Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մեր քաղաքացիները պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում»

Հունիս 29,2020 19:03

Ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի, եւ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելուց, հակահամաճարակային վարքագիծ դրսեւորելու անհրաժեշտության, մեր քաղաքացիները պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շաբաթ եւ կիրակի օրերին սոցցանցերում մենք տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքներ, զանգվածային ուխտագնացության տեսարաններ, տեսնում ենք, որ ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպություններ արել են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, բայց դրանք չեն օգտագործվում: Այս ամենը չեմ ասում, որպեսզի որեւէ մեկին մեղադրեմ, ես հարկ եմ համարում, պարզապես ընդգծել, որ հիմա մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս, առանց բացառության, բոլորս որտեղ, ինչքան եւ ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոններին: Եվ ես կարծում եմ՝ քանի որ այս երեւույթը այսպիսի մասշտաբներ է ստացել, մենք բոլորս, ինձանից սկսած՝ որեւէ այլ քաղաքացուց վերջացրած, կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեսթարթի ենթարկել:

Հակառակ դեպքում մենք չենք կարողանա այս իրավիճակը հաղթահարել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշեց՝ առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց գործունեության ոլորտում պահպանեն կանոնները, կլինեն դրանք քաղաքացիների սպասարկման կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունքների կամ պետահամարանիշեր թողարկող եւ տրամադրող մասնաճյուղեր, առողջապահական կազմակերպություններ, սոցիալական աջակցության կենտրոններ, քննական կենտրոններ, զորահավաքակայաններ, բոլոր պետական մարմիններն ու ստորաբաժանումների ղեկավարները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն իրենց կազմակերպության տարածքում հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Ընդ որում, այդ կազմակերպությունները, ինչպես ասաց վարչապետը, պետք է ստանձնեն պատասխանատվություն ոչ միայն իրենց տարածքում, նաեւ հարակից տարածքում հերթերում ապահովեն հակահամաճարակային կանոնները:

Վարչապետն ասաց, որ լուսանկար է հրապարակել, որտեղ բանկի մոտ մարդիկ գծանշման վրա չեն կանգնած, չեն օգտագործվում դրանք: ԿԲ-ն, Հայփոստը, վարչապետի ներկայացմամբ, պետք է հոգ տանեն, որպեսզի կանոնները պահպանվեն. «Ոստիկանությունը պետք է իր շարքերում կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, եւ ոստիկանները ոչ մի դեպքով անտարբեր չպետք է անցնեն: Այս ամենը կարեւոր է ցույց տալու համար մեր հավաքական հավատը, որ մենք կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Ի վերջո, այս ճգնաժամի հաղթահարումը կախված է ե մեր հավաքական կամքից ու ջանքերից»:

Վարչապետը ներկայացրեց երկրում համաճարակային իրավիճակը, նշելով՝ կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որեւէ տեղ կանոնները չպահպանելու հետեւանքով որեւէ մեկին դատապարտում է մահվան, եւ պետք է գիտակցել՝ կանոնները չպահպանելով, եթե անգամ մենք ինքներս վարակվենք ու կարող է չընկնենք հիվանդանոց, բայց մեկ ուրիշ ենք դատապարտում մահվան:

«Այսօրվա հիվանդացության ծավալները թույլ են տալիս ասել, որ մենք բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել եւ մենք ռեսթարթի, կարգապահության ներդրման կարիք ունենք: Այսօր հիվանդացության ծավալներն այնպիսին են, որ բոլորս՝ բոլորիս պետք է վերաբերենք որպես վարակակրի, եւ յուրաքանչյուրս դիմացինին, առանց բացառության, պետք է վերաբերվենք որպես վարակակրի: Սրանից բխող վարքագիծն է,որ հնարավորություն կտա հաղթահարել իրավիճակը»,-ասաց վարչապետը:

Նա ներկայացրեց մի վերլուծություն, որը համաճարակի հաղթահարման տարբեր սցենարների մասին էր. «Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է, որի արդյունքում տնտեսական դժվարությունները կհաղթահարենք: Հաջորդ սցենարը (մեզ շատ են հարցնում՝ ինչու համատարած լոքդաունի՝ սահմանափակման չենք գնում), եթե մենք լոքդաուն անենք եւ այն պատշաճ ձեւով չպահպանվի, մեր տնտեսության համար կունենանք երկարաժամկետ եւ աղետալի հետեւանք: Նույնիսկ լոքդաունի արդյունավետությունը հնարավոր է իրականացնել այն պարագայում, եթե մեզանից յուրաքանչյուրը պահպանում է կանոնները: Այդ դեպքում նոր լոքդաունի անհրաժեշտություն չի լինի: Իմ խնդրանքն է, իմ կոչն է՝ մեր անհատական վարքագծով իրար օգնենք, որպեսզի հաղթահարենք համաճարակը»:

Այս պահին, ինչպես վարչապետը ներկայացրեց, երկրի հիվանդանոցներում ծայրահեղ ծանր 123 հիվանդ կա, ծանր՝ 529 մարդ, 1739- ի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի այս քաղաքացիների վիճակը կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր.« Այս վիճակագրության հեղինակները մենք բոլորս ենք, եւ մենք կարող ենք այն փոխել:

Ես հավատում եմ, որ կարող ենք դա անել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930