Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունը չի ցանկանում հրաժարվել այդ շինծու մեղադրանքից. հավանաբար հույսը դրել են, որ մի օր Սերժ Սարգսյանը, երևի, կվերադառնա իշխանության». Անդրիաս Ղուկասյան

Հունիս 29,2020 17:50

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 29-ին դատարանը շարունակեց ապացույցների հետազոտություն: Հերթական դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեց գործում որպես ապացույց առկա՝ «Սիվիլնեթ»-ի կողմից 2016-ի հուլիսի 29-ին ուղիղ եթեր հեռարձակած տեսագրությունը, որտեղ ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ երևում է, որ քաղաքացիները խաղաղ ցույց էին իրականացնում Սարի թաղում, իսկ ոստիկանության ներքին ուժերն առանց օրենքով սահմանված կանոնները պահպանելու կիրառեցին հատուկ միջոցներ, որի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ստացան վնասվածքներ:

Անդրիաս Ղուկասյանն այս առիթով ասաց. «Ինչպես «Ա1+»-ի տեսագրությունը, որն անցյալ դատական նիստին էր հետազոտվում, այդ տեսագրության մեջ ևս տեսախցիկների առջև երևում են այն անձինք, որոնք քաղաքացիական հագուստով կարծես ցուցարարներին էին միացել և կարծես ցուցարար էին, բայց իրականում փորձում էին բախում սադրել: Դա իրենց չհաջողվեց, և նրանք պարզապես բացահայտեցին իրենց՝ ֆեյք ցուցարար լինելը և միացան ոստիկանությանը ու ոստիկանության հետ հարձակվեցին ցուցարարների վրա: Այդ մարդիկ ևս առկա են այդ տեսախցիկների առջև, որն այսօր ուսումնասիրվեց դատարանում»:

Մեր հիշեցմանը՝ նախորդ դատական նիստին Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց՝ տեսագրություններն ապացուցում են, որ արարքը, որում իրեն մեղադրում են, տեղի չի ունեցել և հարցին՝ այս նիստից հետո՞ էլ է այդ պնդումն ուժի մեջ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Այս տեսանյութը ևս հաստատում է նախորդ դատական նիստին տեսագրությունների հետազոտության ժամանակ առաջացած պնդումը, և այն լրացնում է «Ա1+»-ի կատարած տեսագրությունը նրանով, որ այլ ռակուրսներից են նկարահանված որոշ կարևոր դրվագներ և այն, ինչ «Ա1+»-ի տեսախցիկը չէր ֆիքսել, ֆիքսել է «Սիվիլնեթինը»: Այսինքն՝ աստիճանաբար ամրապնդվում է այն փաստը այդ ապացույցներով, որ զանգվածային անկարգություններ իրականում Սարի թաղում տեղի չեն ունեցել, այլ ոստիկանությունն ուժ է գործադրել խաղաղ ցույցը ցրելու համար: Ընդ որում, այդ ուժի գործադրումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման՝ օրենքով սահմանված կարգով, բարձրախոսի միջոցով և այլն, և, իհարկե, կիրառվեցին հատուկ միջոցների այն տեսակները, որոնք թույլատրելի չէին նման դեպքում և նման վայրում կիրառելու համար: Կիրառվեցին այնպիսի հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են զինյալներին չեզոքացնելու նպատակով և նմանատիպ հատուկ միջոցներ իրականացնելու համար, բայց ոչ թե ցուցարարների դեմ կիրառելու համար նախատեսվող տեսակները: Եվ, իհարկե, սա գլխավոր պատճառն է, թե ինչու այդքան շատ տուժածներ եղան այդ օրը»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 10:15-ին: Կուսումնասիրվեն «Ազատություն» ռ/կ-ի կողմից կատարված տեսագրությունները:

Անդրիաս Ղուկասյանը հավաստիացրեց՝ ամեն դատական նիստին ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, որոնք վերաբերում են անձամբ իրեն և իր՝ այդ օրվա վարքագծին: Այս առիթով նա մանրամասնեց. «Այդ տեսագրությունները զննելու ժամանակ քննիչները, կարծես թե, իրենց աչքերին սև ակնոց են դրած եղել և չեն նկատել, որ այդ տեսագրություններում երևում է, թե ես որտեղ եմ եղել, ինչ եմ արել, և այն, ինչ քննիչները փորձեցին ինձ վերագրել, և′ այդ սուտ ցուցմունք տվող  ոստիկանության գործակալները, և′ ոստիկանները, որոնք վերագրեցին ինձ, իրականում, այդ տեսագրություններով հերքվում են, և յուրաքանչյուր տեսագրության հետազոտությունն ավելացնում է այն դրվագները, որոնք հերքում են իմ դեմ սուտ ցուցմունք տված գործակալների և ոստիկանների ցուցմունքները: Դա վերաբերվում է և′ Ազատության հրապարակում իրադարձություններին, և′ Սարի թաղում իրադարձություններին»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի, եթե այս փուլն ի սկզբանե անցնեին, կարիք չէր լինի այսքան երկար՝ երեք տարվա դատաքննություն ունենալ, քանի որ իր անմեղությունը հաստատող փաստերը երբևէ շատ հեռու չեն եղել, եղել են առաջին օրվանից ձեռքի տակ: Բայց ըստ նրա՝ իր պարագայում խնդիր է եղել չտեսնել ճչացող ապացույցները: Նա հիմնավորեց. «Ոստիկանության, քննչական կոմիտեի և հետագայում ՀՔԾ  քննիչների մոտ խնդիր է եղել չտեսնել այն ճչացող ապացուցները, որոնք հերքում էին մեղադրանքը: Առ այսօր ցավալի է, բայց դատախազությունը փորձում է առաջ քաշել այդ մեղադրանքը՝ չի ցանկանում հրաժարվել այդ  մեղադրանքից, հավանաբար հույսը դրել են, որ մի օր Սերժ Սարգսյանը, երևի, կվերադառնա իշխանության, և իրենք մինչև այդ, օգտակար կլինեն իրեն: Փաստ է, որ այդ շինծու, ակնհայտ կեղծ ապացույցների վրա հիմնված մեղադրանքից դատախազությունն առ այսօր չի հրաժարվել և շարունակում է դատարանում այս գործընթացը»:

Հարցին` մինչդեռ հեղափոխությունից հետո հույսեր ունե՞ին, որ այլ ընթացք կստանա գործը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Իհարկե, ամենաողջամիտ ակնկալիքը, որ պետք է հեղափոխությունից հետո ես ունենայի, այն էր, որ այդ սուտ ցուցմունք տված անձինք կներկայանան դատարան և կխոստովանեն, որ սուտ ցուցմունք են տվել: Դրանով իսկ կօգտվեն օրենքով իրենց համար նախատեսված խրախուսող նորմից, որն ազատում է անձին քրեական պատասխանատվությունից սուտ ցուցմունքի համար, եթե նա խոստովանում է դրա մասին մինչև դատական գործընթացի ավարտ: Տեսանք, որ այս երեք տարվա ընթացքում ոստիկանության այդ գործակալները և ոստիկանության աշխատակիցները, որոնք ակնհայտ սուտ ցուցմունք էին տվել, շարունակում են իրենց  ցուցմունքը պնդել, այսինքն՝ առ այսօր չեն խոստովանել, որ այդ ցուցմունքները սուտ են: Այսինքն՝ այդ ատյաններում կան ինչ-որ մարդիկ, որոնք երաշխավորում են, որ անհետևանք են մնալու այս ապօրինի գործողությունները: Սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի արարք է, ինչը վկայում է, որ խնդիրներ կան ուժային կառույցներում հեղափոխության իմաստով, այսինքն՝ չեն հեղափոխվել, շարունակում են Սերժ Սարգսյանի ժամանակ հարուցված շինծու քրեական գործերն առաջ տանել և այդ դիրքերն ու կարգերը, մթնոլորտը, որ առաջ կար, հավանաբար պահպանվում են: Հակառակ դեպքում, ես առաջին մարդը կլինեի Հայաստանում, որն իր վրա կզգար այդ փոփոխությունները, քանի որ գործում ներգրավված՝ ցուցմունք տվող անձանց վարքից կերևար, որ ոստիկանությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Առ այսօր ես նման արձանագրում անել չեմ կարող: Ինձ համար պարզ է, որ ոստիկանությունը շարունակում է կատարել նախկին ուժերի պատվերները, նույնը դատախազությունն ու վարույթն իրականացնող մյուս մարմինները՝ ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն, քանի որ այս երեք տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը, որ մասնակցել է այս շինծու գործը կազմելու գործընթացին, չվերանայեց իր կատարած քայլերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930