Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է «գործում» կորոնավիրուսը. պատմում է բժիշկը

Հունիս 29,2020 20:02

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման  հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցն այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում կորոնավիրուսի համաճարակի մասին որոշ տվյալներ ներկայացրեց:

Նա պատմեց,  թե ինչպես է «գործում» այս վիրուսը՝ այն ներթափանցում է հիմնականում շնչուղիներով, եւ հենց շնչուղիներն են, որոնք հանդիսանում են վիրուսի համար հիմնական թիրախ.«Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին, եւ որոշ դեպքերում նաեւ կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն՝ կարող է զարգանալ թոքաբորբ։

Այն անձանց մոտ, որոնց մոտ հիվանդությունը դրսեւորվում է, ախտանիշներ են ունենում, 40 % դեպքերում վարակն ընթանում է թեթեւ, 40 % դեպքերում՝ թոքաբորբով, ընդ որում, այս պահին հայտնի մեր գիտելիքներով՝դա վիրուսային թոքաբորբ է, ինչը բարդացնում է այս վարակի բուժումը։

Մնացած 20 %-ից 15%-ը ծանր թոքաբորբերն են, 5 %-ը՝ ծայրահեղ ծանր ընթացքն է, ինչպիսին է սեպսիսը, սուր շնչառական անբավարարությունը: Ցավոք, այս վարակն ունի եւս մեկ  կարեւոր առանձնահատկություն՝ խանգարվում է զանազան օրգաններին արյան մատակարարումը, զարգանում են թրոմբներ բավականին մեծ դեպքերում, ինչը շատ շարք օրգանների, ոչ միայն թոքերի, կարող են լինել երիկամները, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը, ուղղակի խանգարվում է դրանց արյան մատակարարումը, այսինքն՝ զարգանում են ինսուլտներ»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հիմնական թիրախին՝ թոքերին, բժիշկն ասաց, որ այս օրգանի շնորհիվ է, որ մեր օրգանիզմը հագենում է թթվածնով եւ այն մատակարարվում է գրեթե բոլոր բջիջներին. «Պարզ է, որ առանց թթվածնի մենք գոյություն չունենք: Իսկ ծանր թոքաբորբը, որը 15% դեպքերում է զարգանում, բնորոշվում է նրանով, որ տեղի է ունենում թթվածնային քաղց։ Եվ այդ հիվանդներին ուղղակի խիստ անհրաժեշտ է թթվածին։

Ուղերձս հետեւյալն է՝ խնդրում եմ, խստագույնս հետեւել, վստահել ձեր բժիշկներին, այսօր բուժառուների մի մասը բուժվում է առաջնային օղակներում, մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին։ Մենք պետք է գիտակցենք բոլորս, որ սա վարակային հիվանդություն է, ուստի այս հիվանդությունը ոչ թե մեր անձնական, անհատական առողջության հարց է, այլ հանրային առողջության հարց է։ Եթե  որեւէ առանձին անձ մտահոգված չէ իր սեփական առողջությամբ, ապա պետք է մտահոգված լինի հանրային առողջության հարցերով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930