Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ռազմական ոստիկանության պարետային ծառայության նոր պետը

Հունիս 29,2020 19:50

Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է Ռազմական ոստիկանությունում մի շարք հաստիքներ թափուր են՝ սկսած Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Նախկին պետ Արթուր Բաղդասարյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնում նշանակում դեռ չի եղել: Վերջերս էլ ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նշանակվել է պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ։ Գառնիկ Հայրապետյանի նշանակման լուրը, սակայն պաշտոնապես չհանրայնացվեց:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան, հաստատեց պարոն Հայրապետյանի նշանակումը՝ նշելով, որ նա այդ պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ: Հարցին՝ ինչո՞ւ այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել, Շուշան Ստեփանյանը պատասխանեց՝ հանրայնացվում են բարձրագույն սպայական պաշտոնների նշանակումները, իսկ անձնակազմի ավագ սպայական կազմի նշանակման շարժերը չեն հրապարակվում. «Օրական հավասարազոր պաշտոնների մի քանի նշանակումներ են լինում»,-ասաց տիկին Ստեփանյանը:

Ո՞վ է Ռազմական ոստիկանության պարետային ծառայության նոր պետը, որը 2018 թվականից երկու տարի է կադրերի ռեզերվում էր: Գառնիկ Հայրապետյանը մինչ այս պաշտոնին անցնելը 2011-2018 թվականներին եղել է «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալը, նույն թվականներին պարոն Հայրապետյանը զբաղեցրել է նաեւ ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի պաշտոնը: 2003 թվականից ՀՀ Քիք-բոքսինգի Ազգային ֆեդերացիայի նախագահն է: Ըստ որոշ տեղեկությունների, նա, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտերիմներից է:

Համացանցում տեսանյութ կա, որտեղ պարոն Հայրապետյանը «Էլեկտրիկ Երեւանի» ցույցին է՝ պարոն Գասպարյանի կողքին, թեեւ, ըստ ոստիկանության մեր աղբյուրի, ի պաշտոնե ցույցի վայրում եւ ոստիկանապետի կողքին, չպետք է գտնվեր:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հայրապետյանը հերքեց, սակայն, որ Վլադիմիր Գասպարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, ասաց՝ հարաբերությունները միայն աշխատանքային են եղել, քանի որ Վլադիմիր Գասպարյանն այդ ժամանակ հանդիսացել է իր ղեկավարը: «Ոչ մի բարձրաստիճան ղեկավարի հետ բարեկամական կապեր չունեմ»,-ասաց պարոն Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերին ներկա լինելուն, Գառնիկ Հայրապետյանն ասաց, որ միայն այդ օրն է ներկա եղել, քանի որ ծառայության մեջ է եղել եւ այդ օրը բոլոր պետերն էլ այնտեղ են եղել. «Չնայած այդ գործողությունների հետ կապված որեւէ հանձնարարական չեմ ստացել, որովհետեւ իմ ծառայությունն իրականացնում էի սպորտի բնագավառում: Ո՛չ ես, ո՛չ իմ անձնակազմն այդ օրը որեւէ ծառայություն չենք կատարել: Այլ օրերի չեմ եղել այդ ցույցերին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930