Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ». արաբական մամուլը լայնորեն անդրադարձել է Արմեն Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցին

Հունիս 29,2020 16:16

Արաբական ամենահեղինակավոր՝ 1875թ. հիմնադրված և օրական 1 մլն տպաքանակով լույս տեսնող «Ալ Ահրամ» (Եգիպտոս) օրաթերթում հունիսի 25-ին հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը լայն արձագանք է գտել արաբական աշխարհի այլ հայտնի լրատվամիջոցներում: Դրանցից ոմանք ոչ միայն անդրադարձել են հարցազրույցին, այլև՝ իրենք էլ վերատպել են այն, ևս մեկ անգամ բարձրաձայնելով Հայաստանի նախագահի խոսքը. «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա»:

«Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրված հարցազրույցը մասնավորապես արտատպվել է քրդական հեղինակավոր ANF (Firat News Agency) լրատվական գործակալությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ արտատպել է սիրիական հեղինակավոր «Ալազմենահ» պարբերականը:

Հիշեցնենք, որ հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես խոսել էր Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունը ճանաչելու կարևորության և ցեղասպանության դասերի մասին:

«Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների,-հարցազրույցում մասնավորապես ասել էր նախագահ Սարգսյանը: -Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանն՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով»:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930