է  դարձյալ օրակարգ վերադարձնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

2007 թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյտի՝ 2007 թ․-ի մարտի 7-ի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Հարավային Կովկաս նրա այցի արդյունքում:

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորություններ է ստանձնել, որոնց թվում նաև՝ ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործումը: Հենց այս նպատակով էլ 2010-2011 թթ-ին ստեղծվեց աշխատանքային խումբը, որը մշակել էր «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում, ի թիվս   ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի, ներգրավված էին նաև ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչները:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930