Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Թորոսյանի հայտարարության մասին. «Առողջապահության համակարգի մեր գործընկերներին մենք պետք է ճիշտ հասկանանք»

Հունիս 29,2020 20:30

«Այս պահին մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները եւ սա կառավարության միակ պաշտոնական կոչն է։ Առողջապահության համակարգի մեր գործընկերներին մենք պետք է ճիշտ  հասկանանք, որովհետեւ նրանք ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածությամբ»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք առողջապահության նախարարի կոչն ու կառավարության՝ ռեստորան-սրճարանների աշխատելու թույլտվությունը չեն հակասում իրար:

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով քաղաքացիներին հորդորել էր սահմանափակել ոչ կենսական շփումները, այցերը, միջոցառումները.«Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն եւ միայնակ սնվեք»:

Այս հայտարարությունից հետո ռեստորանների  հայկական միությունը հայտարարություն էր տարածել, նշելով՝ առողջապահության նախարարի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է ոլորտի ներկայացուցիչներին:

Նիկոլ Փաշինյանը շարունակելով պատասխանել հարցին, ասաց՝  համաճարակային իրավիճակի համար շատ  են մեղադրում առողջապահական համակարգին.«Բայց ես ուզում եմ, որ այսօր համաճարակի տարածման դեմ պայքարում առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է կամ պետք է պայքարի: Առողջապահության նախարարությունը, առողջապահական համակարգը  պայքարում է համաճարակի տարածման հետեւանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում,որոնք բուժօգնության կարիք ունեն: Եվ որքան շատ են  հիվանդներն, այնքան ավելի ծանրանում է առողջապահական համակարգի գործը, մանավանդ, որ հիվանդանոցային տեղերը մի քանի անգամ ավելի շատ ծավալվել են»:

Վարչապետը կրկնեց՝ կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները եւ չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կանոններին. «Հակահամաճարակային կանոնները ռեստորաններում ե՛ւ հնարավոր է պահպանել, ե՛ հնարավոր է չպահպանել։ Առօրյա կյանքում՝  նույնպես: Հարեւանի հետ կարելի է խոսել դիմակով մեկուկես մետր հեռավորությունից, եւ կարելի է խոսել առանց դիմակի ու 20սմ հեռավորության վրա:

Մեր կոչն է հակահամաճարակային կանոնները պահպանելն է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930