Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հաղորդում խայտառակ հանցագործության մասին. ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ղեկավարվելով դպրոցների մասին կառավարության որոշմամբ»

Հունիս 29,2020 16:31

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:

Բուհերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բացառում է ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարելու հնարավորությունը, դրա փոխարեն պետք է նշանակվի ռեկտորի նոր պաշտոնակատար, որը, ըստ գործող օրենքի, պետք է լինի դոկտոր-պրոֆեսոր:

Պրոռեկտորը, որը հայտնի դարձավ տրամադրածս 2 մաքրագույն արձակուրդի համար ծիծաղելի քրեական գործ նախապատրաստելով, դոկտոր-պրոֆեսոր չէ, սակայն միակ «գերհավատարիմ» մարդն է, ում նշանակմամբ Դ. Գալոյանի պարտադրված ձևական հրաժարականից հետո ԿԳՄՍ-ի հովանավորողները կպահեն իրենց ազդեցությունը բուհի վրա և կշարունակեն հուսալ, որ ապօրինի մրցույթով կարողանալու են անցկացնել իրենց միակ հովանավորյալ թեկնածուին:

Իսկ քանի որ բուհերի օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, ԿԳՄՍ նախարարը «գտել է հանճարեղ լուծում» և պարզապես ղեկավարվել է դպրոցների մասին կառավարության որոշմամբ: Այդպես լավ չէր. մսուր-մանկապարտեզների մասին որոշմամբ «ղեկավարվեիք»…

Մեծարգո՛ պարոն վարչապետ, իշխանական թիմի հարգելի՛ գործընկերներ, դիմում եմ ձեզ.

մինչև ե՞րբ եք պատրաստվում աչք փակել կրթության պատասխանատուների այս խայտառակ ամենաթողության վրա: Այսպե՞ս էինք պատկերացնում Հայաստանը հեղափոխությունից հետո:

Ինքս վաղուց «թքած ունեմ» որևէ պաշտոնի վրա, հենց այդ պատճառով եմ դեռևս մեկ տարի առաջ սեփական նախաձեռնությամբ հանել դոկտոր-պրոֆեսոր լինելու անհեթեթ պահանջը, որպեսզի ռեկտոր ընտրվի ամենաարժանի թեկնածուն: Սակայն, այս մարդիկ ոչ միայն վերադարձրել են այդ պահանջը, որպեսզի իրենց հովանավորյալը ընտրվելու խնդիր չունենա, այլև հիմա զբաղված են չլսված, երգիծական ապօրինություններով:

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին. այս հերթական ապօրինությունը պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներ, որովհետև սա ակնհայտ դիտավորությամբ կատարված գործողություն է, որը վնաս է պատճառում անձանց և պետության օրինական շահերին: «Ռեկտորի պարտականությունները կատարելիս» տվյալ անձի բոլոր որոշումները լինելու են առոչինչ:

Հ.Գ. Իհարկե, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, այս բացահայտումիցս հետո ստիպված փորձելու են փոխել ապօրինի հրամանը և այլ անձի նշանակել, սակայն դրանից դիտավորության և հանցագործության փաստը չի փոխվելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930